Այսօր ՄԱԿ-ի կողմից հաստատված ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման օրն է։ Նախքան նիստի օրակարգային հարցին անցնելը, Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց բոլոր ժամանակներում ցեղասպանությունների զոհերի հիշատակը: Օրվա կապակցությամբ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրապարակել է ԱՀ ԱԺ առաջարկությունը։
«Ռուսաստանի Դաշնությանը, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային, աշխարհի բոլոր պետություններին և նրանց խորհրդարաններին ԱՀ Ազգային ժողովն առաջարկում է՝ դատապարտել Ադրբեջանի ներկայիս սադրիչ գործողությունները Արցախի Հանրապետության ու նրա ժողովրդի նկատմամբ և որակել այն որպես 21-րդ դարում իրականացվող ցեղասպանություն»:
««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը ներկայացրել է Արցախի պաշտպանության նախարարի տեղակալ Սերգեյ Առստամյանը: Օրինագծի ընդունման անհրաժեշտությունը Սերգեյ Առստամյանը պայմանավորում է օրենքի գործողության ընթացքում դրա 21-րդ հոդվածի 5-րդ մասը ՀՀ նույն օրենքի հետ համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:
«Գործող օրենքը, բացի զինծառայության ընթացքում մահացած ծնող, եղբայր կամ քույր ունենալը, զինծառայությունից ազատվելու պարտադիր պայման է սահմանում նաև ընտանիքի միակ արու զավակ լինելը: Սակայն, կան Արցախի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության, հատուկ առաջադրանք կատարելու, հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով զոհված, մահացած զինծառայողների զավակներ կամ կրտսեր եղբայրներ, որոնք ենթակա են պարտադիր զինվորական ծառայության, քանի որ ընտանիքի միակ արու զավակը չեն։ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» փոփոխությամբ առաջարկվում է 2018 թվականի հոկտեմբերի 31-ի ՀՕ-51-Ն oրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ»:
Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է արտոնություն տրամադրել այն քաղաքացուն, որն ունի Արցախի պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում, կամ՝ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության, կամ՝ հատուկ առաջադրանք կատարելու, կամ՝ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր, կամ որն ընտանիքի միակ արու զավակն է և ունի ԱՀ զինված ուժերում, կամ՝ այլ զորքերում, կամ՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող, կամ՝ եղբայր, կամ՝ քույր:
«Զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության և նախնական զինվորական պատրաստության ծրագիրը յուրացնելուց, ստուգարքներ հանձնելուց և զինվորական երդումն ընդունելուց հետո արձակվում է պահեստազոր և վերցվում հաշվառման՝ համապատասխան զինվորական կոմիսարիատում: Միաժամանակ հնարավորություն ընձեռելով քաղաքացուն, իր դիմումի համաձայն, հրաժարվել սույն մասով սահմանվող արտոնությունից, և պարտադիր զինվորական ծառայության անցնել սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված ժամկետներում»:
Հարցուպատասխանի համար գրանցված միակ պատգամավորին՝ Դավիթ Գալստյանին հետաքրրում էր՝ արդյոք ընդունվե՞լ է առաջարկությունը, որը արվել է երեկ հանձնաժողովի նիստում: Դավիթ Գալստյան․
«Պետք է քննարկվեր հարցը՝ եթե այն զինծառայողը հրաժարվում է այս արտոնութույնից և ցանկություն ունի ծառայությունը շարունակել զինված ուժերի շարքում, կարո՞ղ է ունենալ արտոնություն ընտրելու զորամասը, որտեղ նա է ցանկանում ծառայել, ինչպես նաև նախնական զինվորական պատրաստությունն անցնելուց հետո կկարողանա՞ նաև զինվորական մասնագիտություն ձեռքբերել»:
Սերգեյ Առստամյանի հավաստմամբ ՝ հարցն արդեն քննարկվել է Պաշտպանության նախարարի հետ ու նրա կողմից դրական պատասխան է տրվել երկու առաջարկին էլ: ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքն ընդունվեց միաձայն: