Նոյեմբերի 22, 2024

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հերթական նիստն է գումարել․ օրակարգում էր նաև սահմանադրական փոփոխությունների հարցը

By Սրբուհի Վանյան Մարտի 22, 2023

Ազգային Ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն տվեց առաջին ընթերցմամբ ընդունված Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության մասին հարցին։ Նախագծի վերաբերյալ առաջարկություններ չեն ներկայացվել և առաջիկայում այն կներկայացվի ԱԺ հերթական նիստի քննարկմանը: Հանձնաժողովի նիստի օրակարգում  նաև «Յոթերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախումբ ստեղծելու մասին Ազգային ժողովի 2020 թվականի մայիսի 21-ի ԱԺՈ- 001-7 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը․ այն հեղինակել է պատգամավոր Էդուարդ  Աղաբեկյանը:

«Որոշման մեջ փոփոխություննեերն  անհրաժեշտ են ԱԺ կանոնակարգ օրենքի 30-րդ և 11-րդ կետերը համապատասխանեցնելու համար։ Այսինքն՝ ըստ որի մշտական հանձնաժողովներում տեղերը բաշխվում են խմբակցությունների և ընդգրկած պատգամավորների թվի համամասնությամբ։ Եվ այդ համամասնությունը յուրաքանչյուր խմբակցության տեղ հատկացնելու կետից դրդված ստացվում է, որ մինիմում 9 պատգամավոր պետք է ընդգրկել հանձնախմբի կազմում։ Սա մեր տեսակետն է, պատրաստ ենք լսելու բոլորիդ տեսակետները»։

Կարծիքները, որ հնչեցվեցին այս հարցի կապակցությամբ, տարբեր էին։ Հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանն առաջարկում էր հաշվիչ հանձնախմբի կազմում  ընդգրկել 5 հոգի՝ իր  առաջարկը    հիմնավորելով նրանով, որ 9 հոգին 33 պատգամավոր ունեցող խորհրդարանի համար մեծ թիվ է։ Նախագծի հեղինակը ընդունել է հիմնավորումը․

«1991, 1995, 2000, 2005, 2010, 2020 թվականներին  հանձնաժողովը  կոչվել է հաշվիչ մանդատային։ Հետո՝ հաշվիչ հանձնաժողով, եղել է ժամանակահատված, որ մշտական է գործել, բայց նույնիսկ 91 թվականին, երբ 80-ից ավել պատգամավոր ուներ խորհրդարանը, 3, 4, մաքսիմում 5 անդամ է ունեցել հանձնախումբը։ Այդ առումով ես հասկանում եմ, որ 9 հոգին անսովոր է։ Կարող ենք քննարկել»։

3 կողմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ նախագիծը դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ հերթական նիստի օրակարգում: Հանձնաժողովի նիստն ամփոփվել է «ԱՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2022 թվականի գործունեության մասին» ներկայացված հաղորդումով: Խորհրդի նախագահի տեղակալ Ջիվան Հարությունյանի հաղորդմամբ՝ քաղծառայության մարմիններում ընդգրկված պաշտոնների թիվը 2023թ հունվարի մեկի դրությամբ կազմել է 1555։ Ընդ որում՝ բարձրագույն պաշտոնները 41-ն են, գլխավոր պաշտոնները՝ 466, առաջատարը՝ 777, կրտսեր պաշտոնները՝ 271-ը:

«Հաշվետու ժամանակաշրջանում խորհուրդը նախապատրաստել և հրապարակել է 7 բարձրագույն և 88 գլխավոր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթներ անցկացնելու 95 հայտարարություն և կազմակերպել 275 մրցույթ՝ բարձրագույն, գլխավոր և առաջատար թափուր պաշտոններ զբաղեցնելու համար: Մրցույթներին մասնակցելու հայտ էր ներկայցրել 279, բայց մրցույթին մասնակցել է 268-ը։ Հաղթող է ճանաչվել 253 քաղաքացի»։

Ջիվան Հարությունյանի տեղեկատվությամբ՝ 2022թ. ընթացքում քաղծառայության համակարգում ատեստավորվել են 207 քաղաքացիական ծառայողներ: Խորհուրդը համաձայնություն է տվել 4 քաղաքացիական ծառայողի 65 տարին լրանալուց հետո մինչև 1 տարի ժամկետով շարունակել պաշտոնավարումը: Այս մասին պատգամավորի հարցին ի պատասխան, Ջիվան Հարությունյանը պարզաբանել է, որ թոշակի անցնելու տարիքը լրացած մասնագետին պահելու համար գործատուն դիմում է քաղծառայություն, որից հետո սահմանված կարգով որոշում է կայացվում։Պատգամավորները ներկայացրեցին իրենց դիտարկումները ոլորտային օրենսդրության վերաբերյալ՝ նշելով, որ գուցե փոփոխությունների անհրաժեշտություն կա՝ ավելի ճկուն համակարգ ունենալու համար։

«Ավելի ճիշտ չի՞ լինի, որ ամեն ինչ համապատասխանեցվի իրականությանը, որպեսզի լրացուցիչ սահմանփակումներ չլինեն»,- հետաքրքրվում է Ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը։ Ջիվան Հարությունյանի կարծիքով՝  քաղծառայության համակարգի փիլիսոփայությունը կայանում է նրանում, որ համակարգը չտատանվի քաղաքական և հայեցողական համակարգերի փոփոխության ընթացքում, այսինքն՝ պետական համակարգը կայուն մնա։

Արցախի հանրային ռադիո
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ