Ինչու՞ է խաղաղության օրակարգով վաշինգտոնյան բանակցությունների ընթացքում Ադրբեջանը կրակ բացում հայկական դիրքերի ուղղությամբ: Եվ արդյոք պատահակա՞ն է, որ ադրբեջանական սադրանքը կրկին համընկավ Կուրբան Բայրամ տոնի հետ: Հարցերի շուրջ Վիկտորյա Սարգսյանը զրուցել է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանի և արևելագետ Արմեն Պետրոսյանի հետ:
Այն պահին, երբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Վաշինգտոնում խաղաղությանն ուղղված բանակցություններ էին վարում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայական դիրքերի ուղղությամբ` կիրառելով հրետանի և ԱԹՍ: Խաղաղության օրակագով վաշինգտոնյան բանակցությունների առաջին փուլից հետո, հողի վրա կրկին ռազմական գործողություններ են:
Մինչ բանակցությունները, Ադրբեջանն իր արտգործնախարարի, պաշտպանության նախարարի և այլ հայտարարություններով նախապես փորձել է շրջանագծել բանակցություններն այնպես, ինչպես ինքն է պատկերացնում, իր տեսակետը` ասում է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը: Իսկ այդ տեսակետը հետևյալն է.
«Իր տեսակետից Արցախի հարցը մեկընդմիշտ փակված է, որևէ միջազգային միջամտության կարիք չունի` առավել ևս ՀՀ միջամտության կարիք: Նախապես անելով այդ հայտարարությունները և գնալով այնտեղ, հիմա էլ փորձում է այսպիսի միջոցներով վերահաստատել իր դիրքորոշումը, որ պատրաստ չէ որևէ ձևաչափում` այդ թվում վաշինգտոնյան, քննարկել Արցախի հետ կապված որևէ հարց»:
Արցախի ԱԺ-ն այսօր հայտարարություն է տարածել, որով նաև կոչ է արվել ՀՀ պատվիրակությանը՝ անհապաղ դադարեցնել վաշինգտոնյան բանակցությունները՝ մինչև Արցախի հետ շփման գծում և ՀՀ սահմաններում լիակատար հրադադարի հաստատումը: Քաղաքագետն այս քայլը ճիշտ չի համարում` պարզաբանելով.
«Որովհետև Ադրբեջանի գործողությունները հենց պայմանավորված են նրանով, որ իրենք չմերժեն այդ ձևաչափը, չնայած մեծ սիրով դա կանեին, այլ Հայաստանը մերժի: Եվ դրա համար ստեղծում են պայմաններ: Ես կարծում եմ, որ եթե ՀՀ պատվիրակությունը չձևացնի, թե ոչ մի բան չի կատարվել, այլ ուղղակի հստակ ներկայացնի իր մերժումը, բողոքը` այս ամեն ինչի հետ կապված, միանգամայն հնարավոր է, որ Ադրբեջանն ինքը դուռը շրխկացնի և դուրս գա: Եվ այդ դեպքում ՀՀ հետ կապված որևէ խնդիրներ չեն ծագի միջազգային ասպարեզում»:
Պետք չէ հնարավորություն տալ Ադբեջանին շարժվել ըստ իր սցենարի և պետք է գծել սեփական սցենարը` ընգծում է Արմեն Հողհաննիսյանը:
Արցախի դեմ իրականացված հերթական սադրանքը դիտավորություն է, և օրն էլ պատահական չէ ընտրված: Մահմեդական աշխարհն այսօր սկսում է տոնել Էիդ ալ-Ադհան, կամ` Կուրբան Բայրամը: Ճշմարիտ մահմեդականներին պատգամված է այդ տոնի ընթացքում զերծ մնալ պատերազմելուց: Այսպիսով, Ադրբեջանը հիմնավորում է իր գործողությունները, նշելով իբր այս տոնական օրով իրենք չէին կարող ռազմական գործողություններ սկսել և ստիպված են եղել պարզապես պաշտպանվել: Սակայն միանշանակ է, որ Ադրբեջանի քայլերը կրում են դիտավորություն` ասում է արևելագետ Արմեն Պետրոսյանը:
«Ադրբեջանի նման գործողությունները հստակ ծրագրված են: Դրա լավագույն ապացույցներից էլ այն է, որ Ադրբեջանական սադրանքին հետևեց տեղեկատվական-քարոզչական և վերլուծական դաշտում Բաքվի բռնապետական վարչակարգի նման վարքագծի հիմնավորմանն ուղված թեզերի շրջանառումը»:
Օրվա ընտրության մյուս կարևոր հանգամանքն ուղղված է մահմեդական աշխարհում Հայաստանի նկատմամբ բացասական տրամադրությունների առաջացմանը: Հայաստանն այս ժամանակաշրջանում փորձում է զարգացնել հարաբերությունները մահմեդական մի շարք կարևոր երկրների հետ` այդ թվում Թուրքիայի: Եվ նման կարևոր տոնին հայկական կողմին սադրանքներ վերագրելը հստակ նպատակ է հետապնդում` ասում է ալևելագետը:
«Այսինքն Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, արցախյան հիմնախնդիրը շարունակեն մնալ զգայուն խնդիր ողջ մուսուլմանական աշխարհի համար: Ադրբեջանը չի ցանկանում, որ 44-օրյա պատերազմից հետո, ներկայում ընթացող Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին զուգահեռ, Հայաստանը փորձի բարելավել հարաբերությունները մուսուլմանական երկրների հետ»:
Վերադառնալով Վաշինգտոնյան բանակցություններին` առաջին փուլից հետո ի՞նչ հետևություններ կարող ենք անել և ի՞նչ կարող ենք սպասել: Արմեն Հովհաննիսյանի կարծիքով` որևէ առաջընթաց այս փուլում չկա:
«Եթե նույնիսկ այդ առաջընթացը լիներ, ապա այս կրակոցները ցույց են տալիս, թե որքան է «անկոտրում» Ադրբեջանն իրեն պահում և զիջելու պատրաստ չէ»:
Պետք է անկեղծ լինել և ասել, որ ստեղծված իրավիճակում անելիք ունի նաև ՊԲ-ը` ասում է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը: Պետք է ավելի ամուր պաշտպանություն կազմակերպել և հույս չդնել այլ ուժերի վրա: Ադրբեջանը շարունակելու է բոլոր հասու միջոցներով այսպիսի սադրանքներ գործել: Ոչ միայն ՊԲ-ը, այլև բոլորս պետք է պատրաստ լինենք ինքնապաշտպանության: Իսկ դիվանագիտական ճակատում լինել և՛ խոհեմ, և՛ մարտական` ընգծում է քաղաքագետը: