Միացյալ ազգերի կազմակերպության Արդարադատության միջազգային դատարանի որոշումը պարտադիր կատարման ուժ ունեցող փաստաթուղթ է` «Արցախ» լրատվականին ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը։
«Դատարանի որոշումը, առաջին հերթին, պետք է գնահատել որպես կատարման համար պարտադիր իրավական փաստաթուղթ, որն առաջացնում է իրավական հետևանքներ։ Այսինքն` բացի եռակողմ համաձայնագրից մենք ունենում ենք նաև իրավաբանական պարտադիր ուժ ունեցող՝ միջազգային դատարանի որոշում, որն ուժի մեջ է մինչև գործի քննության ավարտը․ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով վերջնական վճռի կայացում։ Նշել ենք բազմիցս, որ այդ գործի քննությունը տարիներ է տևելու, և այդ ամբողջ ընթացքում դատարանի այս որոշումը մնալու է ուժի մեջ, ինչը ենթադրում է, որ Ադրբեջանն իրավաբանորեն պարտավորված է չազդել, կամ որևէ կերպ չխոչընդոտել Լաչինի միջանցքով բեռների, մարդկանց և տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժին»։
Ադրբեջանը քամահրական է վերաբերվում միջազգային իրավական ոչ պարտադիր որոշումներին։ Կարո՞ղ է, արդյոք, Ադրբեջանը չկատարել միջազգային արդարադատության բարձրագույն մարմնի պահանջը։ Ի՞նչ կարող է հետևել դրան։
«Եթե Ադրբեջանը խոչընդոտի տեղաշարժին և չկատարի դատարանի որոշումը, ապա գործի պետք է դրվեն քաղաքական մեխանիզմներ, որովհետև Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարման վերահսկողություն կամ լծակներ ունի ՄԱԿ Անվտանգության խորհուրդը, այսինքն, այստեղ է, որ առաջ են գալիս քաղաքական մեխանիզմները կամ դրանք ներդնելու անհրաժեշտությունը՝ պարտավորեցնելու Ադրբեջանին համապատասխանեցնել իր վարքագիծը դատարանի որոշմանը»։
Սակայն միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանը մտավախություն ունի, որ ՄԱԿ ԱԽ-ում վետոյի իրավունք ունեցող որևէ պետություն կարող է խոչընդոտել կառույցի ներգրավմանը․
«Պարտավորեցնելու գործիքը, ենթադրվում է, որ ՄԱԿ Անվտանգության խորհուրդն է, որովհետև այդպիսինն է մեխանիզմը՝ դատարանի որոշումների կատարման, եթե, իհարկե, կամավոր կերպով պետությունը չի իրականացնում։ Անվտանգության խորհուրդը, իհարկե, քաղաքական մարմին է և դրա որոշումները կոնսենսուսով են ընդունվում կամ ձայների մեծամասնությամբ․ 9 անդամ պիտի կողմ քվեարկի, որպեսզի մենք կարողանանք որոշում ունենալ, այս պարագայում, բայց վետոյի իրավունք ունեցող պետություններն էլ պետք է դրական արձագանքեն։ Իհարկե, հնարավոր է նաև, որ վետո կիրառվի, բայց դա արդեն մեր դիվանագիտական և քաղաքական աշխատանքը պետք է զգոնացնի, որ մենք կարողանանք դիվանագիտական և քաղաքական գործիչների միջոցով մեր գործընկեր պետություններին համոզենք, որ միջազգային իրավունքը, ամեն դեպքում, պիտի գերակայի»։
Տարոն Սիմոնյանը նշում է, որ Հայաստանի կողմից ամեն անգամ Արդարադատության միջազգային դատարան դիմելուց հետո Ադրբեջանը փորձում է հայելային մեղադրանք ներկայացնել ընդդեմ Հայաստանի, սակայն ամեն անգամ էլ ձախողում է․
«Դա նշանակում է, որ Ադրբեջանն արդեն պիտի հասկանա, որ իրավունքի չարաշահման իր քաղաքականությունը պետք է դադարեցվի և այնպես չլինի, որ նորից էլի նույն բովանդակության ևս մեկ պահանջ ներկայացնի, որովհետև այն պահանջը, որ ներկայացվել էր վերջին դատավարության ընթացքում՝ առաջին անգամ էլ էր ներկայացվել գրեթե նույն բովանդակությամբ պահանջ և մերժվել, և ստացվում է, որ ամեն անգամ նույն պահանջը ներկայացնելով տարբեր արդյունք չպետք է արձանագրի դատարանը։ Պատահական չէ, որ դատարանը միաձայն մերժեց հենց Ադրբեջանի ներկայացրած պահանջը»։
Ադրբեջանի արտգործնախարարության արձագանքը ՄԱԿ Արդարադատության դատարանի որոշմանը շատ անատամ էր, իսկ սոցցանցերի ադրբեջանցի օգտատերերն իրենց սփոփում էին այն հանգամանքով, որ Արդարադատության միջազգային դատարանի փոխնախագահը ռուսաստանցի հայազգի իրավաբան Կիրիլ Գևորգյանն է։