Ո՞վ է ուսանողը։ Մարդ, ով առավոտյան արթնանում է ընկերների զանգերից, որոնք այդ նույն պահին դասախոսին հավատացնում են, թե ուր որ է, նա տեղ կհասնի։ Մարդ, ով ողջ տարին դասախոսությունների վերնագրերին անգամ ծանոթ չէ, բայց քննությանը նախորդող գիշերը ջրի պես անգիր է անում նյութն ու դրական գնահատական ստանում։ Եվ վերջապես մարդ, ով վաղվա դասախոսն է, ուսուցիչը, շինականը, երկրի պաշտպանն ու ղեկավարը։ Ես Արցախի պետական համալսարանում էի, զրուցակիցներս՝ ուսանողներ։ Ինչպե՞ս է անցնում ձեր առօրյան հարցին ի պատասխան նրանք ուսումնական 9-ը ամիսը տեղավորում են մի քանի վայրկյաններում։
«Ես «ֆինանսներ» բաժնի երրորդ կուրսի ուսանողուհի եմ՝ Լարիսա Գրիգորյանը, ուսանողական կյանքս անցնում է շատ հետաքրքիր։ Տարբեր միջոցառումներ ենք կազմակերպում․ օրինակ՝ այս տարի հրավիրել ենք ավագ դպրոցում սովորող աշակերտներին, նրանց ներկայացրել ֆակուլտետի գործունեությունը, գործող կրթական ծրագրերը՝ ինչ ենք սովորում, ինչ մասնագիտական ունակություններ ենք ձեռքբերում և հետագայում ինչ ոլորտներում կարող ենք աշխատել։ Կազմակերպում ենք նաև գիտական ընթերցումներ, կլոր սեղան-քննարկումներ։ Փորձում ենք նաև զվարճալի դարձնել մեր առօրյան»։
«Զբոսաշրջություն չորրորդ կուրսի ուսանողուհի եմ՝ Տիրուհի Գասպարյանը, ուսանողական կյանքը անցնում է շատ հետաքրքիր, քանի որ մեծ ուշադրություն եմ դարձնում ներֆակուլտետային ու արտաֆակուլտետային միջոցառումներին և փորձում եմ ակտիվ ներգրավվածություն ունենալ դրանց, քանի որ ուսանողի կյանքին, այսպես ասած, հենց դա է համ ու հոտ տալիս»։
Եթե ինքդ հետաքրքիր ուսանող չես, ուսանողական առօրյադ էլ հետաքրքիր չի լինի՝ ընդգծում են Լարիսան ու Տիրուհին։ Նրանց է միանում նաև «Զբոսաշրջություն» բաժնի 4-րդ կուրսի ուսանող Նատալի Աբրահամյանը։
«Տիրուհին այսօր տնից դուրս էր գալիս, մեկ էլ․․․»
Նախադասությունը ուսանողներից շատերը յուրովի են շարունակում հատկապես ավագները։
«Ընդհանրապես կուրսում անհիմն բացակայության դեպքեր չեն լինում, որ հնարավոր չլինի «պահել», այսպես ասած։ Մեր դասախոսները շատ հասկացող են ու հենց նրանց աջակցությամբ էլ ստացվում է․ երբ նրանց դիմում ես, նրանք միշտ աջակցում են»։
Երեք զրուցակիցներիս ուսանողական օրերի մի մասը համավարակի ու պատերազմի հետ է անցել, ինչի հետևանքը ավելի ծանր է «Զբոսաշրջություն» սովորող ուսանողների համար․ նրանք բաժնի վերջին կուրսն են։
«Համաճարակն ու պատերազմական իրավիճակները առաջին հերթին վնասել են մեր մասնագիտությանը, մեր ոլորտին։ Սակայն Արցախում տուրիզմի դերը կարևոր է․ այն ավելի ճանաչելի է դարձնում մեր երկիրը։ Եթե ճիշտ մոտեցում ցուցաբերենք ու ճիշտ թիրախների, այսպես ասած, դիպչենք, հնարավոր է նորից վերականգնենք մեր ոլորտի երբեմնի դերը»։
Ուսանողական օրերը վերհիշել է բուհի ռեկտոր Արմեն Սարգսյանը․ իրենց սովորելու տարիներին դասախոսի հետ խոսելն արդեն մեծ ձեռքբերում էր, բայց այսօր ուսանող-դասախոս կապն առավել անմիջական է, բուհը՝ ուսանողակենտրոն՝ նշում է ռեկտորը։
«21-րդ դարի ուսանողը էապես տարբերվում է 20-րդ դարի ուսանողից․ տարբերվում է իր նախաձեռնություններով, բազմակողմանի զարգացվածությամբ։ Շատ դժվար է այսօրվա ուսանողին ուսուցանելը, որովհետև շատ հաճախ ուսանողը մի շարք հարցերում ավելի տեղեկացված է լինում, քան դասախոսը՝ թող չվիրավորվեն։ Ես և ոչ միայն ես, համոզված եմ՝ մեր դասախոսապրոֆեսորական անձնակազմը, ռեկտորատը, գիտխորհուրդը, խորհուրդը ոչ միայն ուրախ ենք, այլ հպարտ ենք, որ ունենք նման ուսանողներ»։
Ռեկտորի խոսքով՝ այսօր առանց ուսանողների օգնության ու անմիջական մասնակցության հնարավոր չէ կազմակերպել որևէ միջոցառում։
«Ահա թե ինչու Արցախի պետական համալսարանը վաղուց արդեն ընտրել է ուսանողակենտրոն քաղաքականությունը, և ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ ձեր գործունեության համար»։
ԱրՊՀ-ի մեծ դահլիճում ուսանողների համերաշխության օրվա առթիվ կազմակերպած միջոցառմանը 124 ուսանող տարբեր անվանակարգերում պարգևատրվել է պատվոգրերով, ստացել՝ գավաթներ ու գրքեր։ Ուսանողության շարքերից ֆիզիկապես բացակա էր 26 երիտասարդ։ Նրանք հավերժ ներկա են մատյաններում ու ընկերների հիշողություններում։