1991 և 2006 թվականների այս օրը տեղի ունեցած հանրաքվեների միջոցով արցախցիները մեկ անգամ ևս վերահաստատել են այս հողում՝ իրենց հարազատ բնօրրանում ապրելու իրավունքը:
«Պատահական չէր ընտրված այդ օրը. դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների միջազգային օրն է, և 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, երբ հռչակեցինք անկախություն, դեկտեմբերի 10-ին դա հանրաքվեի դրեցինք: Դա ԽՍՀՄ փլուզումից մի քանի օր առաջ էր: Մեր ժողովրդի 99 տոկոսից ավելին այո է ասել հանրապետության անկախությանը»:
«Այս տարի անկախության հետ կապված երկու հոբելյանական օր՝ 30-ամյակ ունենք՝ սեպտեմբերի 2, դեկտեմբերի 10, իսկ 2022 թվականի հունվարի 6-ին կլրանա անկախության հռչակագրի ստորագրման 30-ամյակը»,-ասել է Արթուր Թովմասյանը, ընդգծելով, որ այդպիսով Արցախը հաստատել է, որ որպես անկախ պետություն պատրաստ է ոչ միայն տարածաշրջանի, այլև քաղաքակիրթ աշխարհի երկրների հետ փոխշահավետ համագործակցության մաս կազմելու:
«Ցավոք, մինչ այս պահը քաղաքակիրթ աշխարհը չի ճանաչել այդ անկախությունը. թեկուզ ԱՄՆ մի շարք նահանգներ, Հարավային Ուելսը, եվրոպական մի շարք քաղաքներ ճանաչել են, բայց պետությունները՝ ԱԺ, սենատի մակարդակով՝ ոչ: Միայն Ֆրանսիան է, որ 2020 թվականի նոյեմբերին բանաձև ընդունեց: Այսօր անկախության հանրաքվեի 30-ամյակ նշում ենք, ցավոք, ոչ պատշաճ ձևով»։
Հնչած ու չհնչած բազմաթիվ հարցեր կան, անորոշություն, հիասթափություն, սպասում: Հատկապես այստեղ, հուշահամալիրում, բազմաթիվ խոսքերից ավելի պերճախոս՝ տղաների լռության և նրանց՝ ցավից կծկված հարազատների մոտ դժվար է խոսել:
«Այսօր լռություն է Արցախում: Խաղաղությունը տարածաշրջանում հնարավոր է միայն քաղաքական լուծումներով: Օրը նվիրում ենք զոհված ազատամարտիկներին, որոնք զոհվել են հանուն Արցախի գոյատևման: Խորհուրդն իրենք են: Այսօր տոնը համեստ ենք նշում, բայց հետագա հոբելյանները լավ ենք դիմավորելու»։
Այսքանով հաներձ՝ թող որ վիրավոր, անվստահ, շիվար, բայց Արցախն անհույս չէ և ապրելու հայտ է ներկայացրել: ԱԺ նախագահը կարգավորման լուծումը տեսնում է Մինսկի խմբի ձևաչափում:
«2020 թվականի արյունոտ աշնան պատերազմը ավերեց բոլոր բնագավառները՝ տնտեսական, քաղաքական, սոցիալական, իրավական: Ավերել է նաև Սահմանադրությունը: Բայց Սահմանդրության մեջ ամրագրված դրույթները պետք է պահպանել: Հարցի քաղաքական լուծումը չկա, և մենք բազմաթիվ անգամ ասել ենք, որ Մինսկի խումբը միակ ձևաչափն է, որը պետք է վերականգնվի և որի շրջանակներում պիտի տարվեն բանակցությունները:
-Ի՞նչ պիտի բանակցեն:
-Այն, ինչ Ադրբեջանն ասել է 1994 թվականին. Տարածքների, բռնի տեղահանվածների վերադարձ: Արցախի կարգավիճակ: Պիտի բարձրացնենք մշակութային ցեղասպանության հարցը: Մենք Շուշիի մզկիթն էինք պետական միջոցներով վերանորոգում, նրանք պատերազմի ժամանակ և հետո բազմաթիվ ճարտարապետական հուշարձաններ հողին են հավասարեցրել»:
Ամենակարևորը Արցախի պահպանումն է. սա ԱՀ արտգործնախարար Դավիթ Բաբայանի համոզմունքն է:
«Ամենակարևորն այն է, որ պահպանենք Արցախը: Այն, ինչ մնացել է: Չեմ ուզում ամպագորգոռ հայտարարություններ անել: Իհարկե մենք չենք հրաժարվելու մեր պատմական հողերից, այն տարածքներից, որոնք հանդիսանում են ԱՀ անքակտելի մասը, սկսած Քարվաճառից, վերջացրած Միջնավանով, Հադրութով և Շուշիով: Բայց այս պահի դրությամբ պետք է պահպանել այն, ինչ կա: Եվ մեզ համար կարմիր գիծ է հետևյալը՝ մենք երբեք չենք լինի Ադրբեջանի կազմում: Որևէ տարբերակ չկա:
-Ո՞վ է որոշում:
- Ժողովուրդը: Ամեն ինչ կախված է հասարակությունից: Եթե հասարակությունը դեգրադացված է, նույնիսկ ամենաուժեղ պետությունը կանգնի մեջքիդ՝ իմաստ չունի: Եվ հակառակը՝ եթե հասարակությունը համախմբված է, արժանապատվություն ունի՝ ամբողջ աշխարհը դեմ լինի, կանենք: Եթե աշխարհը ասի, որ մենք պիտի լինենք Ադրբեջանի մաս, իսկ մենք դեմ լինենք, ի՞նչ պետք է անի: Ոչնչացնի՞, ռմբակոծի՞ Ստեփանակերտը:
-Թեկուզ․․․
-Երբեք չի անի: Ադրբեջանի կազմում լինելը երկու հետևանք կունենա. նոր լայնածավալ պատերազմ և Արցախի հայաթափում»:
Արտգործնախարարի խոսքով՝ սրա մեջ շահագրգռված չեն քաղաքական դաշտի խոշոր խաղացողները:
«Սա կտրականապես փոխելու է քաղաքական լանդշաֆտը տարածաշրջանում, իսկ սրա մեջ չկա շահագրգռվածություն: Հետևաբար մենք ունենք կարևոր սուբյեկտայնության բաղադրիչ, որը պետք է պահպանենք: Դրա համար հասարակությունը պիտի լինի հայրենասեր, գրագետ»:
Օրվա խորհուրդը բազմանշանակ է. միջազգային և ազգային տոն, որը խորհրդանշում է անկախ, ինքնիշխան պետություն կառուցելու մեր կամքը, մեր հաստատակամությունը: Դավիթ Բաբայանի խոսքով՝ այսօր, առավել քան երբևէ, պետք է հետամուտ լինել դրան:
«Պետք է հետամուտ լինենք առավել ևս հիմա, քանի որ թշնամին փորձում է կոտրել մեր կամքը, բանականությունը, ցույց տալ, որ սխալ է դա: Եվ մենք պետք է դիմակայենք: Նման օրերը և խորհուրդը ունեն կարևոր նշանակություն մեր ոգու պահպանման, արժանապատվությունը բարձր պահելու գործում»:
Այսօր խարխլված են այդ արժանապատվության հիմքերը: Բայց, Դավիթ Բաբայանի համոզմամբ, ժամանակն է հաղթահարել պարտվածի բարդույթը, միաբանել ժողովրդի առողջ սերուցքը և դիմակայել մարտահրավերներին: