Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հետ է կանչել «ԱՀ սահմանադրոթյան մեջ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն արդեն առաջին ու երկրորդ ընթերցմամբ հավանության էր արժանացել Ազգային ժողովի կողմից և ուղարկվել Գերագույն դատարան՝ փոփոխությունները սահմանադրական կամ հակասահմանադրական ճանաչելու եզրակացություն ստանալու նպատակով։ Դրան պիտի հետևեր Հանրաքվեն, որով ժողովուրդն իր վերջնական խոսքը պիտի ասեր այն ընդունելու կամ չընդունելու վերաբերյալ, երբ հայտնի դարձավ, որ Արայիկ Հարությունյանը դիմել է Ազգային ժողովի նախագահին՝ ԱՀ Սահմանադրության փոփոխության նախագիծը վերադարձնելու նպատակով։
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնել են, որ նման որոշման համար պատճառ են հանդիսացել Արցախի Հանրապետության սահմանադրական փոփոխության նախաձեռնության իրացման ընթացքում հնչած տարաբնույթ քաղաքական գնահատականները, ինչպես նաև նախագծի վերաբերյալ հանրության շրջանում առաջացած բացասական արձագանքները, ինչը կարող էր ներքին պառակտման ու լարվածության հերթական պատճառ դառնալ: Այն, որ Սահմանադրության նոր նախագծի վերաբերյալ կարծիքները միանշանակ չէին, փաստ է․ սոցցանցերում կային իրենց քաղաքացիական դիրքորոշումն ու կարծիքներն այդ փոփոխությունների հանդեպ արտահայտող ակտիվ քաղաքացիներ, կազմակերպություններ։ Կարծիքները ինչպես կողմ, այնպես էլ դեմ էին։ Բազմաթիվ քաղաքացիներ գտնում են, որ սահմանադրական փոփոխությունների կարիք կա, բայց ոչ այդ հոդվածներում ու ոչ այդ հիմնավորմամբ։ Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը մեկ անգամ չէ հայտնել իր դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ․
«Կոնկրետ այն փոփոխություններին, որոնք որ առաջարկվում էր Արայիկ Հարությունյանի կողմից, և ընդունեց ԱԺ-ն։ Իսկ առհասարակ, մենք կողմ ենք, որ սահմանդրական բարեփոխումներ կատարվեն, որպեսզի հնարավորություն լինի հերթական ընտրություններն անցկացնելու համար։ Աժ, հետո՝ նախագահական։ Այդ առումով Սահմանդրության հետ կապված խնդիր ունենք»։
Նրա կարծիքով, Սահմանդրությունը հետ է կանչվել ու հանվել շրջանառությունից հենց հանրային ճնշումների արդյունքում, և կարևոր է, որ ժողովուրդը նման կարևոր հարցերի վերաբերյալ ակտիվ դիրք զբաղեցնի՝ տեր կանգնելով իր իրավունքներին։
«Ընդդեմ զանգվածը կազմակերպված քաղաքական աշխատանք վարեց, որը հասավ իր նպատակին։Նույնիսկ կառավարության, նախագահական մարմիններում կային նման մարդիկ, և ինչպես տեսանք բաց լրատվական աղբյուրներում, տասնյակ հասարակական կազմակերպություններ էլ իրենց կարծիքը հայտնեցին»։
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել էր Սահմանադրության 162֊րդ հոդվածի փոփոխության նախագծի վերաբերյալ կարծիք՝ արտահայտելով մի շարք մտահոգություններ․
«Ներկայացված մտահոգությունները հիմք են տալիս պնդելու, որ նախաձեռնության իրացումը կարող է որոշակի վտանգներ ծնել ու բացասական ազդեցություն ունենալ մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների սահմանադրական երաշխավորման, իրավունքի գերակայության, իրավական, ժողովրդավարական և ժողովրդաիշխանական հռչակված Արցախի պետականության համար»։
Մեկնաբանելով իր որոշումը, նախագահ Արայիկ Հարությունյանը նշել էր, որ Սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունն իրենն էր ու պայմանավորված էր «ամեն-ինչ կենտրոնացված է մի մարդու ձեռքում» շահարկվող դրույթի չեզոքացմամբ: Սակայն հաշվի առնելով հանրության լայն շրջանակներում առկա տրամադրություններն ու կարևորելով ներքին համերաշխությունը՝ երկրի ղեկավարը որոշել է առայժմ ձեռնպահ մնալ Սահմանադրական փոփոխություններից: Քաղաքական մեկնաբան Վահրամ Աթանեսյանը այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել․ «Արցախի նախագահը շրջանառությունից հանել է սահմանադրական փոփոխությունների նախագիծը։ Շատ ճիշտ և պահանջված որոշում է։ Հիմնավորումը, թե նախագծի վերաբերյալ ,«հնչել են տարաբնույթ քաղաքական գնահատականներ և տարաբնույթ բացասական արձագանքներ, ինչը կարող էր ներքին պառակտման ու լարվածության հերթական առիթ դառնալ»՝ նոր հարց է առաջացնում․
«Իսկ սահմանադրական բարեփոխումների սառեցումը/փաստացի չեղարկումը չի՞ կարող «տարաբնույթ բացասական արձագանքներ» հարուցել և «ներքին պառակտման ու լարվածության հերթական առիթ հանդիսանալ»։ Եթե՝ ոչ, ստացվում է, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացը քաղաքական առումով պահանջված չէ՞ր, ընդամենը հող էր նախապատրաստում, որ պետական նախարարի պաշտոնում նոր մարդ նշանակվի՞ և կառավարությունում «իմ և քո» սկզբունքով փոխատեղումներ լինե՞ն»։
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն էլ մեկն է այն անձանցից, որ ողջունել է Արցախի նախագահի որոշումը իր ֆեյսբուքյան գրառմամբ։
«Մնում եմ այն կարծիքին, որ Արցախում ժամանակվրեպ է նման սահմանդրական փոփոխությունների գնալը։ Այն իրավիճակում, երբ հասարակության համախմբում է պետք,երբ հնարավոր է երկխոսություն Ստեփանակերտի ու Բաքվի միջև, և այն իրավիճակում, երբ Ադրբեջանը կարող է էսկալացիայի դիմել, ես ճիշտ չեմ համարում ներքաղաքական իրադարձությունների վրա ակցենտ կատարելը։ Ցանկացած ընտրություն հասարակությանը երկփեղկում է, քանի որ քաղաքական բևեռացում է առաջացնում»։
Մեկ օր անց Սուրենյանցն իր հիասթափությունն է արտահայտել Արցախի նախագահի որոշման վերաբերյալ․ հիասթափության պատճառը հիմնավորումներն են, որ ներկայցրել է նախագահը՝ Սահմանդրոթան նոր նախագիծը շրջանառությունից հանելու համար։
«Նախագահի պատճառաբանության մեջ ինձ դուր չի եկել այն դրվագը, որ նա այդ չեղարկումը պայմանվորում է այն հանգամանքով, որ Ռուբեն Վարդանյանի հետ համաձայնություն է ձեռք բերվել լայն լիազորություններով նրան պետնախարար նշանակելու համար։ Չի կարելի Սահմադրական փոփոխությունների գործընթացի կասեցումը կապել քաղաքական պայմանվորվածությունների հետ»։
Սուրենյանցն ընդունում է, որ Նախագահ Հարությունյանի խոսքի մեջ ռացիոնալ կետեր կան, այդ թվում և իր կողմից նշված՝ հանրության երկփեղկվածության ռիսկերի մասին, բայց գտնում է, որ Սահմանդրության օրինագծի հետ կանչման հիմնավորման մեջ «քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում գծագրված կոնֆիգուրացիան չպետք է նշվեր, որպեսզի տպավորություն չստեղծվեր որ այդ բարեփոխումները նախաձեռնվել են Ռուբեն Վարդանյանին նոր լիազորություններ տալու համար»։ Այսպես թե այնպես, Սահմանադրության նախագիծը հանվել է շրջանառությունից և հանրապետության նախագահը նախաձեռնելու է լրացուցիչ քաղաքական խորհրդակցություններ սահմանադրական փոփոխությունների հետագա ընթացքի շուրջ: