Նոյեմբերի 24, 2024

Մեսրոպ Մաշտոց համալսարանին շնորհվել է ինստիտուցիոնալ հավատարմագրում

By Վիկտորյա Սարգսյան Փետրվարի 15, 2023
Մեսրոպ Մաշտոց համալսարանի հավատարմագրման գործընթացը տևել է շուրջ 4 տարի։ 2019-ին մեկնարկած աշխատանքներն ընդհատվեցին նախ կորոնավիրուսի, հետո   44-օրյա պատերազմի պատճառով։ Մինչ հավատարմագրումը, Մեսրոպ Մաշտոց համալսարանի դիպլոմը ճանաչվում էր և՛ ՀՀ-ում, և՛ արտերկրում։ Այս առումով հավատարմագրումը բուհի գործունեությունում որևէ բան չի փոխել՝ ասում է համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը։ Բայց, քանի որ նախարարության կողմից հավատարմագրումը պահանջվում էր, բուհը նույնպես ընդունեց ավատարմագրման գործընթաց անցնելու որոշումը։ 
 
«Գործընթացը սկսվեց 2019 թվականին և ներգրավված էին բոլոր բուհերը։ Սկսվեց պատերազմը, մինչ այդ էլ կորոնավիրուսն էր։ Այդ պատճառով գործընթացը երկարաձգվեց։ 2021 թվականին աշխատանքները վերսկսեցինք, ու մեծ ծավալով աշխատանք տարվեց։ Սա ինստիտուցիոնալ հավատարմագրում է՝ այսինքն համալսարանի կառուցվածքը, գործունեությունը՝ կառավարման մակարդակում։ Այս ամենը մեզ մոտ կար, բայց ցանկացանք կատարելագործել»։ 
 
Անցած տարվա մայիսին համալսարան այցելեցին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի մասնագետները։ Նրանք հանդիպումներ ունեցան թե՛ բուհի ղեկավար կազմի, թե՛ ուսանողների հետ։ Խումբն իրականացրեց փաստաթղթերի ուսումնասիրություն, ռեսուրսների դիտարկում, դասալսումներ, ինչպես նաև դիտարկեց ուսանողի գնահատումը։ 
 
«Համալսարանը նրանց դուր եկավ, որովհետև  սա բաց, ազատ ու հետաքրքիր համալսարան է։ Հենց առաջին օնլայն փուլում նրանք դա ասացին։ Արդեն երկրորդ փուլը օֆլայն ռեժիմում էր։ Մանսագետների այցերից հետո բավականին լավ արձագանքներ ստացանք»։
 
 Ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշներից 2-ը` «Կառավարում և վարչարարություն» ու «Ենթակառուցվածք և ռեսուրսներ», գնահատվեց անբավարար։ Հանձնաժողովի անդամների որոշմամբ ՄՄՀ-ին շնորհվեց պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով։ Համալսարանը  չհամաձայնվեց այս որոշման հետ ու բողոքարկեց այն։ Դոնարա Գաբրիելյանն է պարզաբանում։ 
 
«Մենք ունեցանք երկու անբավարար ցուցանիշներ՝ ռեսուրս և կառավարում։ Ռեսուրս՝ այինքն փոքր շենք, քիչ ֆինանս՝ համեմատած մյուս բուհերի հետ։ Մասնագետները հարցրեցին՝ ինչպես է 600 ուսնաող տեղավորվում նման փոքր շենքում։ Բողոքարկման մեջ մենք պարզաբանեցինք, որ մեր 600 ուսանողներից 300-ը սովորում են հեռակա բաժնում։ Իսկ 300 ուսանողները սովորում են երկու հերթով։ Արդյունքում՝ 150 ուսանող հեշտությամբ տեղավորվում է շենքում։ Եկրորդի դեպքում նրանք հարցրեցին՝ ինչու յուրաքանչյուր ֆակուլտետի համար չունենք առանձին ամբիոններ։ Իսկ մենք ասացինք, որ, երբ բոլոր դասավանդողները մեկ սենյակում են լինում, այն  լավ հնարավորություն է համագործակցելու և դասերը ավելի հետաքրքիր կազմակերպելու համար։ Այսպիսով, մենք մեր թերությունը օգտագործում են որպես առավելություն»։
 
 Հիմք ընդունելով բողոքարկման հանձնախմբի եզրակացությունը, հավատարմագրման հանձնաժողովը կայացրել է որոշում՝ Մեսրոպ Մաշտոց Համալսարանին շնորհել ինստիտուցիոնալ հավատարմագրում ՝ 4 տարի ժամկետով։ Մեսրոպ Մաշտոց համալսարանն ի սկզբանե ունեցել է հստակ քաղաքականություն և կարգախոս՝ «Անել այն ամենը, ինչը օգուտ կբերի երկրին»։ Այս կարգախոսը փակցված է նաև համալսարանի պատերին։ Դոնարա Գաբրիելյանի խոսքով՝ գործունեության առաջին տարիներին համալսարանը նախ ուսումնասիրել է աշխատանքի շուկան ու պարզել, թե որ մասնագիտություններն են   ամենապահանջվածը և որոնք են  բացակայում  մյուս բուհերում։ Այդպիսով ստեղծվեցին տեղեկատվական տեխնոլոգիաների, օտար լեզուների և կովկասագիտության բաժինները։ Այսօր այդ ուղղությամբ աշխատանքները շարունակում են՝ կատարվում են տարբեր ուսումնասիրություններ՝ փորձելով  ներդնել ավելի նոր ու գրավիչ մասնագիտություններ։ Բուհի ռեկտորի խոսքով՝ բուհն  առաջիկայում հանդես կգա նոր առաջարկներով։
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ