Նոյեմբերի 21, 2024

Տումիի ծառերը նույն կերպ են ծաղկում, միգուցե և ավելի գեղեցիկ

By Անի Աբաղյան Հունիսի 02, 2023

Որոշել ենք այսօր Հադրութի շրջանի Տումի գյուղ գնալ․ մեր հիմնական ուղեկիցը հիշողություն է։ Այսօր ծառերը նու՞յն կերպ են ծաղկում, թե՞ ավելի գեղեցիկ: Ես ու զրուցակիցս՝ Արմենուհի Ավագյանը, չենք կարող ասել, բայց մեր ապրած օրերում այն ․․․ 

Թռչունների երգը, սարերից փչող զով քամին` մարգերիխոնավ հողի, վայրի մանուշակի ու վարդի բույրն էր բերում, պտտեցնում տան բոլոր անկյուններով։ Մեկ այլ ոգևորությամբ Արմենուհին հիշում է քամուց օրորվող վառ մանուշակների մարգը։ Ձմռանն պարապությունից հետո, այս շրջանը վազելու եղանակ էր գյուղացիների համար։ Երիտասարդ ընտանիքը հողագործությամբ էր զբաղվում․
Մարդ ու կին երկու տղաներին ապահով մեծացնելու համար հիմնական աշխատանքից վազում էին այգի, ընտանի կենդանիներին խնամում, երեխաներին դաս սովորեցնում ու օրվա վերջում բազկաթոռին նստած ննջում՝ վաղվա պլլաները մտքում որոշած։

«Գյուղում մեզ պլաններ ունեինք՝ օրվա, շաբաթվա, ամսվա, տարվա նույնիսկ, իսկ հիմա` այսօրվանն ու վերջ։ Այնտեղ ամեն ինչ իր ժամանակն ուներ․ անգամ 5 րոպեն գիտեինք՝ ինչի համար ենք ծախսելու։ Հարևանի տուն գնալն էր իր ժամանակը ուներ։ Օրինակ՝ ժամ կար, որ բոլորս վերցնեինք դույլերն ու գնայինք աղբյուր․ դե, այնտեղ խմելու ջուրը աղբյուրից են բերում։ Մեկը մեկին նայելով՝ հավաքվում էինք, ակնի մոտ նստում, զրուցում, հետո գոհ, սառ ջրով գալիս էինք տուն»։

Պատերազմը փոխեց զրուցակցիս ու ջրի գնացող մյուս կանանց հասցեները, առօրյայում զրույցի թեմաները, սիրո, ջերմության աղբյուրները։

«Այստեղ հարազատներից հեռու, էն ջերմությունը չեն կարողանում զգալ։ Մենք կոտրվել ենք․ թե՛ նոր տարին, թե՛ մյուս տոները և թե՛ ծննդյան օրը, որ առանձնահատուկ է, տվյալ մարդու համար է, այդ օրերին էլ նախկին ջերմությունը, ոգևորությունը չկա մեզ մոտ»։

Տումիում ապրած օրերից ոչ մեկը չհաջողվեց առանձնացնել․ մեկը մյուսից աշխույժ, էներգիայով լցված ու երանելի։ Փոխարենը` 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրվագներն են, որ հաճախ են հերթով շարվում։

«Առավոտ միշտ շուտ էինք արթնանում։ Ես էլ սովորության համաձայն շաբաթ երեկոյան՝ ժամը 20։00-ին հաց էի հունցում, արթնանում 1-2-ին, թխում էլեկտրական թոնրում։ Առավոտյան՝ 7։00-ը դեռ չկար, արթնացել էի, որ հացերը հավաքեմ, քեռիս էլ անասուններ էր պահում, ինձ համար կաթ էր բերել, նստեցինք միասին սուրճ խմեցինք ու իրեն ճանապարհեցի։ Ամուսինս բակում. հավ, հնդկահավ, բադ ու նապաստակ ունեինք, դրանց էր կերակրում, որ աշխատանքի գնար։ Հենց առաջին հացը դրեցի երկրորդի վրա սկսեցի պայթյունների ձայներ լսել»։

Պատերազմի օրերին մյուսների հետ նրանց ընտանիքն էլ դուրս եկավ Տումիից և միայն մեկ տարի անց վերադարձավ Արցախ։

«Վախենում էի գալ Արցախ` անվտանգությունից ելնելով չէ, ուղղակի առանց Հադրութի Արցախը չէի պատկերացնում։ Ամառը վերադարձանք ու այստեղ նորից կյանք առանք։ Ամենահասարակ բանը՝ մեր բարբառը, որ դուրս եմ գալիս, հարևանիս հետ բարբառով խոսում եմ, ինձ համար ամեն ինչ ա, ամեն ինչ»։

Հիմա նրանք չորս հոգով մեկ սենյականոց տանն են ապրում, չորսով սպասում են հինգերորդին։ Տղաները՝ Արմանն ու Ավետը, եթե գյուղում բակի ավելի քան 30 երեխաներից էին, այսօր միայն երկուսով են խաղեր հորինում, խաղում։ Նրանց թանկարժեք հեծանիվներ, խաղալիք մեքենաներ պետք չէին, մեկ ճիպոտն էլ բավարար էր թաղի երեխաներին հավաքվելու, ձայնը մինչև Տումիի սարերը հասցնելու համար։

Last modified on Երկուշաբթի, 12 Հունիսի 2023 07:23
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ