Կիրակնօրյա դպրոցների բացման գաղափարը վաղուց կար եկեղեցական առաջնորդների մտքում, բայց համապատասխան պայմանների բացակայության պատճառով ծրագիրը չէր հաջողվում իրականացնել։ Այսօր էլ այդ պայմանները բացակայում են: Բայց քանի որ սպասումը ոչինչ չի տալիս, եկեղեցու առաջնորդները որոշեցին սկսել գործել եղած պայմաններով՝ ասում է Սուրբ Աստվածամոր Հովանու մայր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Ասրյանը։ Կիրակնօրյա դպրոցներ սովորաբար սփյուռքում են բացում՝ ազգային դիմագիծը պահպանելու, հայոց լեզու և պատմություն սովորեցնելու համար, իսկ թե ինչու է այստեղ՝ Ստեփանակերտում նման անհրաժեշտություն առաջացել, պարզաբանում է տեր Ներսես քահանա Ասրյանը։
«Հայաստանյան թեմերում մենք չունենք ազգապահպանության խնդիր, այդ իսկ պատճառով կենտրոնանալու ենք երեխաների հոգևոր կրթության վրա»։
Այսօր հայոց եկեղեցին նշում է Թադեոս ու Բարդուղիմեոս առաքյալների, ինչպես նաև հայ եկեղեցու պատմության ուսուցիչների օրհնության տոնը։ Արցախի հոգևոր մշակութային ժառանգության պահպանության գրասենյակի տնօրեն հայր Գարեգին վարդապետ Հարությունյանը հաճելի զուգադիպություն է համարում հենց այսօրը Արցախում կիրակնօրյա դպրոցի բացումը:
«Նման դպրոցների հիմնումը Արցախում և Հայաստանում, իրոք, ուրախանալու առիթ է մեզ համար, որովհետև այնտեղ երեխաները սովորում են քրիստոնեական արժեքները և հաղորդ են դառնում մեր ազգային ավանդույթներին»։
Կիրակնօրյա դպրոցում կարող են սովորել 8-ից 12 տարեկան երեխաներ: Տարածքային խնդրի պատճառով մասնակից երեխաների թիվը սահմանափակել են մինչև 60 երեխա: Բայց Ներսես քահանա Ասրյանը հույս ունի, որ ժամանակի ընթացքում սահմանափակումները կկրճատվեն։ Կիրակնօրյա դպրոցը գործելու է շաբաթ օրերին։
«Երեխաները որևէ պարտավորվածություն չեն ունենա։ Եթե ցանկանան հետագայում եկեղեցում ծառայել, շատ ավելի լավ, բայց մեր հիմնական նպատակը ազգային եկեղեցական ավանդույթներով ու գիտելիքներով մեր սերնդին զինելն է»։
Եկեղեցու բակում հավաքված երեխաներից շատերն անգամ չգիտեին՝ ինչու են եկել, բայց ծնողները համոզված են՝ ճիշտ որոշում են կայացրել։ Տաթև Ամիրջանյանն իր 2 երեխաներին՝ Խաչատուրին ու Զեփյուռին, գրանցել է կիրակնօրյա դպրոցում։
«Մեր երեխաները Տողի արվեստի դպրոց էին հաճախում, երգել ու նկարել սովորում, բայց հիմա, քանի որ այդ ուղղությամբ չեն աշխատում, կարծում եմ, գոնե այսպես կլրացնենք բացը»։
Այսօր նման մի միջոցառում էլ տեղի է ունեցել Մարտակերտ քաղաքում։ Ներսես քահանա Ասրյանի խոսքով՝ Արցախի թեմը մտադիր է կիրակնօրյա դպրոցներ բացել նաև համայնքներում։