Դեկտեմբերի 03, 2024

Արցախի հանրապետության պատմավավերագիրը․ Հանրային հեռուստատեսությունը նշում է 35 ամյակը

By Սրբուհի Վանյան Հունիսի 01, 2023

Ես ուղիղ 11 տարեկան էի, երբ առաջին անգամ մեր փոքրիկ, արդեն փոթորկված քաղաքում, իմ կողքին ապրող հասակակիցներիս տեսա հեռուստացույցով ու հասկացա, որ այնտեղ, այդ կապույտ էկրանի ներսում իրական մարդիկ են ապրում, ոչ միայն նրանք, ում ես, խորհրդային դպրոցի 11 ամյա աշակերտուհիս տեսել եմ դասագրքերում կամ կինոնկարում։ Այդ էկրանից առաջին անգամ լսեցի պատմություններ, որոնց մասին իմ դասագրքերում գրված չէին։ Այն իմ կողքին ապրող մարդկանց մասին էր։ Այնտեղ, այդ կապույտ էկրանին, որը հետագայում իմացա, որ կոչվում էր Արցախի հանրային հեռուստատեսություն, արդեն հետագա տարիներին սկսեցի փնտրել դեմքեր, տեղեկություններ, որ կարևոր էին ինձ համար, սկսեցի փնտրել իմ պատմությունը։ Պատմություն, որը կոչվում էր նորագույն ու կերտվում էր իմ աչքի առաջ։

35 տարի Արցախի հանրային հեռուստատեսությունը վավերագրում է այդ պատմությունը։

1988 թվականի այս օրը Արցախի հեռուստատեսությամբ եթեր հեռարձակվեց անդրանիկ ծրագիրը , որից հետո հունիսի 1-ն արդեն 35 տարի նշվում է որպես Արցախի հեռուստատեսության օր։

Այսօր օրվա կապակցությամբ հեռուստատեսության աշխատողների շնորհավորելու էին եկել ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը և ԱՀ պետնախարարի խորհդական Արտակ Բեգլարյանը։

«Արցախի հանրային հեռուստատեսությունը մեծ դերակատարություն և ռազմավարական նշանակություն ունի Արցախի ներքին կյանքում, հետևաբար օրը և օրվա պահանջը ստիպում են, որպեսզի Կառավարությունը անհամեմատ ավելի մեծ ուշադրություն դարձնի Արցախի հանրային հեռուստատեսությանը: Երբ գիտակցում ես անհրաժեշտությունը, այդ ուղղությամբ քայլեր չձեռնարկելը մեղմ ասած սխալ է: Պատահական չէ, որ հեռուստատեսության ծնունդը համընկնում է Արցախյան շարժման հետ: Հանրային հեռուստատեսությունը սոսկ հեռուստատեսություն չէ, այն Արցախի պատմավավերագիրն է»:

Արցախի հեռուստատեսությունը իրավամբ համարում են Արցախի Հանրապետության անկախության նվաճումներից։ Այն ստեղծվեց Արցախյան շարժման հետ, դարձավ այդ շարժման գաղափարախոսը և արձանագրողը։

Այն, այո, 1988 թվականին է ստեղծվել, բայց նրա ստեղծումը պլանավորված էր շատ ավելի վաղ, և բազմաթիվ հանգամանքների բերումով հետաձգվել էր։ Հեռուստատեսության ստեղծման ակունքներում կանգնած մեր գործընկերները պատմում են թե ինչպես է դա եղել։ Միքայել Հաջյանն այդ ժամանակ ապրում և աշխատում էր Բաքու քաղաքում։

"Այն ժամանակ, երբ Բաքվում էի ապրում և աշխատում հեռվից՝ դիտարկողի դերում, ես ականատեսն ու վկան եմ եղել եմ որոշակի պատմությունների, որոնց մասին երիտասարդ սերունդը գուցե և չգիտի: Արցախի հեռուստատեսությունը պետք է բացվեր ոչ թե 1988 թ., այլ՝ 1975 թ.: Այդ մասին լրիվ փասթաթղթավորված որոշումները կային, բայց Բաքուն դիմեց ձիով քայլի՝ հեռուստատեսությունը բացեց Նախիջևանում, Բաքվում բացեց Ադրբեջանի հեռուստառադիոյի պետական կոմիտեի կազմում հայերեն հաղորդումների ծրագիրը՝ թույլ չտալով, որպեսզի կրքերը բորբոքվեն, հանգստոցնելով հայ հանրությանը: Հետագայում, երբ արդեն Շարժումը սկսված էր, փորձում էին դարձյալ հանգստացնել հայ հանրությանը, որը ոտքի էր ելել ազատության կոչով: 88-ին, երբ բացեցին հեռուստատեսությունը, Մոսկվայից եկող բոլոր արդիական սարքավորումները, որոնք Բաքու էին հասնում, Բաքվից ուղարկվում էին Նախիջևան, իսկ Ադրբեջանի հեռուստատեսության հնամաշ սարքավորումները ուղարկում էին Ստեփանակերտ: Այս ամեն ինչի դեմն առնելու համար ռադիովարչության պետ Գրիգորի Սողոմոնյանը Խորհրդային միության հեռուստատեսության աշխատակազմում իր գործընկերների հետ պայմանավորվել է, որպեսզի Մոսկվայից ուղարկվող բոլոր սարքավորումները գան ոչ թե Բաքու, այլ հասնեն Ստեփանակերտ: Բոլոր հնարավորությունները ստեղծում էր, որպեսզի մեր հեռուստատեսությունը կայանա»:

Հեռուստատեսությունը կայացավ։ Ծնվելով հանրային պահանջի արդյունքում, այն թիվ մեկ լրատվամիջոցը դառնալու հայտ ներկայացրեց և կատարեց իր առաքելությունը։

Բենիկ Ղարախանյանը, Արցախի հանրային հեռուստատեսությունում է 1988 թ․ փետրվարից։ 35 տարի աշխատել է նվիրումով, այսօր էլ դեռ Արցախի հանրայինի հետ է։

«Փետրվարի 1-ից ես հեռուստատեսությունում էի: Ես 5 տարի աշխատել եմ Բաքվի «Կինոստուդիա Ադրբեջան» ԹՎ-ում: Գևորգովը այստեղ տեղափոխվելու ժամանակ ինձ հրավիրեց, 1974 թ. այստեղ պետք է հեռուստատեսություն բացվեր, այնուհետև 1988թ. հեռուստատեսությունը արդեն սկսեց աշխատելը, ճիշտ է, առաջին եթերը հեռարձակել ենք հունիսի 1-ին, բայց փետրվարի 1-ից ես այստեղ աշխատում եմ»

Ծովինար Բարխուդարյանն Արցախի հեռուստատեսության դեմքերից է․ Արցախի համար ու Արցախի մասին բոլոր կարևոր լուրերը հնչել են նրա շուրթերից։ Ծովինարը պատանի էր, երբ առաջին անգամ ոտք դրեց հեռուստատեսություն ու ընդմիշտ մնաց նրա հետ ու նրա խորհրդանիշներից։

«Ես երազում էի աշխատել հեռուստատեսությունում՝ դեռ փոքրուց: Հեռուստատեսություն եկել եմ 30 տարի առաջ, դեռ փոքր երեխա էի, վազում էի բոլորի սեղանների տակ: Երազում էի այն օրվա մասին, որ ես էլ մի օր կնստեմ այն սեղանին և «բարի երեկո» կասեմ հեռուստադիտողներին: Այն ժամանակ ավագ սերունդը շատ լավ ընդունեց մեզ և բացեց ոչ միայն դռները, այլ նաև սրտները: Ես միշտ երազում էի մեծանալ և երիտասարդների ընդունել այնպես ջերմ, ինչպես ինձ էին ընդունել ժամանակին: Ես սկսեցի «Կարկաչ» մանկական ծրագիրն անել, երիտասարդական ծրագրեր վարել: Ցավոք, ինձ չհաջողվել «Կարկաչ»-ի երեխաներից գոնե մեկին պահել հեռուստատեսությունում, բայց ինձ հաջողվեց նոր սերնդի մեջ հավատ ներշնչել և ցույց տալ, որ թիմային աշխատանքով է միայն հնարավոր հասնել հաջողության: Մեր վերջին կինոն, որը սիրվեց հեռուստադիտողների կողմից՝ հեռուստատեսության հաղթանակն էր որպես թիմ: Չեմ ուզում շատ փակագծեր բացել, բայց այն արձագանը, որ մենք ստացանք հեռուստադիտողից մեզ շատ պարտավորեցրեց, մեծ թևեր տվեց, որ մենք ավելին անենք և դա անենք էլի թիմով: Միայն համախմբմամբ մենք կարող ենք ամենախենթ գաղափարները կյանքի կոչել»:

Համլետ Մարտիրոսյանի կյանքի գրեթե 3 տասնամյակը հեռուստատեսության հետ է կապակցված։ Հեշտ չի եղել կայանալը՝ պատերազմների, տեխնիկական միջոցների սղության պայմաններում, բայց, իր ասելով` արժանապատվորեն անցել է իր ճանապարհը.

"Ահավոր դժվար տարիներ էին, այդ պայմաններում կանոնավոր տեղեկատվություն մատուցելը խիզախություն էր: Այս 35 տարիների ընթացքում 3 անգամ պատերազմի ենք մասնակցել: 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի հեռուստատեսությունը մեկ օր անգամ եթերը չի տապալել: 2023թ Ամանորյա եթերը հուշեց, թե ինչպիսի պոտենցյալ կա այստեղ»:

Հանրային հեռուստատեսությունը դեռ երկար շարունակելու է իր ճանապարհը, նոր դեմքերով, նոր գաղափարներով, նոր նախագծերով։ Ընդլայնվելու է թիմը, տեխնիկական նոր հնարավությունններ ու հաջողություններ է ունենալու, բայց միշտ մնալու է ամուր կապված իր արմատներին, օժանդակելով ազգային ինքնության պահպանմանը, լինելով պատմության խոսուն վկան ու անաչառ վավերագիրը։

Last modified on Ուրբաթ, 02 Հունիսի 2023 04:43
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ