Արցախյան խնդրի վերաբերյալ մենք չունենք համազգային հայեցակարգ, ինչը դրսևորվում է մի շարք սկզբունքային հարցերի շուրջ իշխանությունների, քաղաքական գործիչների, փորձագիտական համայնքի իրարամերժ հայտարարություններում։ Դրանք սովորական տարակարծություններ չեն, որովհետև հայտնվում են նաև քաղաքական խրամատներում։ Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած «Արցախյան հիմնախնդիրը արդի քաղաքական գործընթացների հոլովույթում» խորագրով գիտագործնական համաժողովի իր ելույթում ասել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, փիլիսոփայության գծով դոկտոր-պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը։
«Երեք բանաձև է մեզ մոտ շրջանառվել․ առաջինը՝ միացում․ այդ կարգախոսով ժողովուրդն է ոտքի ելել։ Երկրորդը՝ Լեռնային Ղարաբաղը թողնել Ադրբեջանի կազմում, որը ասել է Հ-ի 1-ին նախագահը, և երրորդը՝ ԼՂ-ի անկախություն։ Առաջին դեմքերի անունից բարձրաձայնվող և տարբեր պաշտոնական ատյաններում հնչեցվող այս երեք տարբեր բանաձևերը՝ մեր ամենասկզբունքային հարցի վերաբերյալ, խոսում է այն մասին, որ մենք չունենք հայեցակարգ»։
Լեռնային Ղարաբաղի հակամարտութան սկզիբը ոչ թե 1988 թվականն է, այլ 1918 թվականը, հետևաբար հակամարտությունը ոչ թե՝ 30, այլ մեկդարյա պատմություն ունի։ Մսմնայի ճակատամարտից հետո հակամարտությունը չի մարել։ Բայց այսօր հակամարտությամբ զբաղվող կառույցները չեն ուզում պատմության ուսումնասիրությունը սկսել 1918 թվականից։ Ինչու՞՝ Մանասյանն է պարզաբանում։
«Որովհետև 1918 թվականը իր հետ բերում է փաստաթղթերի ու փաստարկների վիթխարի փաթեթ մեր օգտին, բայց կտրել են 1988 թիվ․ նույնիսկ 88-ից հետո տեղի ունեցածները հաշվի չեն առնում»։
Պրոֆեսորն այն կարծիքին է, որ դիվանագիտական հարթակներում գործող մարդիկ նրբություններին չեն տիրապետել և խնդիրը կարգավորելու փոխարեն ավելի են խորացրել։ Որպես օրինակ ներկայացնում է ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման փաստը։
«ԼՂ-ի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը մի քանի անգամ ճանաչվել է, իսկ մենք անընդհատ, 30 տարի պայքարել ենք, որ ճանաչվի՝ չասելով մեկ անգամ՝ հարգե՛ք ճանաչված իրավունքը։ 1920 թվականին ինքը Բաքուն է ճանաչել, Խորհրդային Ադրբեջանը։ ԵԱՀԿ-ն էլ զգում է, որ մենք չենք զգում խնդիրը, և իրենք էլ նույնն են անում»։
Ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու համար պետք է համադրել գիտական և քաղաքական ներուժը՝ ինչը մեր պետականությանը երկար տարիներ չի հաջողվել իրականացնել՝ ասում է հանրապետության Արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանը՝ կարևորելով գիտագործնական համաժողովի դերը։ Ժամանակավոր պաշտոնակատարը ներկայացրել է արտաքին քաղաքականության անելիքը՝ ստեղծված իրավիճակից ճիշտ ելք գտնելու համար։ Առաջին քայլը պետք է ստեղծված իրավիճակին գնահատական տալը լինի։
«Մենք այլևս ռեսուրս չունենք, որ պետականությունը կորցնենք, բայց հայոց աշխարհը լինի ծովից ծով՝ էթնիկ, ժողովրդգրական առումով և սպասենք, երբ հարմար պահ լինի, նորից վերականգնենք մեր պետականությունը։ Այսպիսի իրավիճակ այլևս չունենք, որովհետև հայ ժողովրդի էթնիկ արեալը այնքան է սահմանափակվել, որ գրեթե համընկնում է հայոց պետականության հետ»։
Բաբայանը ելույթում նշել է, որ իրավիճակին դրական երանգավորում հաղորդելու համար պետք է և՛ Արցախը, և՛ Հայաստանը միջազգային հարթակներում սկզբունքային դիրքորոշումներով հանդես գան։ «Արցախյան խնդիրը և Թուրքիայի գործոնը» թեմայով ելույթ է ունեցել Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը։ Խոսելով Թուրքիայի զարգացվածության աստիճանից՝ ակադեմիկոսը նշել է, որ երկիրը փորձում է մուտք գործել Հարավային Կովկասի տարածաշրջան։ Համաժողովի մասնակիցներից մեկի հարցին, թե՝ ինչպե՞ս և ինչի՞ դիմաց է արցախյան երրորդ պատերազմից հետո Ռուսաստանը թույլ տվել Թուրքիայի մուտքը տարածաշրջան՝ իր ազդեցության գոտի՝ Սաֆրաստյանը պատասխանել է․
«Թուրքիան մնում է Ռուսաստանի հակառակորդը, բայց ելնելով աշխարհաքաղաքական ընդհանուր իրադրությունից՝ Ռուսաստանը որոշակի հարցերում, ոչ սկզբունքային հարցերում, Թուրքիային որոշ բաներ թույլ տալիս է, բայց սկզբունքային հարցերում թույլ չի տալիս, օրինակ՝ Թուրքիայի մուտքը մեր տարածաշրջան՝ որքանով կարող է»։
«Արցախյան հիմնախնդիրը արդի քաղաքական գործընթացների հոլովույթում» խորագրով գիտագործնական համաժողովը շարունակվում է։ Եզրափակիչ լիագումար նիստը, ելույթների քննարկումն ու ամփոփումը սկսվել է րոպեներ առաջ՝ ժամը 18։00-ին։ Համաժողովի կազմակերպիչների խոսքով՝ նման քննարկումները շարունակական բնույթ են կրելու։