Նոյեմբերի 24, 2024

ՄԱԿ-ի անվտանգության արտահերթ նիստը կայացավ․ բավարարվա՞ծ է արդյոք հայական կողմը

By Սրբուհի Վանյան Դեկտեմբերի 21, 2022

ՄԱԿ-ում հնչած ելույթների վերաբերյալ դեռ գնահատականներ հնչեցվելու են, կատարվելու են վերլուծություններ՝ հասկանալու համար դրանց տողատակերը։ Առաջին արձագանքներն արդեն կան․ հայկական ու ոչ հայկական մեդիա տիրույթում ակտիվ քննարկվում են բարեկամական և ոչ բարեկամական երկրների դիրքորոշումները, փորձ է արվում հասկանալ, թե ինչպես են ազդելու միջազգային մեխանիզմները ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը։ Սեպտեմբերի 12-ից, հայտնի է, որ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց նստացույց էր սկսել Արցախի պետնախարարի խորհրդական,   Մարդու իրավունքների նախկին պաշտպան  Արտակ Բեգլարյանը, ով Լաչինի միջանցքի փակման պատճառով աշխատանքային գործուղումից չի կարողացել տուն վերադառնալ։ Նրան այս 9 օրերի ընթացքում միացել են նույն պատճառով Երևանում մնացած Արցախի այլ բնակիչներ, մեր հայրենակիցները՝ Հայաստանի Հանրապետությունից։ ՄԱԿ ԱԽ նիստին նրանք հետևել են ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց։  Արդարացվե՞լ են, արդյոք, հայկական կողմի սպասելիքները, ի՞նչ արդյունք և հետագա քայլեր է ակնկալում ՄԱԿ-ից հայկական կողմը և ի՞նչ է պատրաստվում ձեռնարկել։ Բավարարվա՞ծ է արդյոք Արցախի՝ շրջափակման մեջ գտնվող 120 հազար մարդը և ո՞րն է լինելու նրանց ներկայացնող՝ նստացույցի մասնակիցների հաջորդ քայլը։ Արտակ Բեգլարյանն ասում է, որ արժեքավոր հայտարարություններ եղել են տարբեր պետությունների կողմից, գրեթե բոլոր անդամ երկրները պարզորեն ընդգծել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման անթույլատրելիությունը և դրա անհապաղ վերացման անհրաժեշտությունը: Որպես ՄԱԿ-ի միջամտության հրատապ միջոցներից մեկը՝ ահա հենց այս քննարկման մասին էին խոսում իրենց պահանջներում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև բողոքի ակցիաների ժամանակ: 

«ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Արցախի ապաշրջափակման հարցով քննարկումը ողջունելի էր և՛ ձևաչափի, և՛ բովանդակության տեսանկյունից։ Գրեթե բոլոր անդամ երկրները հստակ գնահատական տվեցին իրավիճակին ու ակնկալիք-պահանջ-հորդոր ձևակերպեցին հասցեական՝ Ադրբեջանի հանդեպ, որ պետք է արագ շրջափակումը վերացնել։ Այս տեսանկյունից, այո, ակնկալիքներն արդարացվել են։» 

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ևս ՄԱԿ-ում հնչած ելույթները հասցեկան ու դրական է գնահատում՝ ընդհանրության մեջ։

«Որևէ պետություն, գոնե այնտեղ ներկա 15 պետություններից, չի հավատալու Ադրբեջանի կեղծ թեզերին, իբր բնապահպանական նկատառումներ ու շարժառիթներ կան այս ամենի հետևում։ Կոնկրետ Իռլանդիայի պարագայում հատուկ նշվել է ԼՂ ժողովրդի շրջափակման մասին, և կոչ է արվել անհապաղ և առանց նախապայմանների բացել ճանապարհը և համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների։ Մի քանի երկրներ էլ շատ հստակ հղում կատարեցին եռակողմ հայտարարությանը»։

 Բայց քանի դեռ շրջափակումը վերացված չէ, ստացվում է, որ միջազգային հանրությունն ու նստացույցի մասնակիցները բավարար միջոցներ չեն կարողացել գործադրել Ադրբեջանի որոշումների կայացման վրա։ ՄԱԿ-ից ակնկալիքներ դեռ ունի և՛ Արտակ Բեգլարյանը, և՛ Գեղամ Ստեփանյանը։ 

«Ակնկալիք կա փաստաթուղթ ունենալ, որի մասին Ֆրանսիայի ներկայացուցիչը հայտարարեց, հույս ունեմ, որ այդ հայտարարությունը կընդունվի, այնտեղ հիմնական պահանջներն ու ուղերձները կձևակերպվեն, իսկ հաջորդ քայլը պետք է լինի ՄԱԿ-ի կողմից՝ գործնական միջոցների ձեռնարկումը, որպեսզի Ադրբեջանը կատարի այս փաստաթղթի պահանջները։ Այլապես պետք է կոշտ միջոցներ ձեռնարկվեն, այդ թվում պատժամիջոցներ,  որպեսզի նախ Ադրբեջանը վերացնի շրջափակումը, ապա հնարավոր լինի կանխարգելել նմանատիպ ու նոր սադրանքներն ու հանցագործություններն Արցախի նկատմամ»։

«Ակնկալիքներ դեռ կան, հույս ունեմ, որ այսօր հայտարարաություն կլինի նիստի ամփոփման վերաբերյալ։ Ֆրանսիան նշել է, որ հայտարարության տեքստ է առաջարկել և հուսով եմ, որ այդ տեքստը կընդունվի։ Բայց մեծհաշվով նաև այս նիստը Ադրբեջանի նկատմամբ մեծ ճնշում է։ Բայց եթե այնուամենայնիվ Ադրբեջանը շարունակի իր հանցավոր քաղաքականությունը, ապա նոր նիստի անհրաժեշտություն է լինելու և բանաձևի ընդունմամբ կամ սանկցիաների իրառմամբ»։

 Պետք է սպասել, որ Ադրբեջանը հնարավորինս փորձելու է խուսանավել և չկատարել պահանջները, կամ մասամբ կատարել։ Բայց, պետք է ՀՀ-ն ու մենք շատ ակտիվ ու նախաձեռնողական կերպով բարձրացնենք նախ հրատապ խնդիրների լուծման հարցը, ապա և՝

«Ավելի երկարաժամկետ ՄԱԿ-ի ներգրավվածությունը Արցախում ու ՄԱԿ-ի մարմինների ներկայությունը Արցախում, որը հումանիտար ու քաղաքական խնդիրների լուծմանը կօգնի ու երկարաժամկետ մարդասիրական ու անվտանգային  երաշխիքներ կապահովի որոշ չափով»։

Արագ արդյունք դժվար թե  լինի՝ ասում է Բեգլարյանը։ Ամեն դեպքում սա պայքարի վերջը չէ․ նստացույցի ու ի պաշտպանություն Արցախի ակցիայի մասնակիցները քննարկում են պայքարի հաջորդ քայլերը:  

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ