Նոյեմբերի 24, 2024

Հայ առաքելական եկեղեցին նշում է բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնը

By Սրբուհի Վանյան Փետրվարի 04, 2023
Հայ առաքելական եկեղեցին նշում է բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնը photo credits: aparaj
Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և 14 զինվորների տոնը:  Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը  2007 թվականին հռչակվել է Երիտասարդների օրհնության օր:  Սուրբ Սարգիս զորավարը համարվում է երիտասարդ զույգերի և սիրահարների բարեխոսը։ Երիտասարդներն այս օրը դիմում են սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Մեզանում տոնը նշվում է ոչ միայն եկեղեցական ծեսով ու աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով:  Այսօր Ստեփանակերտի Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում կատարվել է երեկոյան ժամերգություն և երիտասարդների օրհնության կարգ, որից հետո եկեղեցու բակում տեղի է ունեցել տոնին նվիրված հոգևոր-մշակութային միջոցառում։ Նախաձեռնության հեղինակը ՀԱՍԵ Արցախի թեմն է՝ աջակցությամբ ԱՀ ԿԳՄՍ նախարարության։ Ժամանակները բարդ են, Արցախը ծանրագույն վիճակում է, և այս իրավիճակում միայն հավատը կարող է փրկել․ պետք է աղոթենք ու ապավինենք Աստծուն և սրբերի բարեխոսությանը։ Ժամերգության ընթացքում Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես Աբրահամյանի ձեռամբ կատարվել է օրհնության կարգ, որից հետո նա պատգամ է հղել երիտասարդներին։ 
 
«Կարծես թե քաղաքական, տնտեսական, բարոյահոգեբանական այնպիսի ճնշումներ են գործադրում արցախցիների վրա, մի այնպիսի պտտահողմ է բարձրացել աշխարհի շուրջ, որ մեզանից յուրաքանչյուրին կարող է կորստյան մատնել։ Այս իրավիճակում մեզ հույս ու հավատ պետք է ներշնչեն այնպիսի իրողություններ, սրբեր, ինչպիսին Ս․ Սարգիսն է եղել, նրա զինակիցներն ու որդի Մարտիրոսը։ Այս հոգևոր կապի միջոցով է, որ պետք է կարողանանաք հաղթահարել  դժվարությունները, որ ծառացած են մեր առջև»։ 
 
Ս. Սարգիսը հայ ժողովրդի ամենասիրված սրբերից է։  Ս․ Սարգսի պատգամը երիտասարդներին ոգեշնչող է ու արդիական բոլոր ժամանակներում՝ ասում է ԱՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը։ 
 
«Ս․ Սարգիսը եղել է զինվորական և երիտասարդների հովանավոր, դրա համար մեր երիտասարդներին հորդորում ենք, որ այսօրվա իրավիճակից ելնելով՝ լինենք միասնական։  Յուրաքանչյուրն իր գործունեության բնագավառում պետք է լինի զինվոր։ Առավելապես դա կարևոր է այս ծանր վիճակում։ Ս․ Սարգսի պատգամն այն է, որ երիտասարդությունն ամուր կառչի իր արմատներին և  հայրենիքի պաշտպանության համար կարողանա իր ներուժն օգտագործի»։ 
 
Ս. Սարգիս զորավարի հրաշագործություններին երիտասարդները հավատում են․ այցելում են եկեղեցի, աղոթում, նաև՝ ժողովրդական սովորույթներին հետևում։ Տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում և հավատում, որ իրենց փեսացուն կամ հարսնացուն կհայտնվեն երազում, ջուր կտան՝ իրենց ծարավը հագեցնելու։ Անաստասիան ու Մարգարիտան ավանդույթների մասին իրենց ունեցած գիտելիքներով են կիսվում։ 
 
 «Ս․ Սարգսի տոնի խորհրդանիշներից մեկն աղի բլիթն է, որ ուտում ենք օրվա նախօրեին, ու ինչպես ավանդույթն է ասում, երազում ջուր տվողը պետք է սիրեցյալը լինի։ Ինձ թվում է, մարդիկ ներշնչում են դա իրենց։» « Ջահելները աղի բլիթ են ուտում՝ տեսնելու համար, թե ով կլինի իրենց սիրելին։ Այդքանը գիտեմ ավանդույթից»։ 
 
Այդ օրվա հիշատակելի սովորություններից էր փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի անաղարտություն խորհրդանշող իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա տվյալ հավատացյալի երազանքը:  Այս տարի հավատացյալների երազանքը ընդհանուր է՝ Աստծո ողորմությամբ ապրել ու արարել հայրենի հողում։ Եվ ինչպես թեմակալ առաջնորդն է իր ուղերձում նշել․ «լցվենք սիրով, համբերությամբ, նեղություններին դիմագրավելու վճռականությամբ, և կտեսնենք, որ Աստված նորից պիտի օրհնի մեր միությունն ու կշնորհի մեզ խաղաղ և բարօր կյանք»։ 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ