Նոյեմբերի 23, 2024

Արցախի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրել. Օրակարգի միակ հարցը Ազգային ժողովի հայտարարությունն էր

By Սրբուհի Վանյան Մայիսի 23, 2023

Մամլո ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հնչեցրել է այն միտքը, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և դրա մեջ դիտարկում է նաև Արցախը։ ՉՆայած 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի իշխանական շրջանակների կողմից պարբերաբար տեղեկատվական դաշտ էին նետվում Արցախի համար ոչ ընդունելի քաղաքական թեզեր ու ձևակերպումներ, ուստի ՀՀ վարչապետի ասածի մեջ կարծես թե նորություն չկար, այնուամենայնիվ, նման բարձր մակարդակով բաց տեքստով հնչեցված հայտարարությունն Արցախում խիստ վրդովմունքով է ընդունվել։ Վրդովմունք էր տիրում նաև Ազգային ժողովի պատգամավորների ելույթներում։ Արցախը հայկական է՝ իր հայկական պատմությունը դարերից է գալիս ու այդ պատմությունը սրբագործված է հազարավորների արյամբ, ասում է «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանը, և մենք՝ այսօրվա սերունդը, պարտավոր ենք այն պահել հայկական ու փոխանցել գալիք սերունդներին։ Սինքրոն 1, «Արցախը շարունակում է իր հայկականությունը այստեղ ապրող 120000 հայերով, Փաշինյանին միայն թվում է, որ նման հակահայ հայտարարություններով կամ դավաճանաբար փաստաթղթեր ստորագրելով, կարող է Արցախը հանձնել Ադրբեջանին։ ԱՀ իշխանությւոններից պահանջում եմ վերանայել ու փոխել իրենց վարքագիծը, ամեն գնով ամրապնդել բոլոր պետական ինստիտուտները։ Արցախը դարեր շարունակ դիմակայել է բազմաթիվ գոյաբանական մարտահրավերների, կդիմակայի նաև Փաշինյանին»։ Նիկոլ Փաշինյանի կողմից ասուլիսին հնչած մի շարք մտքեր Արցախի համար անընդունելի են, ասում է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը, ձևախեղված է խաղաղության բանաձևը և որպես դրան հասնելու գին ներկայացված է Արցախը։ Դա շատ վտանգավոր է, ասում է խորհրդարանականը։ Սինքրոն 2, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն Ադրբեջանի մաս ճանաչելու ՀՀ իշխանությունների հիմնավորումները զուրկ են իրավական, քաղաքական, պատմական հիմքերից։ Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչման առնչությամբ ի հակադրություն ներկայացված է Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը, որն ինքնին վտանգավոր է ազգային միասնության խաթարման և հայությանը երկու բևեռների բաժանելու տեսանկյունից։» Այդպիսով, կասկածի տակ է դրվում Արցախի ժողովրդի կամարտահայությանը վերաբերող միակ լեգիտիմ փաստաթուղթը՝ 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքներով, որի համաձայն ԼՂՀ-ն հռչակվել է որպես անկախ պետություն։ Այն դեպքում, երբ ԼՂՀ Անկախության հռչակագիրը թե միջազգային օրենսդրուրթյան տեսանկյունից, թե ԽՍՀՄ ՝ եղել է օրինական։ Պատերազմի սպառնալիքի տակ ու Արցախի հաշվին ստորագրված խաղաղության պայմանագիրը չի կարող ամուր լինել ու կայուն խաղաղություն բերել, ասում է, ընդհակառակը, այն կարող է նոր մասշտաբային պատերազմի բերել տարածաշրջան, որի արդյունքները կարող են անկանխատեսելի լինել։ Նիկոլ Փաշինյանը խաբել է և շարունակում է խաբել ինչպես արցախահայությանը, այնպես էլ ՀՀ մեր հայրենակիցներին, ասում է ՙՀայ Հեղափոխական Դաշնակցություն՚ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը։ Սինքորն 3, «Ասում էր, որ պետք է Արցախի համար ունենանք այնպիսի լուծում, որը բավարարի ՀՀ, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդներին։ Այսօր տեսնում ենք, որ առաջարկվող լուծումները միայն թուրք- ադրբեջանական շահերն են սպասարկում։ Եվ ամեն անգամ մեր հայտարարություններին արձագանքում է, որ ճիշտ չեն հասկացել։» Արտակարգ ռեժիմով հավաքվելով խորհրդարանում, Արցախի ժողովրդի կողմից ընտրված պատգամավորներս արտահայտում ենք մեր ու ժողովրդի կամքը, վերահաստատում ինքնորոշման իրավունքից չշեղվելու Արցախի դիրքորոշումն ու պահանջը, ասում է ՙԱրցախի ժողովրդավարական կուսակցություն՚ խմբակցության քարտուղար Գեղամ Ստեփանյանը։ Սինքրոն 4, «Ցավալի է, որ հավաքվում ենք ոչ թե Ադրբեջանի ու միջազգային հանրության ոչ հայանպաստ հայտարարաությւոններին արձագանքելու, այլ ՀՀ իշխանությունների հայտարարաություններին պատասխանելու։ Մի քանի տարի առաջ անգամ ամենավատ երազում նման բան չէինք պատկերացնի։ Հայտարարվեց նշաձողի իջեցման մասին, ապա՝ որ Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջան է, հիմա էլ՝ թե Արցախն Ադրբեջանի մեջ է։» Ազգային ժողովն ընդունել է հայտարարություն, որով իր վրդովմունքն է արտահայտում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու Նիկոլ Փաշինյանի հնչեցրած պատրաստակամության կապակցությամբ, շեշտելով, որ այդպիսով ՀՀ օրվա իշխանությունները խախտում են նախ և առաջ ՀՀ բարձրագույն օրենքը։ Հայտարարության տեքստն նիստի ուշադրությանն է ներկայացրել օրակարգային հարցի վերաբերյալ գլխադասային՝ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը։ Սինքրոն 5, «Նիկոլ Փաշինյանը կոպտորեն խախտում է ՀՀ անկախության հռչակագրի ու Սահմանադրության ամրագրումներն Արցախի մասին, առանձնապես՝ ՀՀ գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշման հրամայական հիմնադրույթն առ այն, որ ՀՀ համար պետք է անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն նշված կլինի որպես Ադրբեջանի մաս»։ Արցախի ճշմարտությունը մեկն է․ Արցախի ժողովուրդն արտահայտել է իր կամքը 1991 թվականին, և ՀՀ որևէ իշխանություն չի կարող և չպետք է դեմ գնա այդ կամարտահայտությանը։ ԱՀ ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը մտահոգություն է հայտնում, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություններով ու գործողություններով զրոյացնում է Արցախի անկախության հռչակագիրը։ Սինքրոն 6, «ՄԻ առիթով համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն ասել էր․ Աստված իշխանության մեջ չէ, այլ ճշմարտության: Մեր ճշմարտությունը 1991 թ․ դեկտեմբերի 10-ի համաժողովրդական հանրաքվեն է․ Խորհրդային միության անկումից առաջ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հանրաքվեով ամրագրեց ու իրացրեց անկախ պետություն ունենալու իր իրավունքը։ Ավելի վաղ 1991 թ․ սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի մարզային ու Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նիստում ընդունվել է ԼՂՀ կազմավորման հռչակագիրը, ինչը համապատասխանում էր թե ԽՍՀՄ օրենսդրությանը, թե միջազգային փաստաթղթերի նորմերին՝ ժողովուրդների ինքորոշման մասով»։ Ի՞նչ անվտանգության, իրավունքների ու երկխոսության մասին կարող է խոսք լինել, հռետորական հարց է հնչեցնում Արցախի խորհրդարանի խոսնակը, հղում կատարելով ՀՀ վարչապետի խոսքերին, երբ Ադրբեջանն ապօրինաբար 162 օր Արցախը պահում է տոտալ շրջափակման մեջ, շարունակելով անցյալ դարից սկսած իր էթնիկ զտման ու ցեղասպան քաղաքականության իրագործումը։ Ազգային ժողովի արտահերթ լիագումար նիստը հեռարձակվել է ուղիղ եթերով։

Last modified on Երկուշաբթի, 05 Հունիսի 2023 12:31
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ