Նոյեմբերի 24, 2024

Ռուբեն Վարդանյանը նշանակվել է ԱՀ պետնախարարի պաշտոնում

By Ասպրամ Ավանեսյան Նոյեմբերի 04, 2022

Այս փոփոխությունները զուտ կադրային փոփոխություններ չեն՝ ասում է նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ներկայացնելով Ռուբեն Վարդանյանին։ Սա ոչ թե պաշտոն, այլ առաքելություն է, որ համաձայնվել է ստանձնել բարերարը։ Եթե հետպատերազմյան 2 տարին եղել է սոցիալական խնդիրների լուծման, լարվածության թուլացման տարիներ, ապա գալիք ամիսներն ու տարիները լինելու են շատ ավելի ճակատագրական։ Մենք պետք է միասին հաղթահարենք մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները, և այս հարցում մեծ է վստահությունը Ռուբեն Վարդանյանի   հանդեպ՝ համոզված է Արայիկ Հարությունյանը։

«Իմ սպասելիքները և, բարեբախտաբար, ժողովրդի սպասելիքները շատ մեծ են, պարո՛ն Վարդանյան, Ձեր անձի նկատմամբ։ Այստեղ բոլորս լավ ճանաչում ենք Ռուբեն Վարդանյանին, ժամանակին հպարտանում էինք, որ նման հայրենակից ունենք։ Ամենակարևորը նա է, որ Ռուբեն Վարդանյանը հավատում է Արցախի ապագային»։ 

Նախագահը բարձր է գնահատում Արտակ Բեգլարյանի ներդրումը պետական կառավարման համակարգում։ Ռազմական, սոցիալական, քաղաքական առումներով այս բարդ ժամանակահատվածում Արտակ Բեգլարյանը պատվով է կատարել իր ծառայությունը։

«Այդ ծանր ժամանակահատվածում շատ կարևոր է սոցիալական խնդիրների մարտահրավերների հաղթհարումը։ Մեզ հաջողվել է երկրում չունենալ սոցիալական լարվածություն։ Հակառակը՝ իրականացրել ենք այնպիսի ծրագրեր, որոնք անհնարին էին թվում կարճ ժամանակահատվածում։ Ստեղծվել են կառույցներ, դրանք կառավարվել են, համակարգվել են»։

Արտակ Բեգլարյանը ողջունում է ինչպես Ռուբեն Վարդանյանի Արցախ գալն, այնպես էլ պետնախարարի պաշտոնում նշանակվելը։ Նա պատրաստ է կանգնել  Ռուբեն Վարդանյանի կողքին՝ ցանկացած հարցում։ 

«Հիմա շատ մեծ մարտահրավերներ ու խնդիրներ ունենք։ Այս իրավիճակում ես շնորհակալ ու հպարտ եմ, որ Ռուբեն Վարդանյանն այդպիսի որոշում է կայացրել։ Լիահույս եմ, որ պարոն Վարդանյանի առաքելությունը հաջողությամբ կպսակվի։ Շատ ավելի մեծ մասշտաբի հաջողություններ պետք է արձանագրենք։ Շնորհակալ եմ և պատրաստ եմ շարունակել ծառայությունս»։

«Արցախում ապրողները հերոսներ են»․-ասում է Ռուբեն Վարդանյանը։ Նորանշանակ  պետնախարարի այս համոզմունքը երկու ամիսների շփումների արդյունք է։ Վարդանյանն իր ամբողջ ներուժով կանգնած է նախագահի և արցախցի ժողովրդի կողքին։

«Ես հասկացել եմ, որ եթե մենք բոլորս չընդունենք, որ հիմա հայրենական պատերազմ է, ճգնաժամ է, և մեր ամբողջ ուժերը չնվիրենք Արցախի անկախությանը, անվտանգությանը և զարգացմանը, ապա մենք մեր պարտք մեր ազգի առջև չենք կատարի՝ որպես ունևոր, փորձ ունեցող մարդիկ։ Երկու ամիս է այստեղ եմ գտնվում, հասցրել եմ շփվել շատ մարդկանց հետ։ Դու՛ք հերոսներ եք»։ 

Եթե մենք ինչ-որ բանի հասնենք, հասնելու ենք որպես թիմ, մարդիկ, ովքեր վստահում ու հավատում են իրար և իրենց ճանապարհին։ Շատ աշխատանքներ կան անելու և՛ ներսում, և՛ դրսում՝ ասում է պետնախարար Ռուբեն Վարդանյանն ու հույս   հայտնում, որ արցախցիներն իր կողքին են լինելու։

«Անկեղծ կլինեմ․ ես ինչ որ հրաշքի չեմ սպասում։ Մեզ շատ ծանր ճանապարհ է սպասվում։ Մենք ունենք 900-ից ոչ ավել օր և այն պետք է արդյունավետ օգտագործենք․ լուծենք մեր սուբյեկտայնության, անվտանգության, զարգացման հարցերը։ Ես վստահ եմ, որ մենք հաղթահարելու ենք բոլոր դժվարությունները։ Վստահեմ՝ Արցախը ցույց է տալու աշխարհին, թե ինչ է նշանակում լինել արցախցի։ Արցախցին ապացուցելու է, որ իրեն ոչ ոք չի կարողանալու կոտրել»։

 Առաջիկայում ձևավորվելու է նոր կառավարություն։  Ռուբեն Վարդանյանը բազմաթիվ կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր ունի, որոնք խոստացավ ներկայացնել առաջիկայում։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ