Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգի աշխատողի օրվան ընդառաջ՝ այսօր գերատեսչության նախաձեռնությամբ կազմակերպվել է սեմինար-քննարկում: Միջոցառմանը հրավիրված էին հանրապետության տարբեր ոլորտներում գործող իրավաբանները: Արդարադատության նախարար Սրբուհի Արզումանյանն իր ելույթում ներկայացրել է սեմինար-քննարկման ձևաչափի նպատակն ու հետագա անելիքները:
«Փորձել ենք նախաձեռնել միջոցառումների շարք: Մեկնարկը տրված է, և պարբերականություն հաղորդելու ենք: Հուսով եմ և համոզված, որ Դուք դրան աջակից եք լինելու: Հանդիպումը բավական մեծ թիմի հետ է՝ մոտավորապես 3 տասնյակ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Առաջին հանդիպմանը մենք ընդհանրական հարցերի անդրադարձ կունենանք և հետագայում, պարբերականություն հաղորդելով հանդիպումներին, կաշխատենք այս քննարկումներն ավելի թեմատիկ դարձնել: Մեր նպատակը հետադարձ կապի ապահովումն է: Ընդհանուր առմամբ՝ աշխատանքը գոհացուցիչ է, բայց ինչպես նշել եմ՝ այս ոչ հասարակ պայմաններում անհրաժեշտ են լինելու ոչ ստանդարտ լուծումներ գտնել: Մեր օրենսդրական կարգավորումները լավ ժամանակների և ժողովրդավար ժամանակների իրավակարգավորումներ են: Հիմա անհրաժեշտ է լինելու, որ մեր օրենսդրական կարգավորումների վերլուծություն անենք՝ ամեն մեկդ Ձեր ոլորտին վերաբերող հատվածով» :
Սեմինար-քննարկմանը ելույթ է ունեցել նաև նախարարի տեղակալ Արսեն Սառաջյանը՝ ներկայացնելով հանդիպման համար նախատեսված հարցերի շրջանակը: Նա առանձնացրել է նաև որոշ խնդիրներ.
«Մենք առանձնացրել ենք հարցերի որոշակի շրջանակ, որոնց հետ կապված այսօր որոշակի տեղեկություններ կտրամադրենք: Սրանք հիմնականում այն ընդհանրական հարցերն են, որոնք ի հայտ են գալիս մեր ամենօրյա աշխատանքի արդյունքում: Առաջին խնդիրը, որ ես առանձնացրել եմ, իրավաստեղծ գործունեության առաջին փուլին է վերաբերում: Ինչպես գիտենք, իրավաստեղծ գործունեությունը կազմված է 2 փուլից՝ քաղաքականության մշակում և բուն իրավական ակտի մշակում: Երկրոդը՝ պետք է անդրադարձ կատարվի՝ ինչպիսի այլընտրանքներ կան և, արդյոք, միակ ճանապարհը նորմատիվ իրավական ակտի ընդունումն է: Երրորդ խնդիրը, որն առանձնացրել ենք՝ այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունն է, որ պետք է զբաղվի իրավաստեղծ գործունեությամբ»:
Շարունակելով Արսեն Սառաջյանի ելույթը՝ նախարարության աշխատակազմի օրենսդրական հարցերի վարչության պետ Եվգենյա Հակոբյանը ներկայացրել է մի շարք խնդիրներ, որոնք ի հայտ են եկել տարբեր մարմինների կողմից իրավական ակտերի նախագծերի փորձաքննության արդյունքում:
«Դրանք օրենսդրական տեխնիկայի կանոնների չպահպանելն է, նախաբաններում լիազորող նորմերի բացակայությունը կամ առանց լիազորող նորմերի՝ ակտերում փոփոխությունների և լրացումների նախատեսումը, վերնագրերի և բովանդակության անհամապատասխանությունը, որևէ տեղից փոխառված նախագծերի ոչ ճիշտ տեղայնացումը կամ տեղայնացումը՝ առանց պրակտիկ և իրավական խնդիրները հաշվի առնելով»:
Նախատեսվում են քննարկումներ՝ յուրաքանչյուր ոլորտի ներկայացուցչի կողմից օրենքների վերլուծության տեսքով: