Մարտի 28, 2024

Պատ` երկու քայլից. ի՞նչ հակադրել Ադրբեջանի սաստկացող պահանջներին

By Դավիթ Եղիազարյան Մայիսի 29, 2023

Այս կիրակի, բռնազավթված Բերձոր այցելության ընթացքում, Ադրբեջանի բռնապետը ոչ միայն կրկնեց իր անգիր արած դրույթները` արցախյան հիմնախնդրի փակված լինելու և արցախցիների` ադրբեջանական գերիշխանությանը ենթարկվելու մասին, այլ նաև, փաստացի, վերջնագիր ներկայացրեց Արցախի իշխանություններին` վերացնելու Արցախի պետական ապարատը:

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը կարծում է, որ Արցախի քաղաքական ուժերը պետք է միավորեն ջանքերը և պատրաստեն տեղի բնակչությանը` դիմակայելու թշնամու թե՛ հոգեբանական, թե՛ ռազմաքաղաքական ճնշմանը.

«Նախ և առաջ` անհրաժեշտ է կենտրոնացնել Արցախի բոլոր ռեսուրսները, դիմադրության ուժեղ ճակատ ստեղծելու և ադրբեջանի այդ ագրեսիվ քաղաքականությունը ճնշելու նպատակով: Ակնհայտ է մի բան, որ Ադրբեջանը նման հայտարարությամբ փորձում է հոգեբնական ճնշում գործադրել Արցախի ժողովրդի և իշխանությունների վրա, ցույց տալ, որ ինքը կարող է զենքի ուժով կամ այլ ճանապարհներով իր կամքը պարտադրել: Ես կարծում եմ, որ Արցախի համար այս պահին կարևոր խնդիր է չտրվել այդ սադրանքներին, չտրվել հոգեբանական այդ ճնշումներին, և հասկանալ, որ ամեն դեպքում պատերազմից խուսափելու, ինչպես նաև` տարբեր ուղղություններով Ադրբեջանի ագրեսիան կանխելու համար նախ և առաջ անհրաժեշտ է ներքին դիմադրության ռեսուրսն ամբողջությամբ կենտրոնացնել, այսինքն` հրաժարվել ներքաղաքական դաշտում տարբեր ինտրիգներից, կոնսոլիդացվել, հետո արդեն` պահանջներ ներկայացնել թե՛ ՀՀ իշխանություններին, թե՛ սփյուռքին, թե՛ միջազգային կազմակերպություններին: Բայց առաջին հերթին, իհարկե, դիմադրությունը ներսում պետք է կազմակերպվի: Եւ Արցախի պետական ինստիտուտները պետք է բերվեն գործունեության ամենաբարձր մակարդակի»:

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը նշում է, որ զիջումներով անհնար է խաղաղության հասնել Ադրբեջանի հետ, որը, ոգևորված իր անպատժելիությունից, ավելի է մեծացնում իր պահանջները.

«Ադրբեջանի ղեկավարությունն ակնհայտ ցույց է տալիս իր նպատակները, օգտագործում է տերմինաբանություն, որով տարածքային հավակնություններ է փորձում առաջ քաշել ՀՀ նկատմամբ: Իսկ ինչ վերաբերում է Սյունիքի տարածքով «միջանցք» ասվածին, և դա ներկայացնելով այնպես, որ Ռուսաստանը ևս շահագրգռված է, Ադրբեջանն, իհարկե, փորձում է ցույց տալ, որ այդ հարցում կա կոմպրոմիս: Իմ դիտարկմամբ Ռուսաստանն իրապես ուզում է այն, ինչ գրված է նոյեմբերի իննի թղթում, որը ցավոք ստորագրել է Նիկոլ Փաշինյանը: Բայց այդ պարագայում իրապես վտանգված է Հայաստանը, որովհետև ակնհայտ է, որ այսօր այն, ինչը տեղի է ունենում Լաչինի միջանցքում, ցույց է տալիս, որ Ռուսական կողմն ունակ չէ ապահովել որևէ տարածքի անվտանգություն, և իր պարտավորությունն իրականացնել: Ցավոք, ես անհավանական եմ համարում, որ ռուսական կողմն իրական քայլեր կձեռնարկի Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ: Ավելին ասեմ` Ադրբեջանի ղեկավարի մայիս 28-ի ելույթը ցույց տվեց, թե որքան անպատիժ և հանդուգն է նա իրեն զգում, ու այդ համատեքստում դա ինձ համաև ահազանգ էր հնարավոր գործողությունների և քայլերի գնալու: Իսկ ռուսական կողմը որևէ իրական քայլ չի ձեռնարկում, ցավոք սրտի»:

Հայրապետյանը կարծում է, որ վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ նույնիսկ Հայաստանի կողմից հավելյալ զիջումները` Ռուսաստանի կողմից անվտանգության երաշխիքներով, նույնքան անօգուտ կլինեն, քանի որ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ ռուսաստանյան խաղաղապահները մտադրություն չունեն կատարելու իրենց ուղղակի պարտականությունները.

«Բանակցվում է խաղաղություն, որտեղ, կներեք արտահայտության համար, հայը պետք է վիզը կզած Ադրբեջանի ողորմածությանը հանձնվի: Խաղաղություն, որտեղ վերջնագրերի լեզվով են մեզ հետ խոսում: Ցավալի է, բայց այսօր մենք ավելի վատ վիճակում ենք, քան անգամ նոյեմբերի 9-ի գիշերն ենք եղել: Հայաստանի ղեկավարության սխալների, վատ դիվանագիտության հետևանքով մենք իսկապես շատ ծանր վիճակում ենք հայտնվել: Եւ այս տրամաբանությամբ խաղաղություն չենք կառուցում: Սա այն է, ինչի մասին ժամանակին Չըրչիլն ասում էր` «երբ դու անպատվության ու պատերազմի միջև ընտրում ես անպատվությունը, դու ստանում ես և՛ պատերազմ, և՛ անպատվություն»: Մենք այդ ճանապարհի վրա ենք, ցավոք: Ես հավանական չեմ համարում, որ Ադրբեջանը կհամաձայնվի Բաքու-Ստեփանակերտ մեխանիզմով երկխոսությանը: Ավելին, Ալիևի մայիսի 28-ի ելույթի հետ կապված. ինքը հստակ ասաց, որ ոչ մի երկխոսություն էլ չի լինելու, պետք է նրանք վզերը կախ գան մեզնից համաներում խնդրեն: Այդ տրամաբանությամբ ի՞նչ երկխոսության մասին է խոսքը: Ու ցավոք, Հայաստանի իշխանությունները բավարար ջանք չեն գործադրում, միջազգային գործընկերները ճնշում չեն գործադրում: Եւ այս անպատժելիությունն Ալիևին դարձնում է իսկապես անվերահսկելի և բավականին վտանգավոր, նախ և առաջ` Արցախի և ՀՀ, և ընդհանրապես` ամբողջ տարածաշրջանի համար»:

Մելիք-Շահնազարյանը համոզված է, որ երբ Արցախը ցույց տա, որ պատրաստ է ընդունել Ադրբեջանի մարտահրավերը, նույն ռուսաստանյան խաղաղապահները, գոնե իրենց վարկանիշն ինչ-որ չափով փրկելու համար, ստիպված կլինեն դիմել ավելի գործնական քայլերի:

«Եթե հայկական պետությունները որևէ կերպ չեն դիմադրում Ադրբեջանի գործողություններին, և փորձում են ընդամենը մեղավոր գտնել, պարզ է, որ ռուս խաղաղապահներն էլ չեն ցանկանում լինել մեղավոր, չեն ցանկանում տարբեր զարգացումների համար պատասխանատվությունն ստանձնել: Ավելին ասեմ, մենք պետք է նաև հստակ գիտակցենք, որ ռուս խաղաղապահների առաքելությունը և գործառույթը միայն Արցախը և արցախցիներին Ադրբեջանից պաշտպանելը չէ: Նրանք նաև հակառակ գործառույթն ունեն, այսինքն` նրանք պարտավոր են նաև պաշտպանել ադրբեջանցիներին, եթե հանկարծ Արցախը որոշի որոշակի հարցեր լուծել, այդ թվում` ռազմական ճանապարհով, օրինակ, լուծել ապաշրջափակման խնդիրը: Եւ ես կարծում եմ, որ եթե ռուսական կողմը տեսնի, որ նման գործընթաց է հասունանում, կամ` պատրաստակամություն կա նման ճանապարհներով խնդիրներ լուծելու, ապա` իրենք կարող են նույնիսկ թույլ չտան, որպեսզի գործը հասնի դրան, այլ` իրենց հեղինակությունը և Ադրբեջանի վրա ունեցած ազդեցությունն օգտագործելով այդ հարցը լուծեն: Ռուսական կողմն անգործություն է ցուցաբերում այնքան ժամանակ, քանի դեռ դա հանդուրժում են հայկական պետությունները, և նաև` հայ ժողովուրդը»:

Մասնագետները համակարծիք են, որ պետք չէ մեղավորներ փնտրել սեփական անգործությունն արդարացնելու համար, ու պետք է նախ և առաջ պատրաստ լինել պատասխանատվություն ստանձնել սեփական ճակատագրի և Հայրենիքի նկատմամբ: Քանի որ, ինչպես պատմությունը բազմիցս ապացուցել է, նրանք, ովքեր պատրաստ չեն պայքարել իրենց ազատության համար՝ երբեք չեն ստանա այն։

Last modified on Երկուշաբթի, 12 Հունիսի 2023 06:17
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ