Ադրբեջանի «Գեդաբեկ» ոսկու հանքավայրի մոտ պոչամբար է կառուցվում: Հանքավայրին մոտ գտնվող Սյոյուդլու գյուղի բնակիչներն անհանգստացած են, ավելի քան մեկ շաբաթ առաջ էլ իրենց բողոքն են բարձրացրել` դեմ արտահայտվելով հանքի շահագործումից առաջացող պոչանյութերի արտահոսքի համար նախատեսվող արհեստական ջրամբարի կառուցմանը: Քաղաքացիների բողոքը ճնշվել է պետության կողմից. ոստիկանության հետ բախումների արդյունքում կան վիրավորներ և ձերբակալվածներ: Ադրբեջանում այս պրակտիկան նոր չէ. քաղաքացիները բողոքում են, պետությունը` ուժ գործադրում:
Սակայն Գետաբակի ցույցերը հատկանշական են նաև այն բանով, որ Ադրբեջանը, որը շարունակաբար վերջին տեղերն է զբաղեցնում բնապահպանական վարկանիշներում, հենց բնապահպանական պատրվակով էր փակել Արցախի կյանքի ճանապարհը:
Ի՞նչ ընթացք կարող է ունենալ այս բողոքը, արդյոք այդքան վտանգավոր է պոչամբարը և ի՞նչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա, հարցերի շուրջ Ասպրամ Ավանեսյանը զրուցել է ադրբեջանագետ Տաթևիկ Հովհաննիսյանի և բնապահպան Ինգա Զարաֆյանի հետ:
Ավելի քան մեկ շաբաթ է` Գետաբակի մոտակա Ուռուտ գյուղի, ներկայիս Ադրբեջանի Գեդաբայի շրջանի Սյոյուդլու գյուղում կրքերը չեն հանդարտվում: Բնակիչները բողոք են բարձրացել` գյուղի մոտակայքում գտնվող ոսկու հանքավայրի մոտ պոչամբար կառուցելու մտադրության դեմ: Բողոքի դուրս եկած քաղաքացիների դեմ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը վայրագաբար է վարվել, դրանով ի ցույց դնելով իր իրական վերաբերմունքը բնապահպանական խնդիրների նկատմամբ` ասում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:
«Գյուղացիները ծեծ ու ջարդի են ենթարկվել, նրանցից շատերի մուտքն ու ելքը արգելափակվել է, անգամ կանանց նկատմամբ է բռնություն գործադրվել, և սա հստակ ցույց է տալիս, թե Ադրբեջանն ինչպես է վերաբերվում բնապահպանական խնդիրներին»:
Սյոյուդլուի մերձակա «Գեդաբեկ» հանքավայրը շահագործվում է 2009 թվականից: Նույն տարվանից սկսվել է ոսկու արդյունահանումը, իսկ արծաթինը հաջորդ` 2010 թվականից։ Հանքի շահագործումն իրականացվում է բրիտանական Anglo Asian Mining ընկերության կողմից: Անցած տարվա հուլիսին Ադրբեջանի կառավարությունը գործարք է կնքել Anglo Asian Mining ընկերության հետ ու կոնցեսիոն պայմանագրով մի շարք հանքերի, ներառյալ Կաշենի հանքի շահագործումը հանձնել է ընկերությանը, իսկ Դրմբոնի հանքավայրի շահագործման իրավունքն այդ նույն ընկերությանն է հանձնվել 2000-ականների սկզբին: Հարկ է նշել նաև, որ ընկերությունը նաև հանքանյութերի հետախուզություն է իրականացնում բռնազավթված Քաշաթաղի ու Քարվաճառի շրջանների երբևէ չշահագործված հանքավայրերում: Շրջանառվող հիմնավորված լուրերի համաձայն բրիտանական Anglo Asian Mining-ի վերջնական շահառու է հանդիսանում նաև Ալիևների ընտանիքը:
Ադրբեջանի դեմ իրականացվող դիվանագիտական պատերազմում ինչպե՞ս այս իրադարձությունը որպես գործիք օգտագործել. Տաթևիկ Հայրապետյանն ասում է.
«Դեռ պետք է միջազգային հանրությանը ցույց տալ, պետք է հստակ ճնշում գործադրել և տարբեր միջոցներով ներկայացնել այդ ամենը: Չեմ տեսնում, որ Հայաստանը հետաքրքրված լինի այդ ամբողջը հստակ ներկայացնելու` տեղեկատվական, միջազգային և տարբեր այլ գործիքներով»:
Երկարաժամկետ նպատակին հասնելու համար կեղծ բնապահպանական մոտեցումները, սեփական երկրի քաղաքացիների շահերը ոտնակոխ անելու ևս մեկ փաստը ցույց են տալիս, թե ինչ պետության հետ գործ ունենք:
«Քանի որ Ադրբեջանը ընդգծված բռնապետական վարչակարգ ունի, ապա ես չեմ կարծում, որ նրանք թույլ կտան նման ակցիաների հետագա շարունակությունը, ամենաբռնի մեթոդներով դրանք կանխվում են, ուրպեսզի իրենք իշխանության համար նոր վտանգավոր զարգացումներ չստանան: Ամեն դեպքում ակնհայտ է որոշակի բողոքի ալիքի առկայությունը: Այդ ամենը նաև ուղեկցվում է հակահայ ելույթներով: Օրինակ` կան մասնակիցներ, որոնք ասում են. «Ես հո հայ չեմ, ինչո՞ւ ես ինձ քաշքշում» և այլն, անգամ նման բաների ականատես ենք դառնում»:
Պոչամբարի վնասների մասին
Սյոյուդլուում պոչամբարի կառուցումը, բացի սոցիալական ու քաղաքական ռիսկերից, առաջին հերթին` բնապահպանական վտանգներ է պարունակում:
Ամբողջ հանքաարդյունաբերական ենթակառուցվածքում ամենավտանգավար օբյեկտները պոչամբարներն են: Մեկ քառակուսի կիլոմետր պոչամբարը կարող է թունավորել մոտավորապես 10 քառակուսի կիլոմետր տարածք` ասում է բնապահպան Ինգա Զարաֆյանը: Զրուցակցիս խոսքով` Սյոյուդլու գյուղի բնակիչները տեղին են անհանգստանում:
«Պոչամբարի մոտակայքում ապրող բոլոր բնակիչների համար այն վտանգավոր է, պոչամբարն ունի շատ վատ ազդեցություն նրանց առողջության վրա: Դրանք հիմնականում առաջացնում են օնկոլոգիական հիվանդություններ: Պոչամբարներում, որպես կանոն, մկնդեղ միշտ լինում է, որը շատ վտանգավոր է»:
«Գեդաբակ» հանքավայրը բավականին մոտ է Հայաստանի սահմաններին: Պոչամբարի կառուցման դեպքում ռիսկի խմբում են հայտնվելու նաև Հայաստանի քաղաքացիները և իհարկե` բնությունը: Իսկ վթարների դեպքում այդ վտանգը մի քանի անգամ կարող է մեծանալ:
«Եթե պոչամբարը ճիշտ ձևով կառուցված չի, այնտեղ կարող է արտահոսքեր լինեն, որոնք ալելի վտանգավոր են և կարող են տարածվել շատ մեծ տարածության վրա և իհարկե մեր տարածքի վրա, որովհետև բավականին մոտ է մեր սահմանին»:
Բնապահպան Ինգա Զարաֆյանը կարծում է, որ այնտեղ պետք է գործի միջազգային մոնիթորինգային խումբ` պարզելու համար արդյոք անվտա՞նգ է պոչամբարի կառուցումը կամ իրականացվու՞մ են արդյոք վտանգի ռիսկերի նվազեցման գործողություններ:
Մինչ ադրբեջանցիները բողոքում կամ պահանջում են չկառուցել պոչամբար, Ալիևները շարունակում են հարստանալ` խորապես արհամարելով նույնիսկ սեփական երկրի քաղաքացիների նվազագույն առողջությունը: Իսկ դեռ մի քանի ամիս առաջ Լաչինի միջանցքում հավաքված, պետության կողմից ֆինանասավորվող «բնապահպաններն» ու նրանց հայտարարություններն այսօր, առնվազն, ծիծաղելի են թվում: