Նոյեմբերի 22, 2024

«Գորիս-Ստեփանակերտը» բաց է․ ինչի՞ դիմաց

By Սրբուհի Վանյան Դեկտեմբերի 03, 2022

Տիկին Աղաբաբյան, այսօր Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը փակվել էր ադրբեջանցիների կողմից։ Իբր՝ բնապահպանական մոնիտորինգ անելու պատրվակով։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ նպատակ է հետապնդում այդ սադրանքը։ 

Երկու հիմնական պահանջ էին առաջ քաշել, մեկը՝ դադարենք շահագործել  Ճանկաթաղ-Ներքին Հոռաթաղ - Առաջաձոր գյուղերի հարակից տարածքի հանքավայրերը՝ պղինձ-ոսկու և պղինձ-մոլիբդենային, իբր դրանց շահագործումը բնապահպանական վնաս է հասցնում, և երկրորդ՝ նրանք փորձում էին իրենց «փորձագետների» համար ազատ մուտք ապահովել Արցախի հանքերի տարածք, իբր մշտադիտարկման համար։ Նպատակը պարզ է՝ նախևառաջ սա Արցախի նկատմամբ Ադրբեջանի բացահայտ  ցեղասպանական քաղաքականության հերթական ահաբեկչական դրսևորումն էր, որը, եթե հաջող ընթացք է ստանում, և նրանց պահանջները բավարարված են(դրանց մասին դեռ տեղեկություն չկա), կարող է դառնալ նախադեպ, որ նրանք կարող են մեզ հետ շանտաժի լեզվով խոսել, և ցանկացած ժամանակ փակել ճանապարհը՝ դրանց դիմաց պահանջներ ներկայացնելով և բավարարում ստանալով; նրանք քչով չեն բավարարվի բնականաբար, և կարող են ամբողջապես փակել ճանապարհը՝ Արցախն առնելով շրջափակման մեջ, դրանից բխող հումանիտար ու տնտեսական հետևանքներով, ու աղետի բերելով երկիրը։ Հայտնի է, որ այդ հանքավայրերը ԱՀ տնտեսության առաջատարն են, նրանց շահագործման դադարեցումը մեծ աղետի է բերելու։  

Վերջին շրջանում Ադրբեջանը բավականին հաճախ է շրջանառում Լաչինի միջանցքի թեման։ Եվ այս սադրանքները նաև սպասելի էին։ Ի՞նչ եք կարծում,  դա ավելի մեծ քաղաքական նպատակներ է հետապնդում, թե՞ փոքրիկ սադրանքներ են՝ հոգեբանական ճնշում գործադրելու առումով նաև։ 

Ես սադրանք բառը չէի օգտագործի, սրանք ահաբեկչական գործողություններ են։ Ցանկացած նման քայլի գնալուց նրանք ունեն պլան մինիմում և պլան մաքսիմում,  եթե հաջողվում է իրենց առաջ քաշած պլանները բավարարել, ստացվում է իրենց պլան մինիմումը արդեն իրականացնում են։ Եթե նման քայլերը շատանան, կհասնեն իրենց պլան մաքսիմումին։ Եվ կհասնեն նրան, որ Արցախը լրիվ կտրվի Հայաստանից, ինչը կբերի Արցախի ամբողջական հայաթափման և գրավման՝ իրենց կողմից։ Այսինքն իրենք ունեն մեծ ծրագիր, որին հասնում են քայլ առ քայլ։ Այսինքն իրենք ունեն մեծ նպատակ, և ոնց երևում է, գնում են դրան հետևողականորեն։

Artsakh Public Radio
Last modified on Երկուշաբթի, 05 Դեկտեմբերի 2022 14:51
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ