«Ի հեճուկս բոլոր գործոնների՝ մենք վճռական ենք մեր անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը պաշտպանելու գործում»:
Մենք պետք է վճռական տրամադրված լինենք, բայց միայն «տրամադրվածությունը» բավարար չէ երկրի անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար, հստակ գործողություններ պետք է արվեն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը մեկնաբանում է քաղաքագետ Հրանտ Միքայելյանն ու նշում ամհրաժեշտ գործողությունների հաջորդականությունը։
«Առաջնագիծը պետք է կահավորվի, պետք է պատշաճ գործողություններ իրականացվեն պետական մարմինների կողմից։ Նույն, օրինակ դիմումը միջազգային տարբեր կառույցներին ևս ճիշտ քայլ էր, բայց ավելի ճիշտ քայլ կլիներ եթե նախապատրաստական լուրջ աշխատանք կատարվեր։ Այսինքն՝ մենք հիմա պետք է գործենք՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը կարող է մեկ ամսից նորից հարձակվել, բայց մենք պետք է պատրաստ լինենք, այլ ոչ թե ամեն անգամ որպես նորություն ընդունենք ։ Այս դեպքում Ադրբեջանը ավելի քիչ գործողությունների հնարավորություն կունենա»։
Հայաստանի սուվերեն տարածքի վրա ադրբեջանական սադրանքները միջազգային հանրության կողմից դատապարտվել են, եղել են հասցեական գնահատականներ ու ելման դիրքեր վերադառնալու կոչեր։ Ի՞նչ արժեք ունեն Ալիևի համար այդ կոչերը։ Դրանք կարո՞ղ են իրական զսպիչ դերակատարություն ունենալ հաղթանակով կուրացած Ալիևի համար։ Առայժմ մենք միայն տեսնում ենք, որ հակառակ արևմուտքի ճնշումներին, սահմանին ադրբեջանական սադրանքները շարունակվում են։ Ու կշարունակվեն՝ կարծում է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։
«Ալիևը շարունակելու է ռազմական սադրանքներ, գործողություններ, լոկալ բախումներ հրահրել, որպեսզի ինքը Հայաստանից կարողանա պոկել առավելագույնը։ Այս գործողությունների համար կանաչ լույս է վառել Թուրքիան։ Այսօր Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ ողջ Եվրոպայի և աշխարհի հայացքը ուղղված է դեպի Թուրքիա, և նրանք ամեն ինչ կանեն, որ ադրբեջանական գազը հասցնեն Եվրոպա․ Ալիևը Թուրքիայի դեմքով փորձում է կաշառել Եվրոպային, որպեսզի նրանք նույնպես աչք փակեն այստեղ կատարվող ամեն ինչի վրա։ Ես կարծում եմ, որ տարբեր ճակատում աշխատող Բաքուն ջանք ու եռանդ չի խնայի այս հատվածում հաջողությունների հասնելու համար»։
Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև Հայաստանի` Ադրբեջանի օկուպացիայից տուժած տարածքներում և հարակից շրջաններում միջազգային դիտորդական առաքելության տեղակայման անհրաժեշտության մասին։ Որքանո՞վ է իրատեսական միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանում և ի՞նչ դրական և բացասական կողմեր կարող է ունենալ այն։ Ռազմական փորձագետի կարծիքով՝ այդ ազդեցությունը տարբեր է՝ կախված ներգրավված երկրների շահերից ու տեղակայման ժամկետներից։ Օրինակ հնարավոր է միջազգային դիտորդական առաքելություններ գան՝ ոչ թե խաղաղություն հաստատելու, այլ տարածաշրջանում Ռուսաստանի տեղը զբաղեցնելու համար։
«Այսինքն այստեղ կան շահեր, որոնք ձեռնտու են միջազգային կազմակերպություններին ու երկրներին, բայց մեզ համար այն լի է վտանգներով։ Եթե մենք հրավիրում ենք միջազգային կառույցների, կազմակերպությունների կամ ռազմական ալյանսների, ապա մենք պետք է մշտապես հաշվի առնենք Թուրքիայի գործոնը․ Թուրքիան գրեթե ամեն տեղ ընդգրկված է և ներկայացվածություն ունի, որը կարող է խնդիրներ առաջացնել»։
Սահմանին միջազգային ներակայացվածություն կարելի է ապահովել ավելի անվտանգ միջոցներով նույնպես, համոզված է փորձագետը։
«Օրինակ դիվանագիտական հովանոցներ կոչվածները․ այսինքն՝ հյուպատոսություններ բացել հատկապես այն քաղաքներում, բնակավայրերում, որոնք վերջին շրջանում ենթարկվել են ռազմական ագրեսիայի՝ Վարդենիսում, Ջերմուկում, Գորիսում, Կապանում, և այլևս անհրաժեշտություն չի առաջանա որևէ միջազգային կառույցի այն ձևաչափով հրավիրել սահման»։
Այսօր հայտնի է դարձել Հնդկաստանի և Հայաստանի կառավարությունների միջև ռազմական առաջին պայմանագրի ստորագրման մասին, ըստ որի Հնդկաստանը Հայաստանին վաճառելու է հնդկական հրթիռներ, ռեակտիվ արկեր և զինամթերք։ Գործարքի գինը կազմում է 270 մլն դոլար: Սպառազինության տրամադրումը կսկսվի արդեն հաջորդ ամսվանից։ Միևնույն ժամանակ այսօր ՀՀ Կառավարության հերթական նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ զենք ձեռք բերելու համար 100 միլիոնավոր դոլլարներ են փոխանցվել այլ երկրներ, ներառյալ դաշնակից երկրներ, բայց այդ մատակարարումները մինչ օրս չեն իրականացվել։ Ինչու՞ է վարչապետը նիստին բարձրացրել նաև այս հարցը, որն էր նպատակը՝ Կարեն Հովհաննիսյանն է մանրամասնում։
«Տարաձայնությունները կամ այն խնդիրների պատճառները, որոնք առաջացել են ու զենք չի մատակարարվել պետք է լուծվեն, ասպես ասած, «կուլիսային» տարբերակներում, բայց նման բացահայտ հայտարարությունները խոսում են նրա մասին, որ հույս չկա, որ այդ զենք զինամթերքը կարող է մատակարարվել։ Կարծես թե օգտագործվում են վերջին ջանքերը, որպեսզի պարտադրենք կամ լավագույն դեպքում այլ վաճառողների ու մատակարարողների դիմենք»։
Քաղաքագետ Հրանտ Միքայելյանի խոսքով՝ Ադրբեջանի քաղաքականությունը միտված է Հայաստանի սուվերենությունը սահմանափակելուն։ Այսօրվա սադրանքները նպատակ ունեն վերահսկողություն հաստատել ռազմական նշանակության ճանապարհների վրա։ Ադրբեջանն օգտագործում է բոլոր լծակները նպատակներին հասնելու համար։ Փոթորկվող տարածաշրջանում Հայաստանն ու Ադրբեջանը պայքարի մեջ են՝ թե դիվանագիտական, թե ռազմական ճակատներում։ Որքա՞ն կտևի և ինչպե՞ս կհանգուցալուծվի այդ պայքարը՝ փորձագետները դժվարանում են կանխատեսել։