Արտակի մասին հիացմունքով են խոսում բոլորը. ընկերասեր, խելացի, համեստ և աշխույժ Արտակին են հիշում։ Առաջինը մեզ հետ հուշերով Տաթևիկ Աղաջանյանն է կիսվում։
«Խնջույքների ժամանակ, չնայած ընդհանրապես ալկոհոլ չէր օգտագործում, բայց ամենաաշխույժն էր, ամենաբարձրն էր երգում։ Նա տրամադրություն ստեղծող էր, ամեն ինչի շարժիչ ուժը։ Բոլոր միջոցառումներից հետո Արտակը միշտ սելֆի էր անում, ու հիմա Արտակի սելֆիով են մոր բոլոր նկարները»։
Դաշնակցություն խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանի համար Արտակը ոչ միայն կուսակից է․ նրանք հորեղբոր տղաներ են, ծնվել ու մեծացել են Աշանում։ Պատգամավորը հպարտությամբ է խոսում եղբոր մասին ու համոզմունք հայտնում, որ Արտակի ընտրած ճանապարհը պետք է շարունակենք։
«Այն ճանապարհը, որ մենք որդեգրել ենք, շատ երկար ու դժվարին է լինելու։ Եվ սա մենք պետք է գիտակցենք ու ընդունենք։ Արտակի որդի Ռուբենը, մեր մյուս նահատակ զավակների որդիները մեր շարքերում են՝ իրենց ծնողներին փոխարինելու։ Այսպիսի միջոցառումներն ու նախաձեռնությունները մեր կուսակցության մեջ ընդունված են։ Սա դաստիարակության միջոց է։ Եվ յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր ճանապարհն այսպիսինն է»։
Արտակի մասին ժամերով կարելի է խոսել՝ ասում է նրա մանկության ընկերը՝ Արթուր Գաբրիելյանը, բայց րոպեներ անց լռում․ հուզմունքն է խանգարում։ Իրենց մանկական չարաճճիությունների, անմեղ արարքների ու հիշողությունների մասին Արթուրը պատմելու է մինչև կյանքի վերջ՝ հավաստիացնում է։
«Մեր ընկերության ընթացքում շատ տպավորիչ պահեր են եղել։ Արտակն այնպիսի անձնավորություն էր, ումից միշտ պետք է օրինակ վերցնել․ ցանկացած հարցում ընդառաջում էր, ցանկացած հարցում հասկանում։ Արտակը լավատես էր, ամեն ինչի մեջ առաջինը լավն էր տեսնում»։
Արտակը ծնվել էր՝ հայրենիքի համար հերոսանալու՝ ասում է մանկության ընկերը։ Արտակ Իշխանյանը, հավատարիմ իր երդմանը, ծառայել է հայրենիքին ու դաշնակցական գաղափարներին։ Որպես հայրենիքի նվիրյալ զավակ՝ Արտակ Իշխանյանի անունը հիշվելու է ընդմիշտ․ կենտրոնը, որտեղ պետք է նաև Արտակի օրինակը սերտեն երիտասարդները, այսուհետ հենց իր անունն է կրելու։