Նոյեմբերի 24, 2024

«Լրագրողի աշխատանքին խոչընդոտելն ու, հատկապես, նրա նկատմամբ բռնություն գործադրելն անընդունելի է». իրավապաշտպան

By Վիկտորյա Սարգսյան Հուլիսի 12, 2023

«ՍիվիլՆեթ» լրատվականի լրագրող Հայկ Ղազարյանի` Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված բանավոր դիմումի և համացանցում տարածված տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիական հագուստով մի խումբ անձինք հարձակվել են լրագրողի վրա, քաշքշել և հարվածներ հասցրել։ Ավելի վաղ լրագրողը դիմել էր պաշտպանին` տեղեկացնելով, որ ԱՀ դատախազության շենքի դիմաց իրականացվող ակցիայի ժամանակ ՆԳՆ ոստիկանության ծառայողն իրենից ապօրինաբար խլել է բջջային հեռախոսը՝ խոչընդոտելով լրագրողի մասնագիտական գործունեության կատարմանը: Ի՞նչ հետևանքներ կարող է և պետք է ունենա այս միջադեպը: Թեմային անդրադարձել է Վիկտորյա Սարգսյանը:

ՆԳՆ-ից, Դատախազությունից և այլ համապատասխան մարմիններից դեպքի առնչությամբ մինչ այս պահը որևէ մեկնաբանություն չի եղել: Կատարվածի մասին միայն «ՍիվիլՆեթ» լրատվականի լրագրող Հայկ Ղազարյանն է պատմել ֆեյսբուքյան ուղիղ եթերում:

«Քաղաքի կենտրոնում էն հին ձևերով «դալանն» են մտցրել: Կարծեմ սպիտակ նիվա էր, օպերացիա էր մշակված, որ փողոցից բռնեն ու տանեն ինձ: Գոռացել եմ, որ մարդիկ դուրս գան: Նույնիսկ, երբ մարդիկ հավաքվել են, ցուցադրաբար քթիս հարվածել են»:

Լրագրողի աշխատանքին խոչընդոտելն ու հատկապես նրա նկատմամբ բռնություն գործադրելն անընդունելի է` ասում է իրավապաշտպան, «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը: Իրավապաշտպանն ընդգծում է` միջադեպի մանրամասները պետք է բացահայտվեն, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք պատասխանատվության ենթարկվեն:

«Առհասարակ լրագրողի աշխատանքն ամենավտանգավորներից մեկն է, իսկ հատկապես Արցախում աշխատելու համար մեծ խիզախություն է անհրաժեշտ, և այդ խիզախությունը Հայկ Ղազարյանը ցուցաբերել է իր գործունեությամբ: Անթույլատրելի է դրանից առաջ տեղի ունեցած միջադեպը, երբ լրագրողի ձեռքից խլել են հեռախոսը և չեն թույլատրել իրականացնել մասնագիտական գործունեությունը: Բայց էլ ավելի վրդովվեցուցիչ է, որ դրանից հետո դիմել են ֆիզիկական բռնության` ավելին փորձ են կատարել առևանգել: Սա որևէ քաղաքակիրթ շրջանակների մեջ դժվար է դիտարկել»:

Իրավապաշտպանի խոսքով` միջադեպը չի կարող անտեսվել ու արդեն կան մի շարք արձագանքներ: Կատարվածի մասին կտեղեկացվեն նաև միջազգային կազմակերպություններ:

«Ասեմ նաև, որ լրագրողական 10 կազմակերպություն այսօր համատեղ հայտարարություն են պատրաստում և օրվա վերջին այն կհրապարակվի: Մենք պարզապես վրդովված ենք և պահանջում ենք Արցախի իշխանություններից արձագանքել և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել»:

Լրագրող Հայկ Ղազարյանի վրա հարձակվելու և բռնություն գործադրելու կապակցությամբ հայտարարություն են տարածել արցախյան մի շարք հասարակական կազմակերպություններ: Նրանք անընդունելի են համարում խոսքի ազատության ոտնահարումը, լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը և լրագրողի նկատմամբ կիրառված բռնությունը՝ պահանջելով իրավապահ մարմիններին ձեռնարկել բոլոր գործողությունները դեպքի մանրամասները բացահայտելու համար:

«Արցախի համար այս դժվարին ժամանակաշրջանում կարևոր ենք համարում իրավապահ մարմինների առավել պատասխանատու և հավասարակշիռ գործելաոճը։ Երբ Ադրբեջանի կողմից ամեն օր խախտվում են արցախահայության մի շարք հիմնարար իրավունքներ, Արցախի իշխանությունները պարտավոր են զգոն լինել և թույլ չտալ մարդու իրավունքների լրացուցիչ խախտումներ պետության ներսում»։

Լրագրողի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու դեպքի առնչությամբ ՄԻՊ-ի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ: Այս մասին հայտնել են պաշտպանի աշխատակազմից: Մարդու իրավունքների պաշտպանը խստագույնս դատապարտել է լրագրողի նկատմամբ կիրառված բռնությունը՝ պահանջելով իրավապահ մարմիններին ձեռնարկել բոլոր գործողությունները` դեպքի մանրամասները բացահայտելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

 

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ