Դեռևս խորհրդային տարիներից Ստեփանակերտում գործող ավտոդպրոցը հնարավորություն էր տալիս ամիսների ընթացքում անցնել համապատասխան դասընթացներ, տեսական և գործնական պարապմունքների միջոցով հեշտությամբ հանձնել համապատասխան քննություններն ու ստանալ վարորդական իրավունք։ Վերջին տարիներին, սակայն, այն դադարել է գործել։ Մարդիկ վարորդական իրավունքի համար համապատասխան թեստերը հիմնականում փնտրում են համացանցի որոնողական համակարգերում։ Սակայն ոչ միշտ է հաջողվում հեշտությամբ ձեռք բերել դրանք։ Թեստերը հասանելի դարձնելու և գործնականում մեքենա վարելու հմտություններն ավելի մատչելի դարձնելու համար Աբրահամյան եղբայրները որոշել են Ստեփանակերտում բացել համապատասխան դպրոցը։ Հետպատերազմյա իրավիճակը ստիպեց մտածել ավտոդպրոց ստեղծելու մասին, «Արցախ» լրատվականի հետ զրույցում ասաց եղբայրներից կրտսերը՝ Էդուարդը։
«Սկզբից տեսական փուլն է: Տեսականի բարեհաջող ուսումնասիրությունից հետո հնարավորություն է տրվում անցնել վարման գործընթացին։ Պահանջարկը կա»։
Մեկ ամիս է, ինչ գործում է դպրոցը և արդեն ունի տասնյակ շրջանավարտներ։ Էդուարդն ասում է, գոհ են ընթացքից, դիմում են տարբեր տարիքի ու սեռի մարդիկ, բայց ավելի շատ աղջիկներ։
«Արդեն ունենք 25 շրջանավարտ, որոնք հաջող հանձնել են քննություններն ու ստացել վարորդական իրավունք։ Չնայած քննություններին կարելի է մասնակցել 17 տարեկանից, սակայն կան ծնողներ, որոնք իրենց 14,15,16 տարեկան երեխաներին բերում են դպրոց նախապատրաստելու մեքենա վարելուն»։
Նարինե Մուսայելյանը մեկն է այն դիմորդներից, ով արդեն յուրացրել է տեսական գիտելիքները և պատրաստվում է պրակտիկ գիտելիքների ուսումնասիրմանը։ Դասընթացներից գոհ է, ասում է՝ լավ մասնագետենրի օգնությամբ հեշտ է սովորելը։ Մեքենա վարելու անհրաժեշտության մասին մտածել է դեռևս 2020-ի պատերազմի ժամանակ: Ավտոդպրոցի մասին ֆեյբուքում հանդիպած հայտարարությունը հարմար առիթ էր մտադրության իրագործաման համար:
«Պատերազմը ցույց տվեց, որ ցանկացած կին պետք է կարողանա մեքենա վարել։ Եվ քանի որ մենք գտնվում ենք պատերազմի վտանգի գոտում, որոշել եմ ինքս էլ սովորել ու վարել մեքենա»։
Վարորդական իրավունքի ուսումանսիրման «ՎԻՈՒ» ավտոդպրոցը գտնվում է Ադմիրալ Իսակովի պողոտայում: Դասընթացները վճարովի են։