Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ոլորտին հատկացվելիք ծախսերը զգալիորեն նվազել են։ Նախորդ տարվա մոտ 19 մլրդ․- ից այս տարի նախատեսվում է շուրջ 2 մլրդ․-ով կրճատել բյուջեն։ Ոլորտներին ընդհանուր առմամբ կհատկացվի 17 մլրդ․ 344 մլն․ 132 հազ․ 400 դրամ։ ԿԳՄՍ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Մինասյանի խոսքով՝ ծախսերի նվազեցումը կապված է ԱՀ օկուպացված տարածքների կրթական ու մշակութային կառույցների լուծարման հետ։ Գիտության ոլորտին ուղղված ծախսերն էականորեն չեն փոխվել՝ նշել է Հասմիկ Մինասյանը։ Փոխարենը նվազել են մշակութային ծառայություններին, թանգարաններին, ցուցասրահներին, արվեստի ոլորտին հատկացվելիք ծախսերը։ Կրթության ոլորտի ծախսերը նվազել են 1 մլրդ․ 773 մլն․ 313 հազ․ դրամով։ Մասնավորապես, նախադպրոցական կրթության ոլորտի ծախսերը նվազել են 122 մլն․ դրամով։
«Օրինակ՝ պետական աջակցությամբ մանկապարտեզների ծախսերը նվազել են 65 մլն․ դրամով՝ կապված Ստեփանակերտի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող պետական մանկապարտեզներում երեխաների թվի նվազեցման հետ։ Հադրութի շրջանի վարչակազմի ենթակայության տակ գտնվող որոշ մանկապարտեզների լուծարման պատճառով կրճատվել է մոտ 22 մլն․ դրամ՝ բացառությամբ «Դիզակ» պետական մանկապարտեզ ՊՈԱԿ-ը, որն այժմ գտնվում է Ստեփանակերտում»։
145 մլն․ 162 հազ․ դրամով նվազել են բարձրագույն կրթության ոլորտին հատկացվելիք ծախսերը։ Դա կապված է ԱրՊՀ և Շուշիի տեխնոլոգիական համալսարանների ծախսերի նվազեցման հետ։ Արտադպրոցական դաստիարակության ոլորտին հատկացվելիք ծախսերը նվազել են՝ կրկին լուծարված ՊՈԱԿ-ների հաշվին։ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ այս տարի կրճատվել է նաև ՀՀ-ում վճարովի ուսուցմամբ սովորողների ուսման վարձերի փոխհատուցման թիվը։ Որոշակի փոփոխություններ են իրականացվել նաև ՊԲ սպաների զավակների ուսման վարձի փոխհատուցման կարգում։
«ՀՀ-ում վճարովի ուսուցմամբ սովորողների ուսման վարձերի փոխհատուցման թիվը կրճատվել է մոտ 27 մլն․-ով։ Կրճատվել է նաև ԼՂՀ-ում վճարովի ուսուցման համակարգում սովորողների ուսման վարձի փոխհատուցման թիվը՝ ՊԲ սպաների զավակներին տրամադրվող փոխհատուցման հաշվին։ Որոշակի փոփոխություն է իրականացվել կարգում։ Նախատեսվում է որոշմանը միացնել նաև որոշ դրույթներ, որակական բաղադրիչներ՝ օրինակ սահմանափակում ՄՕԳ-ի տեսքով։ Ծախսերը հաշվարկվել են և նկատվել է անկում»։
Զեկուցումից հետո ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարին պատգամավորները մի շարք հարցեր ուղղեցին։ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հարցը «Երկարօրյա դպրոց» ծրագրին էր վերաբերում։ Որքանո՞վ իրեն արդարացրեց ծրագրի պիլոտային տարբերակը, և ինչպիսի՞ ազդեցության ունեցավ այն կրթության որակի վրա։
«Ինչ վերաբերում է պիլոտային ծրագրին, իմ կարծիքով, 1-2 տարի հետո պետք է մոնիթորինգ իրականացվեր, որը կենթադրեր բազմաշերտ ուսումնասիրություն՝ ծնողների, երեխաների հարցումներ և այլն։ Ինչից հետո որևէ հանձնախմբով կամ մասնագետներ ներգրավելով՝ ուսումնասիրվեր շարունակելու, չշարունակելու կամ ինչ-որ բարեփոխումներ իրականացնելու հարցը։ Որքանով տեղյակ եմ, նման ուսումնասիրություններ չեն իրականացվել, մենք ունեցել ենք տարբեր այցեր այդ երկարօրյա դպրոցներ և տեղում ուսումնասիրություններ ենք իրականացրել։ Բայց որակի առումով որևէ ուսումնասիրություններ չեն իրականացվել»։
Անդրադառնալով լուծարված կազմակերպությունների աշխատողներին աշխատանքով ապահովելու հարցին՝ Հասմիկ Մինասյանը նշել է, որ նախարարությունը կիրականացնի տվյալների հավաքագրում և որոշակի լուծումներ կգտնի։ Պատգամավորները հարցադրումներ են հղել նաև ուսանողների վարձավճարների փոխհատուցման, ուսուցիչների աշխատավարձերի, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և ոլորտի խնդիրներին առնչվող այլ հարցերի վերաբերյալ: