Արցախը արդեն 7 ամիս է շրջափակման մեջ է: Հուլիսի 11-ին Ադրբեջանը կրկին արգելել է ԿԽՄԿ-ի տրանսպորտային միջոցների տեղաշարժը Քաշաթաղի միջանցքով, ինչի պատճառով առողջապահական համակարգը կրկին բախվեց հին-նոր խնդիրների:
Ստեփանակերտի ծննդատունը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով: Սակայն հղի կանանց որոշ հետազոտություններ տեղում իրականացնել հնարավոր չէ: Թեմային անդրադարձել է Վիկտորյա Սարգսյանը:
Շրջափակման հարուցած սթրեսը, անհանգստությունը, դեպրեսիան և թերսնումը ավելի սուր հետևանքներ են թողնում հղի կանանց առողջության և հղիության նորմալ ընթացքի վրա: Խանունթներում բացակայում է անհրաժեշտ շատ մթերք, դեղատներում` համապատասխան դեղատեսակներ: Մեր այսօրվա զրուցակիցը` Վեհանուշը հղիության 7-րդ ամսում է: Նա իր առաջին փոքրիկին է սպասում: Հղիության հենց սկզբից որոշ առողջական և հոգեբանական խնդիրներ է ունեցել: Դրանց գումարվել են նաև շրջափակման հարուցաց խնդիրները:
«Շրջափակումն ազդել է նախ հոգեբանորեն: Հետո նաև չկան այն վիտամինները, այն սնունդը, որոնք մենք պարտադիր պետք է օգտագործենք: Դեղերի պակաս կա: Լուրջ խնդիրներ` նաև հետզոտությունների առումով: Օրինակ` հիմա պետք է որոշ հետազոտություններ անցնեմ, որոնք տեղում հնարավոր չէ անել: Բայց ճանապարհի ամբողջական փակ լինելու պատճառով այդ հետզոտությունները չեմ անցնի»:
Մինչ ծննդյան խնամքն ու հետազոտությունների ամբողջ ծավալը, հնարավոր չէ ապահովել միայն Ստեփանակերտում ունեցած պաշարով ու սարքավորումներով` ասում է Ստեփանակերտի ծննդատան ամբուլատոր բուժօգնության գծով տնօրենի տեղակալ Էդուարդ Ղահրամանյանը: Նա նշել է, որ գործադրվում են ջանքեր իրավիճակը վերահսկելու համար:
«Մենք շարունակում ենք աշխատել մեր ռեժիմով և փորձում ենք բավարարել և սպասարկել բնակչությանը: Բայց, ցավոք, շրջափակմամբ պայմանավորված, մենք չենք կարողնում տեղում որոշ լաբորատոր հետազոտություններ իրականացնել, որոնք մենք ուղարկում էինք Հայաստան: Դրանք սքրինինգային հետազոտություններ են, որոնք իրականացվում էին տեղի մասնավոր կլինիկաներում: Այդ հետազոտությունները շատ կարևոր են հղիների համար, որոնց պատասխանների հիման վրա պատկերացում ենք կազմում մոր և երեխայի վիճակի մասին»:
Գլխավոր խնդիրից մեկը, որն առանձնացնում է մասնագետը, հղիների թերսնումն է: Սա լուրջ ազդեցություն կարող է թողնել կնոջ առողջության, ապա նաև` երախայի լիարժեք զարգացման վրա:
«Այս ամենն ավելի կարևոր է հղիության առաջին եռամսյակում: Երեխայի կազմավորման առաջին շրջանում պետք է լինել հետևողական: Ստեղծված իրավիճակը, սակայն, թույլ չի տալիս դա»:
Այս պայմաններում ծնող դառնալու պատասխանատու որոշում կայացնելն արդեն իսկ հերոսություն է` նշում է Էդուարդ Ղահրամանյանը: Մի քանի խորհուրդ է առանձնացնում ապագա մայրիկների համար:
«Ընդհանրապես, այս պայններում շատ դժվար է խորհուրդներ տալ, քանի որ նախկինում մենք առաջին հերթին խորհուրդ էինք տալիս լավ սնվել: Երբ դեռ որոշակի քանակությամբ դեղորայք մատակարարվում էր, մենք հղիների համար անհրաժեշտ վիտամիններ էինք ստանում: Բայց այսօր դա նույնպես խնդիր է: Հղիներին խորհուրդ ենք տալիս ամուր լինել: Անկեղծ ասած` նրանք շատ ուժեղ են, երբեք չեն ընկճվում, միշտ գեղեցիկ ու կոկիկ տեսք ունեն: Ինձ դա միշտ շատ ուրախացնում է»:
Վեհանուշը քիչ-քիչ սկսում է պատրաստվել ծննդաբերությանը: Իրավիճակից ելնելով, այսօր մայրիկները սովորականից շուտ են սկսում պատրաստվել: Պատճառը խանութներում օր օրի քչացող ապրանքներն են` թե՛ երեխայի, թե՛ կնոջ համար նախատեսված:
Արցախի առողջապահական համակարգը 7 ամիս շարունակ պայքարում է շրջափակման հարուցած խնդիրների դեմ: Հուլիսի 11-ից Ադրբեջանը կրկին արգելափակել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից առողջական ծանր խնդիրներ ունեցող արցախցի բուժառուների տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն, ինչպես նաև` բուժառուների վերադարձը դեպի Արցախ:
Տասնյակ բուժառուներ սպասում են իրենց տեղափոխությանը Հայաստանի Հանրապետության մասնագիտական բժշկական կենտրոններ՝ անհապաղ բուժօգնություն ստանալու համար: