«Արցախասեր»-ն ամբողջությամբ նվիրված է Արցախին ու արցախցուն։ Գրքում զետեղված են Զարինե Սառաջյանի բանաստեղծություններն ու էսսեները։ Հեղինակը գրքի իր առաջին տողերը սկսում է միջազգային հանրությանն ուղղված բաց նամակով, որի հեղինակն Արցախն է։ Սառաջյանի ստեղծագործություններում գերակշռում են հայրենիքը, մայրը և արևը: Գրող, բ.գ.դ Սոկրատ Խանյանը Սառաջյանին համեմատել է Վիլյամ Սարոյանի հետ: Ասում է՝ ինչպես Սարոյանը արև նկարեց Ջերմուկի ժայռին, այնպես էլ Զարինեն իր բանաստեղծություններով արև նկարեց իր ընթերցողի դեմքին:
«Զարինեի բանաստեղծություններում առկա արևը խոսում է այն մասին, որ պատմության մութ էջերում էլ նա արև է ցանկանում գալիք սերունդներին»:
Պատերազմից հետո Սառաջյանի հավատարիմ ընկերները գրիչն ու տողերն են եղել, որոնց հետ կիսել է սպասումի վերածված կարոտը՝ նկատում է ԱրՊՀ Գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ Նոնա Դավթյանը:
«Տողերում խտացված կարոտը, հույզերը անցնում են էջից էջ, դառնում սպասում, դառնում ապրում: Մեջբերում եմ «Ես Արցախն եմ, պատմության քառուղիներ հատած և 21-րդ դար հասած Արցախը: Զարինեի մոտ բառը պատկեր է դառնում, պատկերավորման միջոցներից հանդիպում ենք մակդիրների, անձնավորման, թվարկել կարելի է երկար»:
Գրասենյակում գրող չեն դառնում, և եթե ուզում ես տողերդ խոսեն ընթերցողի հետ, պետք է դրանք ծնվեն փողոցում, աշխատանքի շտապելիս կամ ճաշ պատրաստելիս: Սառաջյանը ընթերցողի հետ լեզու գտնող գրողներից է՝ վստահ է բանաստեղծ Արիս Արսենին: Գրող Հերմինե Ավագյանն էլ ասում է՝ ամեն ծնունդ՝ լինի մարդ, թե գիրք, իր հետ ուրախություն է բերում, և այդ ուրախությունը մի նոր հավատ է ընտանիքում, գրադարանում:
«Եթե գիրքը նպատակ ունի դառնալ ընթերցողի զրուցակիցը, ապա այն իր ծնունդով կբերի գեղեցիկը»:
Հեղինակն ասում է, որ վերնագիրը պաթոսով ընտրած բառ չէ. ինչու հենց Արցախասեր՝ պարզաբանում է հեղինակը:
«Արցախասերը գաղափարախոսություն և հրամայական պետք է լինի հումանիստների համար: Արցախի հանդեպ սերը մենք արտահայտում ենք այստեղ ապրելով ու արարելով»:
Մեր օրերում ուրախանալու առիթներ քիչ կան՝ ասում է հեղինակը ու հույս պահում, որ գոնե իր գրքի տողերն ընթերցելիս մարդիկ լավատեսությամբ կվարակվեն: