Փետրվարի 12-ը հադրութցիները հիշում են հպարտությամբ, նշում այն որպես ազգային զարթոնքի, վերածննդի օր։ Նույնիսկ հիմա, երբ Հադրութն օկուպացված է թշնամու կողմից, և ազգային ազատագրական շարժումը, թվում է, իմաստազրկված, նրանք փորձում են այդ օրերի մասին պատմել աշխարհին և, որ պակաս կարևոր չէ, սերունդներին։ 2020 թվականի պատերազմից հետո, հադրութցիները ցրվել են աշխարհով մեկ։ Նրանց մի մասը Երևանում է ապաստանել։ Այնտեղ հիմնադրված «Դիզակ արտ» մշակութային երիտասարդական կենտրոնը երեկ վավերագրական լուսանկարների ցուցահանդես էր կազմակերպել, նվիրված Արցախյան շարժման 35-ամյակին։ Կենտրոնի համահիմնադիր Երազիկ Ավանեսյանը միջոցառման մասին է պատմում․
«Միջոցառման կազմակերպիչներն են ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը և «Դիզակ արտ» կենտրոնը։ Ցոցահանդեսին ներկայացված լուսանկարների մի մասը Հադրութի Ա․ Մկրտչյանի անվան հայրենագիտական թանգարանի արխիվից է, մի մասը լուսանկարիչներ Զոհրապ Ըռքոյանի, Աշոտ Յարամիշյանի, Վալերի Պետրոսյանի անձնական արխիվներից»։
«Դիզակ արտ» կենտրոնը ի սկզբանե ստեղծվել է՝ տարբեր նախաձեռնությունների շուրջ համախմբելու պատերազմի հետևանքով տարբեր վայրերում հայտնված հադրութցիներին ու այլ շրջաններից տեղահանված արցախցիներին։ Շարժման մեկնարկը խորհրդանշող այդ օրը չնշել չէինք կարող՝ ասում է կենտրոնի համահիմնադիրը։
«ԸՆդամենը 5 տարի առաջ մեծ շուքով Հադրութում նշում էինք Շարժման 30-ամյակը։ Բնավ չէինք կասկածում, որ կհայտնվենք այս իրավիճակում։ Այսօր ՀՀ և Արցախի տարբեր բնակավայրերում ենք նշում այս օրը և մեր հարգանքի տուրքը մատուցում Շարժման ակունքերում կանգնած մեր հայրենակիցների հիշատակին»։
1988-ը Արցախի պատմության համար շրջադարձային էր։ Հադրութի հանրահավաքին նախորդել ու հաջորդել են իրադարձություններ, որոնք կանխորոշել են ոչ միայն արցախահայության, այլ ամբողջ հայության ճակատագիրը։ Արցախահայությունը բարձրացրեց իր ձայնն՝ ի պաշտպանություն սեփական իրավունքների ու ազատությունների։ Պահպանելով բոլոր գործող իրավական նորմերն ու ազատ կամքի արտահայտման բացառապես ժողովրդավարական ձևերը՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը Հայաստանի հետ վերամիավորում պահանջեց։ 1988թ․ փետրվարի 11 -ին Ստեփանակերտում տեղի ունեցած մարզկոմի բյուրոյի նիստում որոշվեց հաջորդ օրը ԼՂԻՄ շրջաններում և Ստեփանակերտում անցկացնել հանդիպումներ՝ դատապարտելու մարզում տեղի ունեցող իրադարձությունները։ Հադրութում նախատեսված հանդիպումը վերածվեց հանրահավաքի։ Շրջաններից շարժումը տեղափոխվեց Ստեփանակերտ, որի ընթացքն այլևս կասեցնել հնարավոր չէր։ «Պետք է նկատել, որ Շարժումը Ղարաբաղում երբևէ չէր մարել,- ասում է 88-ի շարժման ակտիվ մասնակից Մարգարիտա Քարամյանը։ Ավագները կհիշեն, թե պարբերաբար ինչպես էր այն բռնկվում՝ ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ կիրառվող ոտնձգություններից ու հանցագործություններից հետո։ Ուղղակի, երևի խորհրդային համակարգի պայմաններում Շարժումը համակարգել չէր ստացվում։ Բայց այն մի օր պիտի պայթեր»։
«1986-1987 թվականներին արդեն Մանվել Սարգսյանը, Էմիլ Աբրահամյանը, Արթուր Մկրտչյանը, Իգոր Մուրադյանը սկսեցին այդ խնդիրներով զբաղվել, ստեղծվեց մի կորիզ, որի շուրջ համախմբվեց ժողովուրդը, համաժողովրդական շարժում սկսվեց, որով պիտի հասնեինք մեր ազգային նպատակներին»։
Պայթյունը եղավ, իրենց իրավունքների ու ազատությունների համար պայքարող արցախահայությունը ոտքի ելավ ու ոտքի հանեց ամբողջ հայությանը։ «Ներկա սերնդի համար, որ կարող է իր գաղափարների ու սկզբունքերի համար ցույցեր ու հավաքներ կազմակերպել կամ մասնակցել, գուցե դժվար ընկալելի լինի, թե ինչ է նշանակում հանրահավաք կազմակերպել խորհրդային միության համակարգի պայմաններում, որովհետև չեն պատկերացնում, թե ինչ ճնշումների են ենթարկվում ինչպես կազմակերպիչները, այնպես էլ մասնակիցները։ Այսօր իրավիճակը այլ է, բայց Շարժումը, ո՛չ, չի՛ իմաստազրկվել»,- ասում է Մարգարիտա Քարամյանը։ Եվ Երևանում կազմակերպված միջոցառման նպատակն է՝ հիշել և վերաարժևորել 35 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները, Շարժման առաջամարտիկներից ու վավերագրողներից լսել՝ ինչու և ինչպես է եղել, ովքեր էին Շարժման ակունքներում, ինչու և ինչպես Միացման գաղափարը վերափոխվեց անկախության։ Մարգարիտա Քարամյանը Շարժման սկզբնական՝ միացման գաղափարի այդ փոփոխությունը սխալ է համարում։
«Շարժման հենքը եղել է Միացումը։ Հետո հայտնվեցին մարդիկ, որոնք գուցե չէին կիսում կամ ընկալում այդ գաղափարը, գեներացվեց անկախության գաղափարը։ Բայց չնայած դրան, ի պատիվ մեր ժողովրդի, մեզ հաջողվել է 6 տարվա մեջ ստեղծել հայկական պետություն, պետականություն՝ անցնելով պատերազմի, ճնշումների, Բաքվի ու Սումգայիթի ջարդերի, «Կոլցո» օպերացիայի միջով»։
«Այլ հարց է, որ չկարողացանք այդ հաղթանակը ամրագրել, կապիտալիզացնել, դրան որակ հաղորդել»,-ասում է։ Հիմա էլ, երբ պարտված ենք, և տրամադրություններն այնպիսին չեն, ինչպիսին էին 80-ականներին, Շարժումը թերագնահատել չի կարելի։ Այն, ինչ տեղի է ունեցել մեզ հետ այդ տարիներին, ընդհուպ մինչև պարտադրված հաղթանակ, մեր պատմությունն է, մեր հպարտությունն ու ազգային արժանապատվությաւնը։
«Իրենք շարժվում էին միջազգային օրենքներով,՝ միջազգային իրավունքերին համապատասխան։ Եվ ազգային ազատագրական շարժման ցանկացած փաստաթուղթ մինչ այսօր ոչ քննադատվել է, ոչ բեկանվել, ոչ էլ որևէ մեկն ասել է, որ այդ Շարժումը ինչ-որ բանի հակասում է։ Հենց դա է մեր ուժը։ Ես համոզված եմ, որ ցանկացած գիտակից մարդ հասկանում է որ Ազգային ազատագրական շարժումը մեզ փրկել է հերթական ցեղասպանությունից»։
Արցախյան ազատագրական շարժումը սկսել է 35 տարի առաջ։ Այն չի ավարտվել և շարունակվում է նաև այսօր։ Պայքարել պետք է, քանի կենդանի ենք՝ ասում է զրուցակիցս․ պայքարն է կյանքի շարժիչ ուժը։ Արցախցիները դա լավ գիտակցել են 35 տարի առաջ, գիտակցում են նաև այսօր։