Այսօր տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի հերթական նիստը։ Նիստի օրակարգն ընդգրուն էր, նախատեսված էր հարցուպատասխան՝ կառավարությանը, որին ներկա պիտի լիներ նաև հանրապետության նախագահը։ Բայց նախօրեին հանրապետությունում ստեղծված իրավիճակը որոշակի փոփոխություններ ենթադրեց նիստի աշխատանքներում։ ԱԺ-ի լիագումար նիստի աշխատանքին հետևել է Սրբուհի Վանյանը։
Մինչ նիստի օրակարգին անցնելը, ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդես է եկել ելույթով․ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը ողբերգական ընթացք ստացավ մարտի 5-ին և հունիսի 28-ին, ասել է նա։ Հունիսի 27-ի լույս 28-ի գիշերն Ադրբեջանի զինված ուժերը հրետանու և ԱԹՍ-ների կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի արցախյան դիրքերի և ռազմական օբյեկտների ուղղությամբ: Ադրբեջանական հերթական սադրանքի պատճառով հայկական կողմն ունի 4 զոհ:
Այո, Ադրբեջանը նոր սադրանքների է դիմում, բայց Արցախի ժողովուրդը վճռական է դիմակայելու մարտահրավերներին ու արժանապատվորեն ապրելու սեփական հայրենիքում, ասել է ԱԺ խոսնակը։ Արցախը երբեք չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում և դրա շուրջ ցանկացած քննարկում մեզ համար անընդունելի է:
Դա մեր կարմիր գիծն է, որը ոչ ոք իրավունք չունի խախտելու:
«ԵԱՀԿ Մինսկի համանախագահները և այդ երկրների առաջնորդները պետք է հասկանան, որ մեր երկրի բռնակցումը Ադրբեջանին կբերի Արցախի հայաթափմանն ու ոչնչացմանը: Մենք չենք կարող փոխել աշխարհի կարգը: Փոքրիկ Արցախը իրենից վտանգ չի ներկայացնում, բայց վտանգված է մեր ժողովրդի անվտանգ ու լիարժեք ապրելու իրավունքը»:
Ցավալիորեն այս ամենը տեղի է ունենում միջազգային հանրության լուռ համաձայնությամբ: ԱԺ նախագահն ասում է, որ բարձր են գնահատում ԵԽԽՎ-ի «Լաչինի միջանցքով ազատ անվտանգ մուտքի ապահովումը» խորագրով բանաձևը, ԱՄՆ-ի Կոնգրեսում ԼՂ-ի ժողովրդի իրավունքների ու անվտանգության վերաբերյալ հայտարարությունները, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի «Խոսքից պետք է անցնել գործի» հայտարարությունը, բայց փաստ է նաև այն, որ խոսքերից այն կողմ միջազգային հանրությունը պատշաճ գործողությունների չի գնում։
Քաղաքակիրթ աշխարհն ունի բոլոր լծակները համապատասխան պատժամիջոցներ կիրառելու Ադրբեջանի ռեժիմի դեմ, քանի որ Ադրբեջանը ոչ միայն արհամարհում, այլև` ոտնահարում է ՄԻԵԴ-ի և Արդարադատության միջազգային դատարանի որոշումները:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը նիստի ընթացքում հայտարարություն է ընդունել։
Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման պայմաններում, հրետանային միջոցների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ Արցախի Հանրապետության քաղաքացիների այս հերթական սպանությունը վկայում է, որ այդ հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, անտեսելով միջազգային հեղինակավոր կառույցների կոչերն ու որոշումները, խաղաղության և երկխոսության կեղծ օրակարգերով սքողված, ցեղասպանական գործողություններով ձգտում է ռազմական, քաղաքական, տնտեսական գործիքակազմերի կիրառմամբ հասնել իր հիմնական նպատակին՝ Արցախի վերջնական հայաթափմանը, - ասված է հայտարարությունում։
«Խորապես անհանգստացած առկա վտանգավոր իրողությամբ՝ Արցախի Հանրապետության ժողովրդի անունից դիմում ենք.
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին՝ կարեկցանքի հայտարարություններից, հորդորներից և խորհուրդներից զատ ձեռնարկել կոնկրետ գործնական քայլեր, մասնավորապես, պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ զսպելով նրա ագրեսիվ նկրտումները: Համոզված ենք, որ երկակի ստանդարտներով գործելաոճը ավելի է ոգևորում Ադրբեջանին՝ նրան դարձնելով սանձարձակ և անվերահսկելի։
Ռուսաստանի Դաշնությանը՝ խաղաղապահ առաքելության շրջանակում առավել կոշտ միջոցներով կասեցնել Ադրբեջանի հակամարդկային, ցեղասպան գործողությունները։
Վաշինգտոնյան բանակցություններում Հայաստանի Հանրապետության պատվիրակությանը՝ անհապաղ դադարեցնել մեկնարկած բանակցությունները՝ մինչև Արցախի հետ շփման գծում և ՀՀ սահմաններում լիակատար հրադադարի հաստատումը և այն պահպանելու փաստաթղթային երաշխիքների տրամադրումը, հակառակ պարագայում, բանակցությունների շարունակումը կնշանակի ադրբեջանական կողմի ագրեսիվ պահվածքի խրախուսում և միջազգային մակարդակով արտոնություն»:
Նիստի օրակարգում պարտադիր քննարկման ենթակա 4 հարց կար․ ՄԻՊ-ի` 2022 թվականի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը, ԱՀ նախագահի 2022 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի ընթացքի, արդյունքների ու 2023 թ․ գործունեության միջոցառումների ծրագրի վերաբերյալ հաղորդումը, 2022 թվականի պետբյուջեի կատարողականի մասին հաշվետվությունը, Հաշվեքննիչ պալատի 2022 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը։
Պետբյուջե-2022-ի քննարկմանը և քվեարկությանը ԱԺ-ի «Միասնական հայրենիք» խմբակցությունը չմասնակցեց։
Պետբյուջեի կատարողականի շուրջ մտքերի փոխանակության իրենց իրավունքից, ստեղծված իրավիճակով պայմանավորված, հրաժարվեցին ԱԺԿ, ՀՀԴ, Արդարություն խմբակցությւոնները։ Վերջինս նաև հրաժարվեց քվեարկելուց՝ պետբյուջեի կատարողականի համար։ Չնայած լրջագույն մարտահրավերներին, Կառավարությունը կարողացել է իրականցնել իր առջև դրված խնդիրները և իրականցնել սոցիալական ու մյուս ծրագրերը, ասում է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը։
«Հաշվի առնելով նաև Հաշվեքննիչ պալատի դրական եզրակացությունը, Ազատ հայրենքիք-ՔՄԴ-ն կողմ է քվեարկում Պետբյուջեի 2022 թվականի կատարողական հաշվետվությանը»:
Որոշումը չընդունվեց, հայտարարվեց ընդմիջում։
Արթուր Թովմասյանը ընդմիջումից հետո այդ առնչությամբ հայտարարություն արեց։
«Խմբակցությունը կարող է քվեարկություններին մասնակցելուց հրաժարվել Ազգային ժողովի տվյալ գումարման միայն մեկ նստաշրջան։ Մեր 4 խմբակցությունները չեն մասնակցել քվեարկության , խախտելով ԱԺ կանոնակարգ օրենքի 139 հոդվածը։ Սա ուղղակի անվստահություն է, թեկուզ Բյուջեի կատարողականը, պարտադրված չէ, որ ԱԺ նախագահը անպայման ինքը պետք է քվորումն ապահովի, այսօր ժամը 6-ին կհանդիպեմ հանրապետության նախագահին, ժամը 8-ին խնդրում եմ բոլոր խմբակցության ղեկավարների, մշտական հանձնաժողովների նախագահների հանդիպում, դրանից հետո ես կորոշեմ ԱԺ նախագահի պաշտոնոնում իմ նպատակահարմարության հարցը»:
Գլխադասային հանձնաժողովների կողմից դրական եզրակացություն ստացած մի քանի հարց ևս քննարկվեց։
Պատգամավորական հայտարարությամբ հանդես է եկել պատգամավոր Մարսել Պետրոսյանը։ Պատգամավորի մտահոգությունը` Ադրբեջանի սադրանքն է, որ իրականացրել է անցած գիշեր՝ երբ ամերիկյան կողմի հովանու տակ ընթանում են հայ-ադրբեջանական բանակցություններ՝ խաղաղության օրակարգով։ Կասկածից վեր է, որ այս սանձարձակ գործողությունն ունեցել է նախապատրաստական փուլ, և մենք պատշաճ ուշադրություն չենք դարձրել դրան։ Եւ երաշխավորված չենք, որ առաջիկայում նման սադրանքները չեն կրկնվի, ասում է Մարսել Պետրոսյանը։ Պաշտոնյաները պատշաճ պատասխանատվություն պետք է ստանձնեն, ասում է, հորդորելով առաջ ընթանալու օրակարգ ներկայացնել։