Արցախի Հանրապետության Սահմանադրության ընդունում, Հանրաքվե՝ հանուն անկախության, մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր․ դեկտեմբերի 10-ը եռակի տոն է Արցախի ժողովրդի համար։ Այս տոնը չեն կարող խլել արցախցուց՝ իրադարձությունների ցանկացած զարգացման պարագայում էլ։ Հայի կամքի, կյանքի ու հաղթանակի խորհուրդ ունի դեկտեմբերի 10-ը՝ ասում է «Հայացք» վերլուծական կենտրոնի վերլուծաբան Կարեն Բեքարյանը։ Նա այսօր Արցախում է․
«Դեկտեմբերի 10-ը աշխարհի բոլոր ազգերի համար անցած իրենց ճանապարհի, իրենց ազատության ու անկախության ձեռքբերման տրամաբանությամբ, նույն ոգով արված կամքի դրսևորում էր Արցախի մեր հայրենակիցների կողմից»։
44-օրյա պատերազմից հետո դեկտեմբերի 10-ի, և ընդհանրապես, այստեսակ տոների հանդեպ հանրության վերաբերմունքը փոխվել է։ Ավելի են արժևորել համախմբվածության, ազգային կամքի դրսևորումը խորհրդանշող օրերը։ «Եթե առաջ մենք հպարտանում էինք մեր պայքարի արդյունքով, այսօր ստիպված ենք կրկին պայքարել», -ասում է ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Մենք պայքարում ենք տեսանելի ու անտես ուժերի դեմ։ Օրը՝ որպես այդպիսին, շատ կարևորվել է և կենացային թեմայից վերածվել է աշխատանքային թեմայի։ Մենք ունենք միջազգային իրավունքի եզակի իրացում, որը ոչ ոք չի կարող խլել մեզանից»։
Դեկտեմբերի 10-ը սեփական հողում ապրելու, արժանապատիվ կյանք և ապագա կառուցելու մեր հավաքական կամքի դրսևորումն էր։ 1991թ․ դեկտեմբերի 10-ին հայն «այո՛» ասաց անկախությանը։ Ինչպես ավելի քան 30 տարի առաջ, այնպես էլ այսօր, մենք կանգնած ենք գոյաբանական վտանգի առաջ, բառի գերադրական աստիճանով՝ ծանր իրավիճակում։ Մեր ծնողների ազգային կամքը՝ որ ամբողջացել է դեկտեմբերի 10-ի խորհրդում, պետք է լինի այն պատմությունը, որից դասեր քաղելը գերակա անհրաժեշտություն է՝ ասում է Կարեն Բեքարյանն ու նշում, թե ինչ պետք է վերցնել դեկտեմբերի10-ի խորհրդից։
«Փառք Աստծո, ավագ սերնդի ներկայացուցիչները մեր կողքին են, նրանք այդ օրերը կերտողներն են եղել, և այս օրերը կերտելուց բացի իրենց կամքն են այստեղ դրել։ Պետք է փորձել նրանցից ճշտել, հիշել, հասկանալ, որ այնպես չէ, որ այն ժամանակ իրավիճակը բարվոք է եղել և վտանգները պակաս են եղել»։
Պատերազմից հետո արցախյան քաղաքական խոսույթում հաճախակի սկսեց գորածածվել «կարմիր գիծ» հասկացությունը։ Արցախն ունի «կարմիր գծեր», որոնց խախտումն այլևս անիմաստ կդարձնեին աշխարհի բոլոր քաղաքական ու իրավական կոնվենցիաները։ Ամենակարևոր «կարմիր գիծը», սակայն, արցախցին գծել է 31 տարի առաջ «այո՛» ասելով անկախությանը և դրանից 15 տարի հետո իրավական ուժ տալով այդ նույն անկախությանը։ Սա է Կարեն Բեքարյանը համարում ամենակարևոր «կարմիր գիծը»։ Մետաքսե Հակոբյանը կիսում է վերլուծաբանի կարծիքը։
«Մենք մեր ինքնորոշման իրավունքը վաստակել ենք մեր նահատակների արյամբ, մեր կամքի ու պայքարի արդյունքում։ Եվ սա մեզ համար ամենակարևոր «կարմիր գիծն» է, որի մասին մենք առաջին անգամ հայտարարել ենք Նիկոլ Փաշինյանի ապրիլի 13-ի՝ նշաձողի իջեցման մասին, ելույթից հետո»։
Պանելային հանդիպում-քննարկումը անցյալի մեր լուսավոր էջերը հիշելու և արժևորելու նպատակ ունի։ Այս նպատակին է ուղղված նաև Կարեն Բեքարյանի «Ճոճանակ» գիրքը, որի շնորհանդեսը տեղի է ունեցել այսօր՝ պանելային քննարկումից անմիջապես հետո։ «Արցախյան հակամարտություն․ 30 տարվա աղմուկն ու լռությունը և ոչ միայն"․ գրքի հիմանական բովանդակությունն ամփոփված է հենց վերնագրի մեջ։