Նոյեմբերի 24, 2024

Սպիտակի երկրաշարժ․ 34 տարի անց էլ վերքերը թարմ են

By Անի Աբաղյան Դեկտեմբերի 07, 2022

«Շատ մռայլ եղանակ էր։ Ամուսնուս հետ դուրս եկանք, ինձ տանում էր համալսարան․ բանասիրական ֆակուլտետում էի սովորում, ընդ որում ես էլ հղի էի. առաջնեկիս էինք սպասում։ Ռուսաց լեզվի ժամ էր, մեկ էլ շենքը ցնցվեց։ Կուրսի ամենավախկոտը ես էի, ընկերուհուս ձեռքից բռնած դուրս վազեցինք, բայց չհասցրինք․ աստիճանները փլվեցին ու հայտնվեցի փլատակների տակ»։ 

Եվ միայն 4 ժամ անց կարողացավ նորից տեսնել արևի լույսը, ամուսնուն ու հարազատներին։ Այդ ժամերի ընթացքում զրուցակիցս՝ 54-ամյա Հասմիկ Հարությունյանը, լինելով «Հայոց լեզու և գրականության» բաժնի ուսանող, հասցրել էր մի քանի «առասպել» հորինել։

 «Մտածում էի, տեսնես, Աստված իմ, պայթյու՞ն էր, ի՞նչ էր, տեսնես ու՞մ սիրած տղան չհասնելով իր նպատակին՝ պայթեցրել է համալսարանը և այլն։ Այսպես մտորումների մեջ էի, բայց արդեն շնչահեղձ էի լինում, ոտքերս ամբողջությամբ փլատակների տակ է, բարեբախտաբար, ոտքերիցս վերև դեռ ազատ է, բայց կամաց-կամաց փլատակները իջնում էին»։ 

Առաջնեկին փրկելու ցանկությունն էր Հասմիկի ուժի աղբյուրը։ «Անընդհատ օգնություն էի աղերսում»,-ասում է։ Դասախոսի շնորհիվ փրկված ուսանողը այսօր արդեն 4 երեխա ունի։ Երկրաշարժի ծանր հետևանքների, դժվարությունների հետ են ապրել։ Ամբողջ տարին վերքերը հմտորեն ծածկած պահում են, բայց այս օրերին այն հառնում է իր ողջ սարսափով՝ զգալ տալով անգամ 88-ի՝ դեկտեմբերի 7-ի հոտը։ Երկրաշարժի օրերին ամեն րոպեն ու վայրկյանը կարող էին կյանքեր արժենալ։ Աշխարհի տարբեր կետերից Հայաստան էին եկել փրկարար ջոկատներ։ Աղետի վայր մեկնած կամավորների շարքում էր նաև Արցախի ջոկատը՝ Արցախի փրկարար ծառայության հիմնադիր Ասլան Գրիգորյանի գլխավորությամբ։ Երկրաշարժի պատկերը՝ ավերված ու փոշու մեջ կորած շենքերը, բնակիչների աղաղակները չեն ջնջվում նաև նրանց հիշողությունից։ 

«Ես չեմ կարող բացատրել՝ ինչպիսի սարսափելի էր պատկերը։ Մենք միանգամից ճամբար բացեցինք և անցանք աշխատանքի։ Մեր խումբը բարեխղճորեն էր աշխատում։ Գիշեր-ցերեկ մենք չէինք քնում, որովհետև ամեն վայրկյանը մարդկանց կյանք էր, որոնց պետք է օգնեինք»։

 Գյումրի մեկնած կամավորների շարքում էր նաև Սեյսմիկ ծառայության տնօրեն Վարդգես Ուլուբաբյանը։ Մոր՝ գյումրեցի լինելը, թե մեկ այլ պատճառ էր նրան աղետի վայր հասցրել՝ չի կարող ասել, բայց․ 

«Ամեն ինչ արել եմ, որ հասնեմ Լենինական ու մի բանով օգտակար լինեմ։ Լենինական գնացած խումբը գիշեր-ցերեկ աշխատում էր, չարչարվում։ Ցուրտ էր, մութ, սով, անգամ ջուր չկար լվացվելու։ Ջավախքից լիմոնադ ու մանդարին էին ուղարկում, մանդարինը ուտում էինք, լիմոնադը խմում, լվացվում։ Այ էդպիսի իրավիճակ էր»։

 Դեկտեմբերի 7-ի աղետը հիմք ու հրամայական է դարձել Արցախի փրկարար ծառայության ստեղծման համար։ Հանրապետության Ներքին գործերի նախարարության՝ Հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետ Հունան Թադևոսյանի խոսքով՝ 

«Այսօր էլ՝ 34 տարի անց, դեկտեմբերի 7-ի երկրաշարժը փրկարարների համար դարձել է իսկական դաս՝ ինչպես պետք է ինքնակազմակերպվել, ինքնօգնության, փոխօգնության շրջանակներում։ Ծառայությունը շարունակում է կանգնած լինել ցանկացած տարերային աղետի, այդ թվում՝ երկրաշարժների առաջնագծում»։ 

Այսօր Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր էին այցելել պաշտոնյաներ, դպրոցականներ, ուսանողներ՝ հարգանքի տուրք մատուցելու և ծաղիկներ խոնարհելու համար։ 34 տարի առաջ երկրաշարժի փլատակներում մնաց 25 000 երազանկ, իսկ ավելի քան կես միլիոն մարդ կանգնեց ծանր փորձությունների առաջ։  11։41։ Հիշողության մեջ դաջված ժամ, որ ճակատագրական էր շատերի համար, իսկ ապրողներիս համար՝ 11։41-ը հիշելու և դասեր քաղելու ժամ։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ