Ընտրատեղամասերը բացվել են առավոտյան ժամը 8:00-ին: Մարտունիում համայնքի ղեկավարի պաշտոնին հավակնում է մեկ թեկնածու՝ Ազնավուր Սաղյանը, Գիշիում՝ երկու՝ Սերոբ Աղաբեկյանը և Արմեն Ավագիմյանը: Ընտրացուցակներում ընդգրկված է 5016 ընտրող: ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել են մեկ տեղական և մեկ միջազգային հասարակական կազմակերպություններ, ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել է երեք լրատվամիջոց: Գործընթացն անցնում է բնականոն հունով, հակահամաճարակային կանոնների պահպանմամբ: Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովից ստացված տվյալների համաձայն` ժամը 17:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 1066 ընտրող: Մարտունու 5/1 տեղամասից մանրամասներ է հայտնում տեղամասի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Ազարյանը.
«Ընտրություններն ընթանում են պատշաճ եղանակով՝ հակահամաճարակային կանոնների պահպանմամբ: Ընտրատեղամասը լրիվությամբ պատրաստ է ընտրողներին ընդունելու: Ընտրողների մասնակցությունը նորմալ ենք գնահատում: Գրանցված է 1530 ընտրող»:
5/2 տեղամասում գրանցված է 1386 ընտրող: Առավոտվանից ընտրողների ակտիվություն է նկատվել՝ ասում է ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Գարիկ Ծատրյանը.
«Ընտրությունները կազմակերպվել են օրենքի տառին համապատասխան և ընթանում են առանց որևէ միջադեպերի: Երեկ երեկոյան ընտրատեղամասը կարգավորվել է: Առավոտյան ժամը 8.00-ին սկսել ենք ընդունել առաջին ընտրողներին»:
Ինչպես բոլոր տեղամասերում՝ 5/3 տեղամասում նույնպես երեկվանից են պատրաստվել ընտրություններին: Տեղամասի հանձնաժողովի նախագահ Հովիկ Հովսեփյանի խոսքով՝ կահավորել են ընտրատեղամասն ու այսօր առավոտյան ժամը 8-ից տրվել է ընտրական գործընթացի մեկնարկը:
«Համաձայն ընտրական օրենսգրքի պահանջների՝ դեկտեմբերի 9-ին կահավորել ենք ընտրատեղամասը: Համապատասխան ընտրացուցակները ստացել ենք: Ժամը 7.30-ից ներկա են երկու դիտորդները: Ընտրությունները մեկնարկել են ժամը 8.00-ից»։
Գիշի համայնքի տեղամասային ընտրական հանձնաժողովի քարտուղար Շողեր Բաղրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ, չնայած համավարակին, ընտրողների ակտիվությունը նկատելի է: ժամը 17.00-ի դրությամբ քվեարկել է 413 ընտրող:
«Ժամը 8.00-ին ընրատեղամասը բացվել է: Ընտրացուցակում գրանցված է 967 ընտրող: Ընրությունները ընթանում են շատ հանգիստ՝ առանց միջադեպերի»։
Ընտրությունների նախնական տվյալները ԿԸՀ-ը կհրապարակի վաղը: