Նոյեմբերի 24, 2024

Քահանայական ձեռնադրություն Արցախի թեմում

By Սրբուհի Վանյան Նոյեմբերի 14, 2022

Երեկ Ստեփանակերտի  Ս. Աստվածածնի հովանու  Մայր տաճարի կիրակնօրյա պատարագը տարբերվում էր․ առաջին անգամ Արցախի թեմում Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ կատարվեց քահանայական ձեռնադրություն: ⠀ Սուրբ պատարագին զուգահեռ Վրթանես Սրբազանը քահանայության է կոչել բարեշնորհ Գոռ սարկավագ Գյուրջյանին` մեռոնով օծելով նրան, շնորհելով հոգևոր նոր անուն: Գոռ սարկավագն այլևս իր ծառայությունը Հայ առաքելական սուրբ եկեղեցում շարունակելու է որպես Վաչագան քահանա Գյուրջյան՝ ի պատիվ Արցախի եկեղեցանվեր և ազգանվեր արքա Վաչագան Բարեպաշտի: ⠀ Իր խոսքում թեմակալ առաջնորդը շնորհավորեց և իր երախտագիտությունը  հայտնեց Հայոց Հայրապետին, ապա շնորհավորեց նորաօծ Տեր Հորը և հավատացյալներին․ 

«Փոփոխություն տեղի ունեցավ, հին մարդը գնաց, նորը եկավ։Աստծո աներեևույթ ներկայությամբ, ձեր վկայությամբ և մեր միջնորդությամբ ահա այս աստիճաններով հին մարդը՝ Գոռ սարկավագ Գյուրջյանը բարձրացավ, և այստեղ մեր հայրերի սրբազան կանոնների, աղոթքների ու շարականների ներքո Սուրբ հոգու շնորհները իջան նվիրյալի ամբողջ էության վրա։  Գոռ սարկավագի ձեռնադրության առիթով շնորհավորում եմ բոլորիս»։

Գոռ սարկավագի օծումը սպասված էր՝ ասում է Սրբազանը, Նա մանկուց սպասավորություն էր անում եկեղեցում, սովորել է Գևորգյան ճեմարանում և բարձր գնահատականներով ավարտելով  վերադարձել՝ իր ծառայությունը շարունակելու Արցախում։ Տեր Վաչագան քահանան իր զգացողություններով կիսվեց մեզ հետ։ 

«Քահանայության կարգին արժանանալը միանգամից և՛ մեծ ուրախություն է, և՛ մեծ պատասխանատվություն՝ կրելու Քրիստոսի լուծը և դառնալու Քրիստոսի ծառան ժողովրդի առաջ: Այսօր, ի տես ժողովրդի, մենք խոստում տվեցինք ծառայելու Քրիստոսին: Սրանից ավելի մեծ խորհուրդ գոյություն չունի: Մինչ այդ էլ որպես քրիստոնյա մեր կոչումն էր ծառայել Քրիստոսին, սակայն այսօր  պատասխանատվության չափը մեծացել է»:

 Հուզված էր նաև նորաօծ Վաչագան քահանայի մայրը՝ տիկին Ռուզաննան։ Գոռի ընտրությունը ընկալելի ու սպասելի էր ծնողների համար․ նրանք այդ հարցում որդու անվերապահ աջակիցներն են եղել։ Գոռը մեծացել է աստվածավախ, հավատացյալ ընտանիքում։ «Փոքրուց նվիրված է եղել Աստծուն, հոգևոր դաստիարակություն է ստացել, սպասավորություն է արել Մարտակերտի ս․ Կարապետ եկեղեցում, -պատմում է մայրը։-Կարգապահ, համեստ երեխա էր, երբևէ որևէ հարցով դպրոցում կամ ընտանիքում չի անհանգստացրել»։ 

«Միշտ երազել եմ, որ ամուսնացյալ հոգևորական դառնա, այսօր , փառք Աստծո, ինքն արժանացավ այդ ձեռնադրությանը, ես շատ հուզված եմ, չգիտեմ ինչ է կատարվում, որովհետև Գոռ սարկավագն արդեն Վաչագան քահանա է, Վաչագան բարեպաշտի անունն է կրում, և ես ցանկանում եմ, որ նա նմանվի աստվածահաճո արքային, և իր ամբողջ կյանքը նվիրաբերի իր ժողովրդին, Աստծուն։ Գոհ և շնորհակալ եմ Սրբազան հորից, որ բարձր գնահատեց նրա ծառայությունը և արժանացրեց ձեռնադրությանը»։

Վաչագան քահանան մինչև ձեռնադրվելը ծառայում էր ԱՀ Զինված ուժերում որպես գնդերեց։ Եվ գուցե պատահական չէ, որ նրա օծումը տեղի է ունեցել նոյեմբերի 13-ին, Զինված ուժերի հոգևոր առաջնորդության օրը։  

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ