Նոյեմբերի 23, 2024

Լույս է տեսել «Ղարաբաղ. պատմական դեպքերի ժամանակագրություն» ռուսալեզու գիրքը

By Էրիկ Հակոբյան Դեկտեմբերի 24, 2021
Լույս է տեսել «Ղարաբաղ. պատմական դեպքերի ժամանակագրություն» ռուսալեզու գիրքը Artsakhpress

Ընթերցողի սեղանին է երկրահանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԱրՊՀ պատվավոր դոկտոր Գրիգորի Գաբրիելյանցի՝ Արցախի պատմությանը նվիրված «Ղարաբաղ. պատմական դեպքերի ժամանակագրություն» ռուսալեզու գիրքը։ Գրիգորի Գաբրիելյանցը գիրքը պատրաստելիս հիմնվել է պատմական իրադարձությունների և փաստերի վրա, որոնց համար աղբյուր են հանդիսացել անտիկ հեղինակների, հայ և օտար պատմիչների, հեղինակավոր հանրագիտարանների և ժամանակակից գիտնականների աշխատությունները։

«Իմ հետազոտությունների գլխավոր նպատակներից մեկը  տարբեր գրականությունների ուսումնասիրումն էր, տարբեր հեղինակների ներկայացրած փաստերի արձանագրումը։ Ես այս գրքում ոչ թե    իմ սեփական կարծիքն եմ արտահայտել, այլ  պարզապես փնտրել եմ փաստեր, որոնք կապված են անմիջապես Ղարաբաղի հետ»։

Նման գրքերի տպագրումը, հատկապես ստեղծված իրավիճակում, ավելի է արժևորվում, նկատում է ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը։ Գրքին ծանոթացել է՝ ասում է։ Նրա  խոսքով՝ Գրիգորի Գաբրիելյանցի այս աշխատությունը կարող է մեծ ավանդ լինել Ղարաբաղյան հարցի կարգավորման գործում։

«Գրիգորի Գաբրիելյանցը ոչ միայն երկրաբան է, աշխարհագրագետ ու հասարակական նշանավոր գործիչ, նա յուրաքանչյուր բնագավառից ունի խորը գիտելիքներ: Եվ պատահական չէ, որ իր աշխատության հենց առաջին էջում նա նշել է, որ պատմաբանությունն ու երկրաբանությունն իրար շատ մոտ մասնագիտություններ են, քանի որ երկուսն էլ փորփրում և ուսումնասիրում են անցյալը՝ դրա  հիման վրա նոր եզրակացություններ կատարում»։

Գիրքը երկար ժամանակ խմբագրվում էր․ ներկայացված  փաստերը խմբագրությունում   ուսումնասիրվել են  տարբեր մասնագետների կողմից։ Գրիգորի Գաբրիելյանցը հիշում է, որ մինչ գրքի տպագրումը քննարկումներ են եղել տարբեր պատմաբանների հետ, լսել է նրանց դիտարկումները։ Անկեղծանում է՝ հաճախ չի համաձայնվել նրանց հետ։

«3 ամիս գիրքը գտնվում էր խմբագրությունում, ճշտվում, ոսումնասիրվում էին ներկայացված փաստերը։ Ամեն անգամ ուղիղ միացմամբ քննարկում էինք այդ հարցերը։ Կային փաստեր, որոնք խորհրդատուների կարծիքով   պետք չէ տեղ գտնեին գրքում։ Ես չէի կարող անմասն մնալ, չէ՞ որ դա իմ գիրքն է։ Ես նույնպես արտահայտում էի կարծիքս, հաճախ՝ չհամաձայնվելով վերջիններիս հետ »։

ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց նաև այն փաստին, որ գիրքը կապող թել է անցյալի ու ներկայի միջև։ «Ղարաբաղ. պատմական դեպքերի ժամանակագրություն» ռուսալեզու գիրքը նաև լավագույնս է արտացոլում եվրոպականն ու ազգայինը։ Մանրամասնում է․

«Գրիգորի Գաբրիելյանցի այս  աշխատությունը սկզբունքների  առումով անցում է ազգայինից դեպի եվրոպական, եվրոպականից ՝ ազգային»։

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել ԱրՊՀ գիտության և միջազգային հարաբերությունների գծով պրոռեկտոր, պ.գ.դ., պրոֆեսոր Վալերի Ավանեսյանը, Վահրամ Բալայանը, պատմաբան Լեռնիկ Հովհաննիսյանը, բ.գ.դ., պրոֆեսոր, գրող Սոկրատ Խանյանը։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ