Ազգային ժողովում մեկնարկել են «ԱՀ 2023թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծի քննարկումները։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր կառավարության լիազոր ներկայացուցիչը՝ ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարար Նորայր Ավանեսյանն այն ներկայացրել է պատգամավորներին։ Նորայր Ավանեսյանն ընդգծել է, որ օրինագծի մշակման հիմքում ընկած են եղել ԱՀ նախագահի 2020-25 թվականների ծրագրի նպատակներն ու դրույթները և ԱՀ 2023-25 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի դրույթները։ Փոխնախարարն անդրադարձել է ընթացիկ տարում ձևավորված տնտեսական միջավայրին ու որոշ մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսումներն է ներկայացրել։
«2022 թվականի 9 ամսվա տվյալներով՝ գրանցվել է 18,2 տոկոս տնտեսական աճ՝ նախորդ տարվա 9 ամիսների համեմատ։ ՀՆԱ-ն կազմել է 199․6 մլրդ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 162,8 մլրդ դրամի դիմաց»։
Փոխնախարարի խոսքով՝ 9 ամսվա արդյունքերով աճ է արձանագրվել տնտեսության բոլոր ճյուղերում։ 10,4 տոկոսով՝ արդյունաբերության, 1,9 տոկոսով՝ առևտրի ու ծառայությունների, 0,9 տոկոս՝ գյուղոլորտի, 0,7 տոկոսը՝ շինարարության հաշիվներին։
«2022 թվականի մակրոտնտեսական ցուցանիշների զարգացումները թույլ են տալիս 2022 թվականի համար ակնկալել տնտեսական աճի ավելի բարձր տեմպ, քան ծրագրվել է 2022 թվականի պետբյուջեի նախագծում»։
Ըստ կանխատեսումների, 2022 թվականի ՀՆԱ-ն կկազմի 285,2 մլրդ դրամ՝ ապահովելով 10 տոկոս իրական աճ՝ 4% դեֆլյատորի պայմաններում։ 2023 թվականի համար կանխատեսումային համախառն ներքին արդյունքի ծավալը կկազմի 311.5 մլրդ դրամ, աճը՝ մոտ 5.0 տոկոս, կանխատեսվող 4.0 տոկոս դեֆլյատորի դեպքում։ Գնաճի ցուցանիշը կանխատեսվել է 4.5 տոկոսի սահմաններում։
«Կատարված մակրոտնտեսական կանխատեսումների համատեքստում 2023 թվականի մակրոտնտեսական ցուցանիշները ծրագրվել են հետևյալ չափերով․ սեփական եկամուտները ծրագրվել են 49 մլրդ. 800 դրամի չափով, որը 2022 թվականի համար պլանավորված եկամուտների նկատմամբ աճել է 4 մլրդ. 295 մլն. դրամով կամ 9,4 տոկոսով»։
2023թ. պետական բյուջեի սեփական եկամուտները ծրագրվել են 49 մլրդ 850 մլն դրամի չափով, բյուջետային վարկի չափը 2023 թվականին կկազմի 144.0 մլրդ դրամ, բյուջեի ծախսերը նախատեսվում են 215 մլրդ 171.4 մլն դրամի չափով, ՀՆԱ-ում ծախսերի մակարդակը կկազմի 69.1 տոկոս, արդյունքում դեֆիցիտը կկազմի` 21 մլրդ 321.4 մլն դրամ։ Դեֆիցիտը ֆինանսավորվելու է փոխառու միջոցների հաշվին։ Նորայր Ավանեսյանը ներկայացրել է 2023թ. բյուջեի նախագծով նախատեսված հիմնական ծախսային գերակայություններն ըստ ոլորտների։ Դրանք մանրամասնորեն կքննարկվեն ըստ ոլորտների՝ ԱԺ բյուջետային քննարկումների ժամանակացույցի համաձայն։ Տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը ներկայացնելուց հետո ֆինանսների նախարարի տեղակալը պատասխանել է պատգամավորների հարցերին: