Հայ օգնության ֆոնդը հերթական բարեգործական ծրագիրն է իրականացրել Արցախում. ՀՕՖ-ի առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանը Հանրապետական բժշկական կենտրոնի համար բժշկական սարքավորումներ բերեց, որի շնորհիվ կհաջողվի բարձրացնել Քովիդ 19 դեմ պայքարի արդյունավետությունը: Դեկտեմբերի 15-ին սարքավորումները հանձնվեցին Կենտրոնին: Նրա խոսքով այն տրամադրել է ''Direct relief'' բարեգործական կազմակերպությունը՝ Քովիդի դեմ ուղղված պայքարի միջազգային դրամաշնորհի շրջանակներում:
«Դրամաշնորհը տրվել է ՀՕՖ-ին՝ որպես հիմնական գործընկեր: Ձեռք են բերվել թթվածնային կոնցենտրատոր սարքավորումներ, շարժական ուլտրաձայնային սարքավորումներ, ավտոմատ ներարկիչներ, որոնք նպաստելու են Քովիդի դեմ պայքարին: Այդ սարքավորումների կարիքները նախապես համաձայնեցվել են Առողջապահության նախարարության հետ: Հիմա դրանք, ըստ կարիքի, բաշխվելու են Արցախի բուժհաստատություններին»:
Հանրապետական բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Մհեր Մուսայելյանը նշել է, որ Հայ օգնության ֆոնդը դժվարին պահին միշտ Արցախի կողքին է եղել: Այսօր էլ, հանրապետական հիվանդանոցին հանձնված սարքավորումները շատ պահանջված և անհրաժեշտ են:
«Այսօր մենք ստացանք այնպիսի բուժսարքավորումներ, որոնք անհրաժեշտ են հատկապես Քովիդի բաժանմունքում: Դրանց շնորհիվ քովիդով հիվանդների բուժզննումն կիրականացվի տեղում՝ առանց նրանց տեղափոխելու այլ բաժանմունք»:
Համբարձում Սիմոնյանի խոսքով, դրամաշնորհային այս ծրագիրը հաջողությամբ ամփոփելուց հետո` օգտագործելով նաև Արցախի հետ համագործակցության իր դրական իմիջը, ՀՕՖ-ը կրկին դիմելու է կազմակերպությանը՝ նոր դրամաշնորհ ստանալու և նոր ծրագրեր իրականցնելու: Նա նշել է, որ հանդիպել են ինչպես Առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի, այնպես էլ պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ՝ քննարկելու առկա կարիքները, որպեսզի դրանք ներկայացնեն դոնոր կազմակերպությանը: Համբարձում Սիմոնյանը ընդգծել է ԱՄՆ իրենց երկարամյա գործընկեր կազմակերպություններից մեկի՝ «Արցախ-Հայաստան» հիմնադրամի դերը այս ծրագրերի իրագործման մեջ, որը միջնորդել է նշված դոնոր կազմակերպության հետ կապի ձևավորմանը և դրամաշնորհի ստացմանը: