Նոյեմբերի 23, 2024

Ինչպես է կազմակերպվում ռադիոեթերը, և երբ կվերակագնվի հեռուստաեթերը

By Ասպրամ Ավանեսյան Հուլիսի 13, 2022

«Ինչու՞ Ստեփնակերտը չի խոսում»։ Հունիսի 9-ին ռադիոյի եթերի խափանման առաջին ժամերին հենց այս հարցով են ռադիոխմբագրություն զանգել մեր հավատարիմ ռադիոլսողները։  Եթերի բացակայությունը ժամեր տևեց։ Ժողով, քննարկումներ, մի քանի կարևոր զանգ և ահա, ռադիոյի գլխավոր՝ եթերային համակարգիչը հավաքված, տեղափոխման է  սպասում։ Արդեն երկրորդ անգամ, այն տեղադրվեց  «Արցախկապ» ընկերության սենյակներից մեկում և    «Ստեփանակերտին» հնարավորություն տվեց  «խոսել»։      

«2020թ․ պատերազմի ժամանակ մենք աշխատել ենք Երևանից, բայց մեր եթերը հեռարձակվել է Արցախում։ Այդ փորձն ենք վերհիշել։ Մեր համակարգիչը ինչպես այն ժամանակ, այս անգամ էլ տեղափոխել ենք «Արցախկապ» ընկերություն։ Մենք մեր համակարգչին ուղարկում ենք մեր բոլոր ֆայլերը, տեղադրում ծրագրերի ցանկում և այդպիսով ապահովում ենք եթերը։ Մեր եթերը հեռարձակվում է 24/7 ռեժիմով»։

 Եթերը վերականգվեց, բայց ծրագրում, այնուամենայնիվ, ստիպված էինք որոշակի փոփոխություններ կատարել։ Օրինակ  լրատվական բաժինը  յուրաքանչյուր ժամագլխի փոխարեն,  եթեր է հեռարձակվում ժամը 9։00-ին, 13։00-ին   և  18։00-ին։  Այս իրավիճակում ռադիոն ստիպված է որոշ ժամանակով  հրաժարվել նաև  ուղիղ եթերից։ 

«Եվ նաև ժամերի խնդիր կա։ Եթե լուրերը մտնում էին ամեն ժամագլխի, հիմա թողել ենք միայն ժանը 9։00-ի, 13։00-ի և18։00-ի թողարկումները և ռուսերեն թողարկումը ժամը 17։00-ին։ Մեր միակ տարբերությունը մեկ շաբաթ առաջ գործող ռադիոյից դրանում է կայանում։ Հուսամ մեր հավատարիմ ռադիոլսողնեը հավատարիմ կլինեն։ Մենք խոստանում ենք, շուտափույթ, հենց որ պայմանները թույլ տան, լինել ուղիղ եթերում»։

 Հեռուստառադիոընկերության շենքը վաղուց է կապիտալ վերանորոգման կարիք զգում։ Սպասված նորոգումը մեկնարկել է հուլիսին՝ պատճառ դառնալով հեռուստաեթերի խափանման։   Բայց ԱՀՀ պրոդյուսեր Արսեն Եսայանը վստահեցնում է՝   Հանրայինը պատաստ է ցանկացած ժամանակ ապահովել եթերը՝ հրատապ դեպքեր կամ իրադարձություններ լինելու դեպքում։ 

«Վերանորոգման համար պատահական չենք ընտրել այս ժամանակահատվածը, որովհետև հեռուստատեսության կյանքում հուլիս-օգոստոս ամիսները համարվում են պասիվ շրջան։ Նշենք, որ հարկ եղած դեպքում, արտակարգ իրավիճակների պայմաններում հեռուստատեսությունը պատրաստ է կրկին ապահովել եթեր, ինչպես դա անում էր պատերազմի օրերին։ Այս պահին վերանորոգման աշխատանքները կատարում են ամենակարևոր կետերում, դրա համար ընդհատվեց եթերը, մնացած աշխատանքները կկատարվեն հեռուստատեսության բնականոն աշխատանքին զուգահեռ»։ 

Հեռուստաէկրանից  այն կողմ հեռուստադիտողը տարբեր տաղավարներ է տեսնում, որոնք թվում է, իրարից շատ հեռու են։  Իրականում Արցախի հանրային հեռուստատեսության հաղորդումների մեծ մասը նկարահանվում է մեկ տաղավարում։ Սա մեծ խնդիր էր ստեղծում։ Շինարարական աշխատանքների ավարտից հետո Հանրայինը կունենա ևս մեկ տաղարավար՝ նախատեսված միայն լուրերի բաժնի համար։ Այն հնարավորություն կտա լուրերի և հաղորդումների բաժնի աշխատանքը կազմակերպել զուգահեռ։

 «Օգտվելով առիթից որոշել ենք ավելացնել ևս մեկ АСБ-аппаратно-студийный блок , որը ստուդիա, տաղավար է նշանակում, և տաղավարին կից սարքասրահ։ Այսօր հեռուստատեսությունն ունի մեկ տաղավար, չունի կենտրոնացված եթերային համարկարգ, այսինքն եթերն ապահովվում է այդ սարքասրահից։ Եվ եթերի ժամանակ  տաղավարը պարալիզացվում է, և որևէ այլ աշխատանք տաղավարում հնարավոր չէ անել»։ 

Պակաս պահանջված չէ նաև տեխնիկական համալրման խնդիրը։  Այն տեխնիկան, որ հեռուստատեսությունը օգտագործում է, դեռևս անցյալ դարից է, երբ հեռուստատեսությունը նոր էր ձևավորվել։ Դա մեծ խնդիր էր ստեղծում էկրանին։ Դեռ այն ժամանակվանից, երբ նվագարկիչներից փոխանցվող եթերին փոխարինեց թվային եթերը, պետք էր անցում կատարել կենտրոնացված եթերային համակարգի։ Կենտրոնացված եթերային համակարգի անցնելը թանկ հաճույք է՝ ասում է զրուցակիցը։ 

«Եթե որոշվի, որ հեռուստատեսությունն անցնում է 24-ժամյա եթերի, կենտրոնացված եթերային համակարգը թույլ կտա ըստ անհրաժեշտության օգտագործել բելոր տաղավարները»։ 

Ըստ ամենայնի, Արցախի Հանրային հեռուստառադիոընկերության շենքում  շինաշխատանքները   դեռ երկար կտևեն։  Բայց, մասնագետների խոսքով,   եթերի խափանումը երկար չի տևի։ Հանրային հետուստատեսության գործադիր տնօրեն Հրայր Ավետիսյանն ասում է՝   վերանորոգման աշխատանքները շենքի կամ միջանցքների  սիրունության համար չէ արվում։ Նոր շենքային պայմանները թույլ կտան ունենալ ժամանակակից ստանդարտներին համապատասխան հեռուստատեսություն։

Artsakh Public Radio
Last modified on Հինգշաբթի, 14 Հուլիսի 2022 12:18
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ