Շենքի բակում, որտեղ հիմա ապրում են Նորայր և Երվանդ Հաջիյանների ընտանիքները, նրանց հիշատակին հուշաղբյուր-խաչքար է կառուցվել։ Այսօր հուշաղբյուրի բացման ու օծման արարողությունն էր։ Հավաքվել են Հաջիյան եղբայրների հարազատները, ընկերները, նախկին գործընկերները, պարզապես մարդիկ, ում համար թանկ է նրանց ու նրանց նման շատերի հիշատակը։ Եկել էին լուռ կանգնելու, հիշելու յուրաքանչյուրն իր ներսում ապրող հերոսին, զրուցելու մտքում նրա հետ՝ ասելու այն, ինչ գուցե չեն հասցրել ասել կենդանության օրոք։ Արարողությունն աղոթքով սկսվեց։
Սա սգո արարողություն չէ, ասում է որդեկորույս հայրը՝ Միքայել Հաջիյանը, այլ հավերժության ճանապարհի հանգրվան՝ իմ զավակների ու բոլոր այն տղաների համար, ովքեր ամենաթանկն են նվիրաբերել հայրենիքին։
«Հաջիյանների գերդաստանը ժամանակին Արցախից հեռացել է 220-230 տարի առաջ, գուցե ավելին, բայց դարեր անց ընտանիքով վերադարձել ենք մեր նախնյաց հողը, վերադարձել ենք ոչ ձեռնունայն։ Վերադարձել ենք զենքով, եկել ենք գրչով։ Եկել ենք բազկի ուժով, եկել ենք մտքի ուժով։ Եկել ենք սատար կանգնելու մեր ժողովրդի ազգային ազատագրական պայքարին, եկել ենք կառուցելու Արցախի պետականությունը»։
ՈՒղին ճշմարիտ է, եթե հայրենիք է բերում. Երվանդի խոսքերն է մեջբերում միջոցառման հաղորդավարը: Ընտրելով այդ ճշմարտության ճանապարհը, նա գնաց միանալու անմահներին:
Կորստի ցավը խորն է մեզ՝ ծնողներիս համար ու իմ զավակների ընտանիքների համար, ասում է Միքայել Հաջիյանը, բայց մեզ ուժ է տալիս ու հպարտ ենք, որ մեր որդիները չեն մահացել, հավերժացել են։ Իսկ հավերժությունը մահ չէ, դա վերհառնումն է, հավատացեք ինձ՝ ասում է նահատակված տղաների հայրը։
«Հավատացեք ինձ, ես հպարտ եմ իմ զավակների համար, նրանք կատարել են այն, որի շնորհիվ իրենց հայրը կարող է գլուխը բարձր պահել։ Հպարտ եմ նաև բոլոր նրանց համար, որոնք իրենց կյանքն են նվիրաբերել Արցախի ազատագրությանն ու պաշտպանությանը։ Իմ խոնարհումը բոլոր նահատակների հիշատակին։ Ժողովուրդը չի պարտվել, ասում է, ու մեր հողերը ազատագրվելու են»։
Հուշաղբյուրի կառուցման նախաձեռնությունը Հաջիյան ընտանիքի բարեկամ ու ընկեր Վարդան Սողոմոնյանինն է։ Նորայրի այրին՝ Գայանե Հաջիյանը հուզված է, ու միայն երախտագիտության խոսքեր է ասում։
«Ես ուղղակի շնորհակալ եմ Վարդան Սողոմոնյանին, հիշողության, հարգանքի համար, որ գնահատում են։ Ուրիշ խոսքեր չունեմ, միայն երախտագիտության խոսքեր են»։
Արմինե Պետրոսյան-Հաջիյանը՝ Երվանդի այրին, սա ընդամենը առիթ է համարում, նորից խոսելու տղաների մասին, հավերժացնելու նրանց հիշատակը, նվիրումը։ Երվանդն իմ համար ընդհանրական կերպար է, ասում է, որ պատգամում է մեզ ամուր կանգնելու այս սրբացած հողին, շարունակելու կիսատ թողածը։
«Գնահատելով այն նվիրումը, որ տվել են մեր տղաները, մենք՝ ապրողներս պետք է սրբագրված կյանքով ապրենք, ճիշտ ապրենք, կատարված սխալներից հետևություններ անենք և կառչած մնալով այս հողին շարունակենք նրանց կիսատ թողած գործը»։
Հուշաղբյուրը խաչքարազարդ է, կենտրոնից` բուռ արած ափի մեջ հավաքվում ու թափվում է ջուրը։ Իսկ ջուրը կյանք է, և հուշաղբյուրը խորհրդանշում է մեր հերոսների՝ ապրողների մեջ շարունակվող կյանքը։
Նորայրի ու Երվանդի մասին հուշեր են պատմել նրա ընկերները, գործընկերներն ու մարտական ընկերները, մարդիկ, ովքեր տարիներ շարունակ ապրել են նրանց կողքին, և գուցե չէին պատկերացնում, որ մի որ նրանց մասին խոսելու են անցյալով։
Հուշաղբյուրը բացեցին Նորայրի ու Երվանդի զավակները, բացեցին, որ հորդա կյանքի ջուրը, և աղբյուրից խմողներն ամեն անգամ հագենալով, գլուխները վեր բարձրացնեն, օրհնելու նրանց՝ սրբացածներին, օրհնելու իրենց նվիրումի ու անձնազոհության համար, որ կատարել են մեր ապրելու իրավունքը վաստակելու համար։