Նոյեմբերի 24, 2024

Հարգանքի տուրք Ազատամարտիկների պուրակում

By Մարգարիտա Ղուշունց Սեպտեմբերի 27, 2022
 
Այստեղ միշտ է մարդաշատ, այսօր՝ ավելի։ Իրենց հարգանքի տուրքն ու խոնարհումը հայտնելու էին եկել ոչ միայն զոհվածների հարազատներն ու ընկերները, պարզապես սրտացավ ու գիտակից այլ հարյուրավոր մարդիկ։ Խաչատուր Աբովյանի անվան համար 1 դպրոցի աշակերտներին այստեղ է բերել ուսուցչուհին՝ Մարթա Միրզոյանը։ Ասում է՝ երեխաներն այս տարիքից պետք է սովորեն հարգել իրենց կյանքը հայրենիքի համար զոհած քաջորդիներին։ 
 
«Ամեն օր մեր երեխաներին այդպես ենք կրթում․․․» 
 
Առաջին դասարանցիները ուսուցչի հետևից հերթով գնում, ծաղիկներ են խոնարհում, նայում հերոսների հայացքներին։ Ծանոթ դեմքեր շատ կան՝ ասում է փոքրիկ Արամը։ Եկել է այստեղ,որովհետև ասելիք ունի։ 
 
«Օզմ սաղ աշխարհին ասիմ, վեր էլ կռեվ չանին, կռեվը փիս պենա, օզումչմ զինվորնեն մեռնին,խաղաղությունմ օզում»։
 
 Սուրենը՝ շարունակում է ընկերոջը, վստահ է՝ հայրենիքը պետք է պաշտպանել։ Ուզում է շուտ մեծանալ․ 
 
«Մծանամ հանցու ծառայիմ ու հաղթիմ թորքերին»։ 
 
Լռության րոպեն հերոս նահատակների լուռ հայացքների ներքո առավել ծանր էր։ 1404 հերոսի նկար կա այստեղ, սա վաղուց սրբատեղի է ։ Բայց րոպեի վերջին վայրկյանները խախտեց մանկասալյակում նստած փոքրիկը։ Մայրիկն ասում է՝ այսօր շատ անհանգիստ է , շտապում՝ լռեցնել բալիկին ։ Դժվար ժամանակներ են հիմա բոլորի համար, աշխարհաքաղաքական իրավիճակը անհասկանալիորեն լարված ու պայթյունավտանգ է՝ ասում է Արցախյան երրորդ պատերազմում զոհվածների և անհայտ կորածներների հարազատների միության նախագահ Արմեն Ասրյանը և միասնականության կոչ անում ․
 
 
« Մենք պետք է ջանք ու եռանդ չխնայենք ունեցած  ներուժը օգտագործենք, պետության ուժեղացման, ներքին հարցերի լուծման, պաշտպանողականության բարձրացման։ Պետք է ունենանք գաղափարախոսություն, մի կողմ դնենք մեր քաղաքական տարաձայնությունները, պիտի լինենք այսպես ասած Արցախի կուսակություն։ Պետք է համախմբված լինենք»։ 
 
 Միակ փրկությունը պետականաշեն գործունեությունը կլինի՝ ասում է Արմեն Ասրյանը։ Ազատմարտիկների պուրակից կառավարական պատվիրակությունն ու մարդկանց հոծ բազմությունը միացավ  օրվա խորհրդով կազմակերպված խաչերթին դեպի Ստեփանակերտի հուշահամալիր։
 
Artsakh Public Radio
Last modified on Երեքշաբթի, 27 Սեպտեմբերի 2022 18:56
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ