Նիստի մեկնարկին ԱԺ գլխադասային հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կասյանն իրազեկեց, որ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հանձնաժողովի անդամներից մեկը հարգելի պատճառներով ներկա չի լինելու։ Գյուղատնտեսության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Առստամյանի խոսքով՝ գյուղոլորտի 2023 թվականի ֆինանսավորումը նախատեսվում է 5 մլրդ. 125 մլն դրամի չափով։ Բյուջետային հատկացումները նպատակաուղղվելու են նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերին, բույսերի պաշտպանության, անասնաբուծության, այգեգործության, ջերմոցային տնտեսությունների զարգացման, ֆերմերների ու հողագործների աջակցության և այլ ծրագրերին։
Տիգրան Առստամյանը ներկայացրել է գյուղոլորտի ծրագրերը՝ ֆինանսավորման չափերով։ Պատգամավորները հարցեր ունեին։ Մետաքսե Հակոբյան.
Նախարարի տեղակալն ասում է՝ ուսումնասիրման փուլում գործեր կան․ հանգամանքները պարզելուց հետո են ֆինանսավորվելու։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Վարդան Բեգլարյանը նշել է, որ ոլորտին, առանց պետական կառավարչական հիմնարկի պահպանման ծախսերի, հաստատվելու դեպքում հատկացվելու է 9 մլրդ 989 մլն դրամ։
Կառավարության լիազոր մարմնին ուղղված հարցերը տարածքայինի մասով առնչվում էին տեղահանվածներին հուզող խնդիրներին, համայնքներում իրագործված և նախատեսվող ծրագրերին, այլընտրանքային էներգակիրների ներդրմանը։ Գազի սակագնի սուբսիդավորման՝ ԱԺ-ում բուռն քննարկումների առիթ դարձած հարցին էլ են անդրադարձել։ Գլխադասային հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կասյանն էր հարցի հեղինակը։
Քննարկումները դեռ շարունակվում են, որոշում չկա՝ պատասխանում է նախարարի պաշտոնակատարը: Քաղաքաշինության նախարարի պաշտոնակատար Արամ Սարգսյանը ներկայացրեց կապիտալ ներդրումների՝ պետական պատվերի նախատեսվող չափը։ Հաշվի են առվել ԱՀ նախագահի հանձնարարականները, պատերազմի հետևանքով առաջացած խնդիրները, ինչպես նաև 2021-23 թթ․ միջնաժամկետ ծախսային ծրագրի դրույթները՝ ասում է։
Պատասխանելով հարցերին՝ նախարարի պաշտոնակատարն ասել է, որ առաջնահերթությունը տրվելու է սոցիալական արտոնյալ խմբերի համար բնակարանաշինությանը. այն փորձելու են ավարտել սահմանված ժամկետներում։ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի հարցն էլ է ակտուալ․ Արամ Սարգսյանը հավաստիացնում է՝ նրա գործարկման հետ կապված խնդիրներ չեն լինելու։ ԱՀ կադաստրի կոմիտեի ու պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Սուրեն Գալստյանը իր ղեկավարած կառույցի նախատեսվող ծախսը ներկայացրեց․ աշխատակազմի պահպանման ու ծրագրերի իրագործման համար կհատկացվի 581 մլն. 876 հազ դրամ։ 447 մլն-ը Կոմիտեի աշխատակազմի պահպանման ծախսն է։
Սուրեն Գալստյանն իրազեկել է, որ 2023 թվականի ֆինանսական ակտիվների օտարումից բյուջետային մուտքերը կանխատեսվում են 70 մլն դրամի չափով՝ 2022 թվականի 40 մլն դրամի դիմաց՝ հաշվի առնելով նախկին տարիների կնքված մասնավորեցման օտարման և վարձակալության պայմանագրերից բխող տարաժամկետ վճարումները, ինչպես նաև շարժական ու անշարժ գույքի օտարումից կանխատեսվող մուտքերը։