Նոյեմբերի 24, 2024

Արցախում ևս գործարկվեց միասնական էլեկտրոնային համակարգ

By Մարգարիտա Ղուշունց Հոկտեմբերի 25, 2022
Մեկ միասնական էլեկտրոնային կայքի ներդրմամբ այսուհետ հնարավորություն է ստեղծվում նվազեցնելու ոչ պատշաճ ծանուցման դեպքերի թիվը և դրանից բխող իրավական հետևանքները: www.azdararnkr.am կայքի ստեղծման հիմքում ընկած է 2020 թվականի ապրիլի 30-ին Ազգային ժողովի կողմից ընդունված «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Արցախի Հանրապետության օրենքը: Կայքը միաժամանակ մի քանի գործառույթ է իրականացնում՝ ասում է Արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Գայանե Մաքսիմովան:  Կայքի գործարկումն անհրաժեշտություն էր՝ ասում է: 
 
«Անհրաժեշտություն էր, քանի որ մինչ այդ, նախ, այս ոլորտում չկար միասնական իրավական կարգավորում, և անհրաժեշտ էր բարելավել պաշտոնական փաստաթղթերի առաքման և պաշտոնական տեղեկատվության տարածման մեխանիզմը: Կայքի ստեղծումն ու գործարկումը կնպաստեն նաև ծանուցումների ընթացակարգերի պարզեցմանը, դատական ծախսերի իջեցմանը, ընթացակարգերի արագացմանը: Անձին իր բնակության վայրում չգտնելն այլևս խնդիր չի առաջացնի, քանի որ անձն առցանց կարող է ծանուցված լինել իրեն վերաբերող գործընթացների մասին»: 
 
Կայքի «Գլխավոր» և «Մեր մասին» բաժիններում յուրաքանչյուրը կարող է ծանոթանալ կայքի գործունեությանը, դիմելու ձևին և հետևել վերջին թարմացումների մասին տեղեկատվությանը, իսկ «Հայտարարություններ» բաժնում ծանոթանալ ըստ հայտատուների և ըստ տիպերի պաշտոնական ծանուցումներին: Հայտատուների հարմարության համար մշակվել է դիմումի էլեկտրոնային ձև՝ մանրամասնում է Արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կենտրոնական մարմնի առաջատար մասնագետ Լուսինե Համզոյանը: Քայլ առ քայլ ցույց տալիս կայքից օգտվելու ձևը:
 
 «Հրապարակային ծանուցումը հրապարակող անձը, բացելով «Ինչպես դիմել» բաժինը, բեռնում է կայքից, լրացնում համապատասխան դաշտերը, այնուհետև էլեկտրոնային կրիչով և տպած տարբերակով ներկայացնում գործակալություն: Հայտարարության տեքստային մասը պետք է մուտքագրված լինի հայերենով,  Unicode տառաշարով: Հայտարարությունը գործակալություն պետք է ներկայացնի հրապարակային ծանուցումը հրապարակող անձը կամ նրա լիազորված անձը: Բեռնելով էլեկտրոնային ձևաչափը՝ համապատասխան դաշտերում լրացվում են հայտարարությունը հրապարակող անձի տվյալները՝ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը և անձնագրային տվյալները, ՀԾՀ, հաշվառման հասցեն, էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարը, իսկ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի և իրավաբանական անձի դեպքում՝ լրիվ անվանումը: Նշվում են նաև հայտարարություն տալու լիազորություն ունեցող անձի տվյալները՝ անունը, ազգանունը, իսկ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի և իրավաբանական անձի դեպքում՝ նաև զբաղեցրած պաշտոնը, անձնագրային տվյալները, ինչպես նաև կցվում է լիազորագիրը»: 
 
Գործակալությունում ստուգվում է ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը սահմանված ձևաչափին, որից հետո հայտարարություն հրապարակող անձը ստորագրում է հայտարարության տպած տարբերակի յուրաքանչյուր էջի վրա: Այնուհետև էլեկտրոնային կրիչի մեջ գտնվող հայտարարությունը մուտք է արվում էլեկտրոնային համակարգ, որից հետո հայտարարություն հրապարակող անձին տրվում է նույնականացման համար: Լրացնելով էլեկտրոնային ձևաչափի համապատասխան դաշտերը՝ հայտարարություն հրապարակող անձը նշում է հայտարարության անվանումը՝ վերնագիրը,  և հայտարարության իրավական հիմքը, այսինքն՝ այն օրենքը կամ նորմատիվ իրավական այլ ակտը, որով սահմանված է տվյալ հայտարարությունը ներկայացնելու պահանջը: Լուսինե Համզոյանի խոսքով՝ յուրաքանչյուր հայտարարություն ունենում է արդիականության ժամկետ, որը սահմանում է հրապարակող անձը, այսինքն՝ այն ժամանակահատվածը, որի ընթացքում հայտարարությունն ակտիվ կլինի կայքում: Հայտարարությունը, ինչպես նաև հայտարարությանը կից ներկայացվող բոլոր տեքստային նյութերը ներկայացվում են «doc», «docx» ձևաչափի ֆայլերով: Պետք է պահպանել պահանջվող բոլոր կանոնները, որպեսզի հայտարարությունը կամ տեղեկատվությունը ամբողջությամբ տեղադրվի կայքում՝ ասում է Լուսինե Համզոյանը: 
 
«Եթե հայտարարության տեքստային մասը գերազանցում է 1000 սիմվոլը, ապա այս դաշտում լրացվում է հայտարարության համառոտ բովանդակությունը, իսկ հայտարարության ամբողջական տեքստը ներկայացվում է կից նյութի տեսքով, որոնք կարող են ներկայացվել xls, xlsx, pdf, jpg, png, gif ձևաչափի ֆայլերով, իսկ այլ տեսակի ձևաչափերով նյութեր ներկայացնելու անհրաժեշտության դեպքում նյութերը ներկայացվում են արխիվացված տեսքով՝ zip ձևաչափով»: 
 
Հայտարարությունը կայքում ենթակա է հրապարակման այն ստանալու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում: Արցախի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հրապարակվող հայտարարությունը հրապարակվում է կայքում անմիջապես այն ստանալու պահից: Օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով հայտարարության հրապարակման համար ժամկետ սահմանված լինելու դեպքում հայտարարությունը պետք է ներկայացվի գործակալություն սահմանված ժամկետից առնվազն 2 օր առաջ: Հայտարարության բովանդակության համար պատասխանատու է հայտարարություն հրապարակող անձը: Հայտարարությունը ենթակա չէ հրապարակման, եթե օրենքով արգելված է նման բովանդակությամբ հայտարարության հրապարակումը: Ինչպես յուրաքանչյուր կայքում, այստեղ նույնպես ներդրված է որոնողական համակարգ՝ ասում է կայքի պատասխանատուն, յուրաքանչյուր ոք ցանկացած օր և ցանկացած ժամ կարող է կայքում գտնել իրեն հետաքրքրող հայտարարությունը՝ ասում է: Azdararnkr.am կայքում առաջին պաշտոնական հայտարարությունը տեղադրվել է 2022թ. սեպտեմբերի 8-ին: Առ այսօր տեղադրված է արդեն 34 պաշտոնական տեղեկատվություն:
 
 
Artsakh Public Radio
Last modified on Երեքշաբթի, 25 Հոկտեմբերի 2022 14:04
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ