Ապրիլի 27, 2024

Վարանդա. հաց բերող մեքենան, տիկին Աիդայի մեծ ընտանիքը, 12-ամյա Արտակի մշակած այգին ու զրույց տան բակում

By Վիկտորյա Սարգսյան Հուլիսի 15, 2023

Մարտունի-Ստեփանակերտ մայրուղու 12-րդ կիլոմետրի ձախ կողմում Վարանդա գյուղն է, որը հեռվից կարծես փոքրիկ թաղամաս լինի։ Հարթավայրային այս գյուղում կողք-կողքի շարված են փոքրիկ տներ։ Մեր գործընկեր Վիկտորյա Սարգսյանն է եղել Վարանդայում ու հյուրընկալվել գյուղի ընտանիքներից մեկում։

 

Լսե՛նք Վիկտորյա Սարգսյանի ռեպորտաժը։

Շրջկենտրոնից հացի մեքենան է եկել: Արդեն հաստատված ժամին` առավոտյան 11-ին, գյուղի բնակիչները հավաքվում են ու սպասում հաց բերող Մհերին:

«Մհերը բոլորի հետ լեզու է գտնում, արդար մարդ է ու ձգտում է, որ բոլորին հաց հասնի»` ասում են գյուղացիները:

Նաև համեստ է, հարցազրույց տալ չի ուզում, շտապում է. մյուս գյուղերին էլ պետք է հաց հասցնի:

Գյուղ տանող հիմնական ճանապարհի վրա առաջին տանը Պետրոսյանների մեծ ընտանիքն է ապրում: Հացի մեքենան դիմավորում է ընտանիքի տատիկը` տիկին Աիդան: 10 հոգանոց ընտանիքին 11 հաց է բաժին ընկնում, որը կհերիքի ամենաշատը 2 օր:

«Մինչև շրջափակումը էլեկտրական վառարանում թխում էինք. Բայց հիմա ալյուր չկա: 11 հացը վաղն արդեն չի լինի»:

Ընտանիքի բոլոր անդամները չէին տանը: Բակում տեղադրված սեղանի շուրջ հավաքվում են տիկին Աիդայի փոքրիկ որդին, հարսն ու թոռնիկները: Թոռնիկներից մեկը շտապում է ծանոթանալ ու ծանոթացնել փոքրիկ քույրիկի հետ:

— Պետրոսյան Նելլի Տիգրանի:

— Քույրիկին անունը հի՞նչ ա:

— Տաթև:

Տիկին Աիդան ծնունդով Մուշկապատից է, հարս է գնացել Հաղորտի գյուղ։ Ընտանիքը 2016 թվականին տեղափոխվել է փոքրիկ Վարանդա գյուղ, և ընտանիքի հետ առ այսօր ապրում է հեռվից աչքի ընկնող փոքրիկ դեղին տնակում։ Գյուղացու առօրյան հեշտ չէ՝ ասում է տիկին Աիդան: Բայց, երբ սեղանին այգուդ բարիքներն ես տեսնում, չարչարանքդ էլ չես հիշում։

«Ճիշտ է, չարչարվում ենք, բայց դե՝ արդյունքն էլ ենք մենք տեսնում։ Ես շատ եմ սիրել գյուղն ու միշտ ցանակացել եմ գյուղում ապրել։ Հողագործությամբ ենք զբաղվում, անասնապահությամբ, ամեն ինչ էլ անում ենք։ Ամուսինս տրակտոր էր վարում, հիմա էլ տղան է իր գործը շարունակում»։

Տիկին Աիդայի փոքր որդին՝ 12-ամյա Արտակն ընտանիքի ամենամեծ օգնականն է։ Նույնիսկ՝

«Ինքը իր փոքրիկ այգին ունի։ Վերջերս կարկուտ էր տեղացել։ Կարկուտից հետո մշակել է բերքը, չոր և վնասված մասերը կտրել։ Իրենը մերից լավն է։ Որ մի կարևոր բան է պետք լինում, միանգամից իր մոտ ենք վազում»։

«Ամեն հինչան խրեգ-խրեգ վարալ ըմ» (Ամեն ինչից քիչ-քիչ վարել եմ), համեստորեն ասում է Արտակը։ Հարցին՝ ինչպե՞ս ես որոշել ինքնուրույուն այգի մշակել, պատասխանում է․

— Դե սիրել եմ այդ գործը։ Ինձ միշտ հետաքրքրել է, թե որ բույսը ինչքան խոնավություն է սիրում, ինչպես պետք է մշակել։ Արևածաղիկն արդեն ծաղկել է։ Տաքդեղը կոկոն է գցել, շուտով կծաղկի։

— Բայց արդեն մտածում ե՞ս վաճառելու մասին, թե դեռ միայն տան համար ես անում։

— Չէ դեռ տան համար եմ անում, մեզ մոտ մաճառելը չի ստացվում։

Մեծ ընտանքում օրը նաև շատ հետաքրքիր է անցնում։ Հատկապես, երբ տունը գյուղի կենտրոնում է ու դիրքն էլ հարմար է, երեխաները հիմնականում մեր բակում են խաղում՝ ասում է Արտակը։ Երեկոյան ժաներին էլ՝ երբ լույս չի լինում, հին ավանդական սեղանի խաղեր են խաղում։ Արտակի սիրելին լոտոն է։

Երբ տիկին Աիդայի հետ զրուցում էինք, գյուղի առօրյայից ու խնդիրներից, հացի մեքենան արդեն հացրել էր պտտվել ամբողջ գյուղով։ Առջևում մյուս գյուղերն են՝ Պառավաթումբ, Կաղարծի, Հաղորտի, Մուշկապատ և այլն։

Last modified on Շաբաթ, 15 Հուլիսի 2023 14:53
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ