Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը, հայկական մշակույթի ոչնչացումը կատարվում են և շարունակելու են կատարվել, քանի դեռ Ադրբեջանը չի պատժվել իր հանցագործությունների համար: Վերլուծելով հայերի նկատմամբ Ադրբեջանի վարած քաղաքականությունը՝ ասում է Մեսրոպ Մաշտոց համալսարանի Կովկասագիտության 4-րդ կուրսի ուսանող Աբրահամ Դանիելյանը։ Նա իրականացրել է փաստահավաք աշխատանք սեպտեմբերի 13-ի պատերազմի վերաբերյալ: Օգտագործում է հենց պատերազմ եզրույթը։ Որովհետև, ասում է Աբրահամը, Ադրբեջանը ոչնչով չհրահրված ագրեսիա սկսեց Հայաստանի դեմ:
«Ցանկանում ենք հստակ նշել, որ սա ոչ թե ընդարում կամ բախում է, այլ անհերքելի հարձակում ՀՀ ինքնիշխան տարածքի և տարածքային ամբողջականության դեմ: Ադրբեջանի այս ագրեսիան քննարկվել է ՄԱԿ-ի ԱԽ-ում, որի անդամների մեծամասնությունը դատապարտել է Ադրբեջանի անօրինական ռազմական գործողությունները: Ագրեսիան դատապարտվել է նաև միջազգային հանրության կողմից»:
Աբրահամ Դանելյանը հստակ ու մանրակրկիտ ներկայացրել է սեպտեմբերի 13-14-ին իրականացված Ադրբեջանական ագրեսիայի պատճառները և հետևանքները: Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում կազմակերպված միջբուհական գիտաժողովում ներկայացված թեմաները տարբեր են, բայց բոլորը նվիրված են Արցախում ու Հայաստանում ադրբեջանական ագրեսիայի դրսևորումներին։ Գիտաժողովին մասնակցում էր 60 ուսանող՝ Մեսրոպ Մաշտոց և Արցախի պետական համալսարաններից: Հայտեր կային նաև Գ. Նարեկացի և Շուշիի տեխնոլոգիական համալսարաններից, սակայն այդպես էլ այդ համալսարանների ներկայացուցիչները գիտաժողովին չմասնակցեցին: Գիտաժողովը նախաձեռնել է ՄՄՀ Ուսանողական գիտական կենտրոնը՝ ասում է Կովկասագիտության կենտրոնի վարիչ Հովիկ Ավանեսովը:
«Թեմատիկան հիմնականում Ադրեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործություններն են: Ուսանողներին հանձնարարվել է չորսշաբաթյա փորձուսուցման շրջանակներում համապատասխան հետազոտություններ իրականացնել, որոնք հետագայում ՝ համապատասխան խմբագրում անցնելուց հետո, հրատարակվելու են: Թեմաներ կան նաև հարակից գիտությունների հետ կապված»:
Գիտաժողովը նվիրված է հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողների հիշատակին՝ ասում է համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը:
«Ճիշտ ենք համարել զոհվածների հիշատակին գիտաժողովը կազմակերպել հենց նոյեմբերին: Սրանով մենք ցույց ենք տալիս, որ մենք կանք, մենք այստեղ ենք, մենք Ձեզ հետ ենք: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի շարունակենք Ձեր կիսատ թողած գործը»:
Մինչ գիտաժողովի մեկնարկը ներկաները ծաղիկներ են խոնարհել զոհված զինծառայողների հիշատակին տեղադրված հուշատախտակի առջև։ Մեր պայքարի սկզբից ի վեր Արցախի բոլոր բուհերի ուսանողները կանգնած են եղել առաջնագծում՝ հայրենիք պաշտպանելու համար՝ ասում է ՄՄՀ պրոռեկտոր Ալիսա Բաղդասարյանը:
«Մեսրոպ Մաշտոց համալսարանը պատերազմներում 22 զոհ տվել: Այս գիտաժողովի նպատակը ոչ միայն մե՛ր ուսանողների հիշատակը վառ պահելն է, այլ նաև Արցախի բոլոր բուհերի զոհված ուսանողների: Մեր նահատակված տղաները մեզ հետ են, նրանց գործն անմահ է»:
Նման գիտաժողովներ Մեսրոպ Մաշտոց համալսարանն առաջին անգամ չէ կազմակերպում: Առաջիկայում նույնպես ծրագրված են կլոր սեղան-քննարկումներ և այլ հանդիպումներ: