Նոյեմբերի 21, 2024

Մեկ օր Արցախի հանրային ռադիոյում

By Վիկտորյա Սարգսյան Մայիսի 07, 2023

«Ստեփանակերտն է խոսում»: Գրեթե մեկ դար է` ինչ այսպես է ձեզ ողջունում Արցախի հանրային ռադիոն: Արցախում ռադիոն սկսել է գործել անցյալ դարի 20-ական թվականներից: Աստիճանաբար ռադիոյի հնարավորթյունները մեծացան ու այն ավելի հասանելի դարձավ: Այսօր Արցախի հանրային ռադիոն կարող եք ոչ միայն լսել, այլև դիտել ու կարդալ: Այս ռեպորտաժով կփորձեմ պատմել ձեզ մեր առօրյայի մասին և, ինչու չէ, բացահայտել որոշ հետաքրքիր փաստեր ու գաղտնիքներ: 

Թե ո՞վ է առաջինը գալիս ռադիո, կոնկրետ ասել չեմ կարող: Բայց կարող եմ ենթադրել, որ կամ մեր հնչյունային ռեժիսոր Արսեն Հայրապետյանն է, կամ էլ «Բարի լույսի» հաղորդավարները: Դե, ինչպես հասկացաք, հանրային ռադիոյի եթերը սկսում է «Բարի լույս Արցախ» ծրագիրը: 

«Արցախում ժամը 8-ն է: Առավոտը բարի է Արցախի հանրային ռադիոյի հետ: Բարի լույս, Արցախ: Մենք սիրով ողջունում ենք մեր բոլոր ռադիոլսողներին 102.3 հաճախականությամբ: Ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր օրը սկսում են Արցախի հանրային ռադիոյի հետ և, իհարկե, բոլորիդ մաղթում ենք հաճելի օր և բարձր տրամադրություն: Այս ամենում Արցախի հանրային ռադիոն կունենա իր նշանակալի ներդրումը: Բարի լույս, Արցախ»:

 Բարի լույսի եթերում դուք կարող եք լսել օրվա հետ կապված հետաքրքիր փաստեր, ծանոթանալ օրվա աստղագուշակին, լսել տարբեր ժանրի երաժշտություն: «Բարի լույսը» հաճախ նաև հյուրեր է ունենում: Ժամը 8.30-ից աշխատանքն է սկսում «Արցախ» լրատվականը: 

«Ստեփանակերտն է խոսում: Արցախի հանրային ռադիոյի եթերում աշխատանքն է սկսում «Արցախ» լրատվականը: Տաղավարում Ասպրամ Ավանեսյանն է: Բարև Ձեզ»: 

Առաջին թողարկումից հետո Արցախ լրատվականը եթերում է լինում ուղիղ ժամերին: Ժամը 13-ին ամփոփ, իսկ ժամը 18-ին մեր հիմնական թողարկումներն են, ժամը 17.00-ին ռուսերեն լուրերը: 8.30-ից մինչև 18:00-ն հանրային ռադիոյի եթերում հնչում են թարմ ու հրատապ լուրեր: Լրատվական թողարկումների ընթացքում հնչում են նաև տարբեր հիմնախնդրիների մասին ռեպորտաժներ ու քաղաքական մեկնաբանություններ: «Արցախ» լրատվականի եթերում վերջերս նոր ձայն է ավելացել: Մեր թիմին է միացել մասնագիտությամբ պատմաբան-միջազգայնագետ Դավիթ Եղիազարյանը: Պատմում է` ինչպես է հարմարվել ռադիոյի աշխատանքին ու տեմպին: 

«Ամբողջ թիմը առաջին օրվանից օգնել է ինձ հարմարվել թե ռադիոլրագրությանը, թե հաղորդավարությանը: Սկզբնական շրջանում, բնականաբար, մի փոքր ավելի անսովոր էր, քանի որ, որպես այդպիսին, ոչ հաղորդավարությամբ էի զբաղվել, ոչ էլ հիմնական լրագրությամբ: Եվ աշխատանքի մեջ կային առանձնահատկություններ, որոնց այդքան էլ ծանոթ չէի, հարմարված չէի, բայց ընթացքում քիչ-քիչ ավելի եմ մասնագիտանում այս գործում ու կարծում եմ ժամանակի ընթացքում ավելի որակյալ նյութեր կտամ»: 

Դավիթը աստիճանաբար ներգրավվում է նաև ուղիղ եթերներում: Ասում է` այստեղ պատասխանատվությունը շատ ավելի մեծ է:

 «Ուղիղ եթերը, բնականաբար, տարբերվում է ռեպորտաժից: Այստեղ չի կարելի սխալվել, որովհետև պետք է այդ նյութը ավելի ըմբռնելի, ավելի արագ ու ու ճիշտ մատուցել: Մինչև բուն ուղիղ եթեր մտնելը, ուղիղ եթերին մոտ պայմաններում` այսպես ասած դաշտային պայմաններում, բավականին երկար աշխատել ենք, մինչև որ ուղիղ եթերին համապատասխանող խոսք է դարձել: Այսօր էլ շարունակում եմ աշխատել կարդալու տեմպի և շեշտադրումների վրա: Հուսով եմ, որ մադրիկ չեն խորշում իմ ձայնից և հույս ունեմ, որ ընթացքում ավելի հաճելի կդառնա ուղիղ եթերում ինձ լսելը»:

 Հանրային ռադիոյի եթերացանկում այսօր երկու տասնյակից ավել հաղորդումներ կան` ժամանցայինից մինչև քաղաքական մեկնաբանություններ, տնտեսական, մշակութային ու հոգևոր հաղորդումներ:

 Արցախի հանրային ռադիոն այսօր էլ շարունակում է ունկնդիրների հետ ամենօրյա կապը, հանդիպումը, զրույցը: Ռադիոյի նոր անձնակազմը, ժառանգելով տասնամյակների ավանդույթները, փորձում է լինել ժամանակակից լրատվամիջոց։ Իսկ նորությունների շարքից` նախորդ տարվա վերջին Արցախի հանրային ռադիոյին հատկացվել է նոր հաճախականություն`103.2: Շրջափակմամբ պայմանավորված` նոր հաճախականությունը դեռ չի գործարկվել, բայց հույս ունենք, որ դա կլինի 2023-ի մեր ձեռքբերումներից մեկը: Շնորհավոր մեր և մեր ունկնդիրների տոնը։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ