Նոյեմբերի 21, 2024

Երկրաշարժի ցնցումները դեռ նրանց հոգում են

By Անի Աբաղյան Դեկտեմբերի 07, 2021

Թել մանող մեքենայի ձայնն ընդհատվեց ինչ-որ դղրդյունով:  Առաստաղից փոշի էր թափվում, գետինն էր շարժվում, ի՞նչ է կատարվում` չէին հասկանում: Աշխատողները խուճապահար դուրս են վազում, Օֆելյան  էլ նրանց հետ: Երկրաշարժ է, գոռում են: Օֆելյան չգիտեր` որտեղ առաջինը գնար՝ մանկապարտե՞զ տղայի հետևից, թե՞ դպրոց՝ դուստրերի: 

«Մանկապարտեզը աշխատավայրից մոտ էր, սկզբից այնտեղ վազեցի , մոտեցա շենքին, տեսա երեխա չկա, հետո դպրոց գնացի նույն վիճակն էր: Սկսեցի երեխաներիս փնտրել, որտե՞ղ են, ինչպե՞ս են՝ չգիտեմ: Մեկ էլ տեսա դաստիարակը տղայիս ձեռքից բռնած կանգառում կանգնած է, իսկ աղջիկներս արդեն մեր բակում էին»:

 Օֆելյան աշխատում էր մանրաթելի գործարանում, ամուսինը՝ Շուրան, ՋԷԿ-ում: Նրանց աշխատավայրերը  բաժանողը մի ճանապարհ էր միայն:  Երբ դուրս է եկել գործարանից, տեսել է ՝ գետինը ճաքած է. ինքը ճանապարհի այս կողմում, ամուսինը՝ մյուս: Նրանք հինգհարկանի շենքի առաջին հարկում էին ապրում: Շենքն ամբողջությամբ փլվել էր, իրենց տունն էր մնացել, դե ինչ տուն, ասում է՝ առաստաղ չկար,պատերն էլ թափանցիկ էր: Մեկ ամիս վրաններում են մնացել, անվադողերով էլ տաքացել: Քնում էին փայտե տախտակների վրա, որը միայն երեխաների համար էր բավարարում: Զրուցակիցս ասում է, որ 4 զավակներն էլ սպիտակամաշկ էին, բայց մեկ ամսվա վրանային կյանքից մուգ սև էին դարձել: 

«Շատ վատ վիճակում էինք․ հաց, ջուր, լույս չկար: 15 հոգով մի վրանում էինք, անվադողերով տաքանում: Մեկ ամիս անց ծխի մեջ կորել էինք»: 

Ընտանիքի միջնեկ աղջիկը՝ Սուսաննան, 1988թ․-ին տասը տարեկան էր, այսօրվա պես հիշում է դեկտեմբերի 7-ի 11:41-ը:

 «Մեր դպրոցը երեքհարկանի էր, լավ հիշում եմ՝ ռուսերենի ժամ էր, դասասենյակն էլ 3- րդ հարկում էր: Երբ ցնցումներ եղան, մենք խուճապահար վազեցինք դուրս: Սանդուխքներով իջնելիս երեխաների ոտքի տակ մի աղջիկ մահացավ:Ահավոր տեսարան էր»:

Զրուցակիցս ցնցումների, ավերածությունների հետ մեկտեղ չի մոռանում նաև հացի հերթերում առաջացած կռիվները, ասում է՝ մեկ հոգուն 250 գրամ հաց էին տալիս, ում չէր հասնում, սկսում էին մյուսներից խլել: Օֆելյան դեկտեմբերի 7-ին տոլմա էր պատրաստել: Ճիշտ է, տոլման կերան, բայց բոլորովին այլ հանգամանքներում: 

«Ես ու հայրս նկուղից մեր պահածոներից բերում էինք ուտում: 7 օր անց, երբ այլևս ուտելու բան չի մնացել, տոլման մաքրել ենք փոշուց ու աղբից և կերել»:

 Օֆելյան արմատներով Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից է: Երկրաշարժից մեկ ամիս անց Վանաձորում համագյուղացու ավտոմեքենան  է նկատել և նրա օգնությամբ էլ Մեծ Թաղեր վերադարձել:    Բազմանդամ ընտանիքը 2020թ․-ին նույնպես տուն տեղ կորցրեց:  Այժմ ապրում են  Ստեփանակերտում: Անցած  փորձությունները նրանց չեն չարացրել, այլ միայն ամրացրել հավատը Աստծո և ապագայի նկատմամբ:   

Artsakh Public Radio
Last modified on Չորեքշաբթի, 08 Դեկտեմբերի 2021 14:32
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ