Արցախի Հանրապետության Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է հրավիրել․ նախաձեռնությունը հանրապետության նախագահինն է․ նոյեմբերի 9-ին վերջինիս կողմից խորհրդարան է ուղարկվել պաշտոնական գրություն՝ արտահերթ նիստ գումարելու մասին՝ իրազեկել է ԱԺ խոսնակ Արթուր Թովմասյանը։ Օրակարգում «Ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և ««Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկման հարցն էր:
«Առաջարկվել է 2022 թվականի նոյեմբերի 15-ին գումարել ԱՀ ԱԺ արտահերթ նիստ: Օրակարգային հարցերը քննարկվել են խորհրդարանի գլխադասային հանձնաժողովում և ստացել դրական եզրակացություն»։
Նախագահի կողմից լիազորված՝ ԱՀ արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը, ներկայացնելով փոփոխությունների առաջարկները: Դրանք ընդունվելու դեպքում ԿԸՀ կայքից կհանվեն ընտրողների ռեգիստրը որոնման հնարավորությամբ տեղադրելու, իսկ ոստիկանության կայքից՝ ըստ ընտրական տեղամասերի ընտրողների ցուցակը տեղադրելու վերաբերյալ դրույթները: Բռնազավթված տարածքների համար ընտրողների ցուցակը կկազմվի ըստ վերջիններիս փաստացի բնակության վայրի։ Համապետական ընտրությունների դեպքում ՀՀ-ում գտնվող տեղահանված ընտրողների ցուցակները ըստ իրենց բնակության հասցեների են կազմվելու։ Ընտրական տեղամասերում քվեարկության ներկայանալու դեպքում տեղահանվածների՝ ՀՀ-ում կամ Արցախում փաստացի գտնվելու հասցեն նույնպես պիտի նշվի։ Մյուս առաջարկների համաձայն՝
«Ծանուցագրեր կուղարկվեն միայն այն համայնքներին, այդ թվում և ՀՀ ընտրողներին, որտեղ կլինեն մեկից ավելի տեղամասեր։ Քվեարկության օրը կազմվող ընտրողների ցուցակները լիազոր մարմին ներկայացնելու իրավունք կունենան բոլոր այն անձինք, ովքեր ունեն ընտրելու իրավունք, սակայն դուրս են մնացել ընտրողների ցուցակից։ Ընտրողներին գրանցելու համար որպես անձը հաստատող փաստաթուղթ կընդունվի նաև նույնականացման քարտը։Հանվում է համապետական ընտրությունների ժամանակ Տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների սկանավորման և դրանք տարածքային ընտրական հանձնաժողովներում փակցնելու վերաբերյալ դրույթը։ Հանվում է ԿԸՀ կողմից հանրաքվեի նախնական արդյունքները հանրային ռադիոյի ու հեռուստեսության ուղիղ եթերով հրապարակելու վերաբերյալ դրույթը»։
Կվերանայվեն ընտրողների թիվը, ինչպես նաև ցուցակները ներկայացնելու, տեղամասային ընտրական հանձնաժողով կազմավորելու նպատակով հայտեր ներկայացնելու, տեղամասային կենտրոններ սահմանելու, կազմավորելու ժամկետները՝ սահմանելով ավելի սեղմ ժամանակահատվածներ՝ ասել է նախարարը։ «Հանրաքվեի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է այն անցկացնել հանրաքվեն նշանակելուց ոչ շուտ քան 30, և ոչ ուշ քան 45 օր հետո։ Գործող օրենսդրությամբ 50 և 65 օր է։ Առաջարկվում է նաև հանրաքվեի դրվող նախագիծը հրապարակել ԱԺ, ԿԸՀ կայքերում, Առլեքսիս և Ազդարար կայքերում՝ հանրաքվեի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 30 օր առաջ։ Առաջարկվող փոփոխությունների տրամաբանությունն ընդհանուր առմամբ բխում է Արցախի՝ իրենց բնակավայրերից տեղահանվածների խնդրից։ Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ Ժիրայր Միրզոյանն ասել է, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները չեն վերաբերում ժամանակահատվածին, որի ընթացքում կատարվում է քվեարկություն։ Չի եղել դեպք, այսքան ժամանակ, որ չբավարարի Ժամանակահատվածը, դրա համար այդ հարցին չենք անդրադարձել՝ ասել է նախարարը՝ պատասխանելով Գեղամ Ստեփանյանի հարցին, թե գուցե կարիք լինի հանրաքվեն կազմակերպել ոչ թե մեկ, այլ երկու օր։
«Ինչ վերաբերում է սահմանափակումներին՝ ընտրողների ցուցակները փակցնելու կայքերից հանելու դրույթին, դա վերաբերում է բոլոր ընտրողներին՝ տեղահանված ու չտեղահանված։ Իհարկե, ժողովրդավարական արժեքների տեսանկյունից գուցե կա խնդիր, բայց մենք գնում ենք այս քայլին՝ նպատակ ունենալով ռիսկերից խուսափել»։
Սրանք քայլեր են, որոնք կնվազեցնեն հնարավոր ռիսկերը և հնարավորություն կընձեռեն ավելի անվտանգ կազմակերպելու հանրաքվեն։ Կառավարության առաջարկներն ընդունվեցին, Ազգային ժողովը միաձայն հավանություն տվեց օրինագծերին։