Հունիսի 21-ը հետխորհրդային մի շարք երկրներում, այդ թվում` Հայաստանում և Արցախում նշվում է որպես Բուժաշխատողի օր: Օրվա առթիվ ԱՀ նախագահի հրամանագրով համակարգի մի խումբ նվիրյալներ արժանացել են ԱՀ «Վաստակավոր բժիշկ» կոչմանը, պետական նախարարի և առողջապահության նախարարի հրամանագրով պարգևատրվել պատվոգրերով, շնորհակալագրերով ու հուշանվերներով: Պարգևատրման արարողությանը ներկա է գտնվել Վիկտորյա Սարգսյանը:
Այս տարի ևս Արցախի բուժաշխատողները իրենց մասնագիտական օրը նշում են արտակարգ պայմաններում: Շրջափակման մեջ, ավելի մեծ պատասխանատվությամբ իրենց աշխատանքը շարունակում են հարյուրավոր բժիշկներ, բուժքույրեր, շտապօգնության աշխատակիցներ, սանիտարներ: Եվ նրանց բոլորին միավորում է ընդհանուր ցանկությունը՝ օգնել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն:
Բուժաշխատողներն անում են իրենց աշխատանքը ոչ թե որպես անհատ, այլ որպես թիմ` նշել է առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը` շնորհակալություն հայտնելով ներկաներին ու ամբողջ առողջապահական համակարգին:
«Եվ թիմում շատ հաճախ կարող ես տեսնել, թե ինչպես է տասնյակ տարիների ստաժ ունեցողն աշխատում իրենից տարիքով շատ ավելի փոքր գործընկերոջ հետ: Ես ուրախ եմ, որ կարողանում եք ձեր աշխատանքը կազմակերպել այնպես, որ այսօր մենք վստահ ասում ենք, որ ունենք առողջապահական համակարգ: Իրոք դուք հերոսներ եք` հերոսներ ձեր աշխատավայրում և ընտանիքներում»:
Օրվա կապակցությամբ պարգևատրվել են համակարգի տասնյակ աշխատողներ: Հանրապետության նախագահի հրամանագրով երկարամյա բարեխիղճ աշխատանքի և ունեցած վաստակի համար 4 բուժաշատողի շնորհվել է ԱՀ «Վաստակավոր բժիշկ» պատվավոր կոչում: Հանրապետական ԲԿ-ի բժիշտ-թերապևտ, այսուհետ նաև` վաստակավոր բժիշկ Լյուբա Հարությունյանը 53 տարի է նվիրված է իր աշխատանքին: Այս տարիների ընթացքում արդեն մի քանի անգամ մասնագիտական օրը նշել է արտակարգ պայմաններում:
«Այսօր մեր օրն է, բայց, ցավոք սրտի, այն կրկին նշում ենք մեր երկրի համար ծանր ժամանակաշրջանում: Իսկ այս ծանր վիճակից ժողովուրդը տուժում է և՛ ֆիզիկապես, և՛ բարոյապես: Իսկ մեր պարտքն է լինել ավելի ուշադիր, և մեր հայրենակիցներին տալ ոչ միայն մեր մասնագիտական գիտելիքները, այլև մեր հոգու ջերմությունը, ուշադրությունը և հոգատարությունը»:
«Դենտեքս Դենտալ գրուպ» ՍՊԸ գլխավոր բժիշկ Աիդա Հարությունյանին նույնպես շնորհվել է վաստակավոր բժշկի կոչում: Սա ուրախ անակնկալ էր կես դարից ավել համակարգում աշխատած բժշկուհու համար:
«Դեռ հիպոկրատյան ժամանակներից բժշկությունը եղել է հարգված և մեծարված մասնագիտություն: Որովհետև այդ բնագավառում աշխատողները` բժիշկ, բուժքույր, մայրապետ, օր ու գիշեր աշխատելով, մաքառելով ապահովել են մարդկանց կյանքը և առողջությունը: Ինձ համար անակնկալ էր այսպիսի կոչման արժանանալը, և ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր գնահատել են իմ երկարատև աշխատանքը»:
Արցախի ամբողջական շրջափակման պայմաններում առողջապահական համակարգն անում է առավելագույնը` մարդու կյանքն ու առողջությունը որպես բարձրագույն արժեքներ պահպանելու և առաջացած խնդիրները պատվով լուծելու համար` նշել է հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը: Պետնախարարը նույնպես շնորհավորել է համակարգի աշխատողներին ու շնորհակալություն հայտնել նրանց` իրականցրած կարևորագույն աշխատանքի համար:
«Բժշկի մասնագիտությունը սովորական մասնագիտություն չէ: Եթե ոմանց համար բժշկությունն ընդամենը մասնագիտական աշխատանք է, ապա այլ դեպքերում այն աստվածաշնորհ առաքելություն է: Եվ դուք այդ առաքելության կրողներն եք: Դուք այն օղակն եք, առանց որի անհնար է պատկերացնել կյանքն Արցախում, ընդհանրապես: Իհարկե, մենք անընդհատ հանդիպում ենք դժվարությունների, խնդիրների, անցնում ենք ծանր փորձություններով: Բայց դա երբեք չի ընկճում կամ կոտրում ձեզ, որովհետև դուք գործում եք սեփական դերի ու նշանակության գիտակցումով»:
Պետական նախարարը լսել է ներկաների հարցերն ու առաջարկությունները, ներկյացրել նաև վերջին իրադարձությունների հետևանքով առաջացած խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր տարբերակները: