Նիկոլայը, Գրիշան, Վազգենը, Միքայելը, Արտակը, Ապավենը, Արսենը, յոթ ընկեր, որոնք միասին կռվեցին ու ընկան միասին՝ հերոսի մահով։ Պատերազմի Աստծո՝ հրետանու վարպետներ էին: Հոկտեմբերի 31-ը ճակատագրական եղավ յոթ ընկերների համար: Զինամթերքի նոր խմբաքանակ էին ստացել, տեղավորել էր պետք: Տաք ճաշը կիսատ թողնելով գործի անցան՝ պետք էր շուտ գործել: Հենց այդ ժամանակ էր, որ թշնամական ԱԹՍ-ը ֆիքսեց տղաների շարժը: Հարվածը դիպուկ էր ու կործանիչ: Կամավորական Կարեն Գրիգորյանը Երևանից էր Արցախ եկել: Տղաների հետ նույն դիքրում էր: Չարաբաստիկ այդ օրը հիշողությունից չմաքրվող է՝ ասում է:
<<Դաժան տեսարան էր: Դա ոչ մի ծնող չպիտի տեսներ: Եթե ինձ է այսպես ազդել, ապա ինչ կլինի ծնողի հետ, որը տեսնում է այդ ամենը: Նրանք հավերժացան հայրենիքի համար: Նրանք հերոս էին ու կան, որովհետև կարողացան պահել այս դիրքը>>։
Կարեն Գրիգորյանն այս խոսքերն ասում է՝ նայելով Միքայել Արզումանյանի հոր՝ Վահրամ Արզումանյանի կողմը։ Հոկտեմբերի 31-ին նա տղայի հետ էր, նույն դիրքում: Սեփական աչքերով է տեսել այն տեսարանը, որը, Կարեն Գրիգորյանի խոսքով, չպետք է տեսներ աշխարհի և ոչ մի ծնող։ Հարվածն այնքան հուժկու էր, որ տղաներին նույնականացնելու համար ԴՆԹ թեստի անհրաժեշտություն եղավ: Նրանցից մի քանի մասունք էր մնացել, ընդամենը: Տղաների պահած դիրքում խաչքար ունենալը Միքայել Արզումանյանի հոր՝ Վահրամ Արզումանյանի գաղափարն է։