Նոյեմբերի 23, 2024

Մամուլի ասուլիս նվիրված հուշարձանների միջազգային օրվան

By Ասպրամ Ավանեսյան Ապրիլի 18, 2023

Համամարդկային արժեքների գանձարանում հայ ժողովրդի ունեցած ավանդն անուրանալի է։ Եվ սա այն դեպքում, երբ հայկական լեռնաշխարհը մշտապես եղել է քոչվոր ցեղերի ասպատակությունների թիրախում։ Հայկական մշակութային ժառանգության շատ փոքր մասն է հաջողվել փրկել ու հասցնել մեր օրերը։  Հազարավոր  հուշարձաններ ու եկեղեցիներ Ադրբեջանի և Թուրքիայի մշակութասպան քաղաքականության զոհ են դարձել։ Հայկական մշակութային ժառանգության յուրացումն ու ոչնչացումը հանդիսանում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող հակահայկական քաղաքականության բաղկացուցիչ մասը՝ ընդգծում է ասուլիսի բանախոսներից Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովը։ Իսկ յուրացումն ու ոչնչացումը մեկ նպատակ է հետապնդում․ վերացնել հայկական հետքը պատմական հայկական տարածքներից։

«Այս երկու պետություններն էլ ձևավորվել են հենց այդ ցեղասպան քաղաքականության հիմքի վրա՝ յուրացնելով և ոչնչացնելով մշակութային ժառանգությունը և բռնազավթելով հայկական բնակավայրերը։ Յուրացվում և ոչնչացվում են ոչ միայն հայկական մշակութային ժառանգությունը, այլ հայկական բարձրավանդակի օկուպացված բնակավայրերում գտնվող այլ մշակութային արժեքներ ևս»։ 

Կովկասագիտության կենտրոնի ուսումնասիրություններով հաստատվել է, որ   Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ոչնչացվել են առնվազն 20 000 հայկական հուշարձաններ, խաչքարեր ու եկեղեցիներ։ Իսկ այն, ինչ հնարավոր չէ ոչնչացել, Ադրբեջանը և Թուրքիան փորձում են յուրացնել՝  ներկայացնելով ադրբեջանական, թուքական, աղվանական կամ ուդիական։ Նմանօրինակ վանդալիզմի դեպքեր արձանագրվել  են ինչպես  44-օրյա պատերազմի  ժամանակ, այնպես էլ դրանից  հետո։ Պատերազմի  հետևանքով Ադրբեջանի տիրապետության տակ հայտնված հուշարձաններն ամենօրյա վտանգի տակ են գտնվում ՝ ասում է «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմինե Հայրապետյանը։ Հուշարձանագետը բացատրում է, թե ինչու է Գանձասարի եկեղեցում գտնվող ցուցանակի վրա գրված «Աղվանից կաթողիկոսություն»։ 

«Մեր ներքին լսարանին պետք է կարողանանք հստակորեն բացատրել, որ դա ընդամենը վարչական անվանման հետ է կապված։ Արցախը բաժանումից հետո որպես արևելյան մարզպանություն կոչվել է նաև Աղվանքի իշխանություն, կաթողիկոսը՝ աղվանից, Գանձասարն էլ եղել է աղվանից կաթողիկոսի նստավայրը»։ 

Այս պատմական իրողությունը մանիպուլյացնելով էլ Ադրբեջանը փորձում է ջնջել հայկական հետքը։ Բացի այդ,   ադրբեջանցիները գազանաբար են վերաբերվում Արցախի օկուպացված տարածքներում գտնվող հայկական պաշմամշակութային ժառանգության հանդեպ։ Վանդալիզմի են ենթարկվել Վազգեն Սարգսյանի արձանը, Վարանդայի զորամասում և Առաքել գյուղում գտնվող խաչքարերը, Թալիշի ազատամարտին նվիրված հուշարձանը, Որոտանի, Քարին տակի, Մատաղիսի հուշարձաններն ու եկեղեցիները, Մեխակավանի եկեղեցին ու Շուշիի Կանաչ ժամը   հիմնահատակ ավիրվել են,  իսկ Ղազանչեցոցը՝ ձևախեղվել։ Պատերազմից հետո սոցցաների ադրբեջանական տիրույթում սկսեցին պտտվել ադրբեջանական վանդալիզմը պատկերող հարյուրավոր  լուսանկերներ  ու  տեսահոլովակներ։ Արմինե Հայրապետյանի խոսքով՝ վանդալիզիմի դեպքերի մասին մենք տեղեկանում ենք միայն ադրբեջանցի օգտատերերի սոցիալական հաշիվներից։ Այս առումով ադրբեջանական օգտատերերն արդեն վերահսկվում են։ 

«Ըստ իս՝ նկատելով, որ մենք օգտվում ենք այդ աղբյուրենրից և օգտագործում ենք դրանք իրենց դեմ  որպես ապացույց, այժմ նման տեսանյութերն ու լուսանկերները բավականին քչացել են, որը չեմ կարծում, որ նրա հետ է կապված, որ վանդալիզմ չի իրականցվում, այլ պարզապես չի հանրայնացվում»։

 Արմինե Հայրապետյանի խոսքով՝ որպես պետություն մենք  տեղեկատվական դաշտում շատ անելիքներ ունենք։   Հովիկ Ավանեսովն ընդգծում է, որ Մեսրոպ Մաշտոց համալսարանի Կովկասագիտության կենտրոնը հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման փաստերը տրամադրում, տարածում և հրապարակում է ինչպես օտարալեզու գիտական և գիտահանրամատչելի հոդվածաշարերի ու գրքերի տեսքով, այնպես էլ «Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի» երկլեզու մատենաշարում, որը հանդիսանում է կենտրոնի, «Մշակութային ժառանգության պահպանության հանրային խորհուրդ» ՀԿ-ի և «Գոլոս Արմենիի» հասարակական-քաղաքական անկախ թերթի համատեղ նախագիծը։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ