Ինչո՞ւ է կարևոր Հաագայի դատարանի որոշումը, հատկապես, որ այն կոչված չէ խախտում ամրագրելու, այլ ընդամենը որոշելու է, թե արդյոք ճանապարհը պե՞տք է բացել, թե ոչ՝ առանց արձանագրելու խախտում։ Միջազգային իրավունքի մասնագետները գտնում են, որ ամեն դեպքում կարևոր է, որ դատարանի որոշումը դրական լինի։ Ինչու՝ Արա Ղազարյանը հիմնավորում է այսպես․
«Մենք հասկանում ենք, որ եթե հօգուտ Հայաստանի որոշեց, դա նշանակում է, որ որոշակիորեն նախանշում է նաև ապագա որոշումը խախտման վերաբերյալ։ Ուստի այսօր ակնկալում ենք, որ դատարանը պետք է ասի՝ պետք է ապահովել ճանապարհի անխափան աշխատանքը բեռների ու մարդկանց համար Ադրբեջանի կողմից։ Սա նշանակում է բառացիորեն խախտում չարձանագրել, բայց անուղղակիորեն արձանագրել խախտում։ Իսկ ամենակարևոր հանգամանքն այն է, որ լինելու է դատարանի որոշում՝ ճանապարհը բացելու մասին»։
Արա Խզմալյանի կանխատեսմամբ էլ Հաագայի դատարանի որոշումը դրական պիտի լինի, այլ հարց է, թե որքան խիստ կգնահատվեն Ադրբեջանի խախտումները և ինչ պահանջ կառաջադրվի նրան՝ ասում է։ Կա նաև խնդրի մյուս կողմը․
«Ոչ մի բան 100 տոկոսով չի կարա լինի, բայց ակնկալիքը դրական է։ Բայց մենք պետք է հասակնանք, որ դատարանի պահանջը չեն երաշխավորում իրականում ճանապարհի բացում»։
Եթե դատարանը արձանագրի, որ ճանապարհը պետք է բացվի, դա նշանակում է, որ ճանապարհը փակված է անօրինական, ասում է Արա Ղազարյանը։ Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանի բերած ամբողջ փաստակազմը անիմաստ է։
«Փաստակազմն անմիջապես ցնդում է, այն որ իրավապաշտպաններ են, այն, որ իրավաչափ նպատակ են հետապնդում, որ օրինական է, և այլն։ Ընդհանրապես, միջազգային իրավունքում կա հստակ դիրքորոշում․ ճանապարհը փակելը փակելու նպատակով՝ անիրավաչափ է և միջազգային որևէ ատյան չի կարող շրջանցել աքսիոմա դարձած մոտեվցումը։ Մասնավորապես Եվրոդատարանի մոտեցումը։ Հիմա «իրավապաշտպաններն» ասում են՝ մենք ճանապարհը փակել ենք օրինական, բայց չեն նշում, թե օրենքը որն է, և նպատակի օրինականությունը որն է»։
Արա Ղազարյանը չի կարծում, թե Հաագայի դատարանը հետ կանգնի այդ աքսիոմայից։ Մեր զրուցակիցները միակարծիք են այն հարցում, թե Արդարադատության միջազգային դատարանի որոշումն անմիջապես ու անվերապահ կատարելու է Ադրբեջանը, բայց նրանց համոզմամբ, այն կարևոր փաստարկ է լինելու հայկական կողմի հետագա քայլերի համար։
«Համենայն դեպս Ադրբեջանի իրավական, քաղաքական ռեսուրսը , որով դիմադրում է Հայաստանի, աշխարհի տարբեր ատյանների պահանջներին, էապես նվազելու է։ Բնականաբար, դա բերելու է վարքագծի փոփոխության։ Ադրբեջանը կնահանջի․ չեմ կարծում, թե ամբողջությամբ ճանապարհը կբացի, բայց ավելի շատ իմիտացիոն գործողություններ կկատարի, մինչև տեսնեք թե որը կլինի հաջորդ քայլը»։
Արա Խզմալյան «Դա կարևորագույն փաստարկ է լինելու և դիվանագիտության համար, և ապագա նոր իրավական գործընթացների համար։ Եթե ավելի բարձր մակարդակի նայենք, ապա հետագա գործողությունների համար լավ հենք կդառնա նաև Արցախի հարցում։ Ուժեղ փաստարկ կլինի Ադրբեջանի վերահսկողության տակ համատեղ կեցությունը բացառելու առումով»։
Արդարադատության միջազգային դատարանը պիտի հրապարակի նաև Հայաստանի դեմ ներկայացրած՝ Ադրբեջանի հայցի վերաբերյալ որոշումը՝ ականների վերաբերյալ։ Արա Խզմալյանի կարծիքով, ըստ էության, Ադրբեջանն արդեն իսկ անտեսում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանին՝ ներկայացնելով նմանատիպ պահանջ։ Ադրբեջանը մեկ անգամ արդեն մերժվել է․ հայցը, որ Հայաստանի կողմից ականապատում արվում է ռասայական խտրականության, այն է՝ էթնիկ զտման նպատակով, ապացույցների անբավարարության հիմքով մերժվել է մի անգամ, հայկական կողմը կանխատեսումներ ունի, որ այս անգամ էլ կմերժվի։ Արա Ղազարյանն ասում է, որ
«Ի վերջո, բացի Ադրբեջանից, այլ միջազգային գործընկեր կամ հաթակ չի աջակցել Ադրբեջանի պնդումներին, որ իսկապես ՀՀ զինված ուժերը ականապատել են ։ Դա առաջին հերթին տրամաբանության մեջ չի տեղավորվում, բացի այդ՝ ապացույց չկա։ Դրա համար, կարծում եմ, այդ դիմումը մերժվելու է»։
Բացի այդ, եթե նույնիսկ լինեն ապացույցներ այդ մասով, Ադրբեջանը պիտի նաև հիմնավորի ապացույցներով, որ դա արվում է ոչ թե ռազմական նպատակով, այլ թույլ չտալու համար, որ ադրբեջանցիները վերադառնան ու ապրեն այդ տարածքներում։ Մինչդեռ այդ տարածքները, որի մասին խոսք է գնում, ադրբեջանցիների վերահսկողության տակ են։ Ինչևէ, մեկ ժամից քիչ ժամանակ է մնում, որ միջազգային արդարադատության բարձրագույն մարմինը հրապարակի որոշումները։ Իսկ թե ինչ կտան դրանք հայկական կողմին, ինչպես կօգտագործվեն հայակական դիվանագիտության կողմից, ժամանակը ցույց կտա։